«ԱՐՄ ՄԱՆԻ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցվելու և լիցենզավորվելու համար ներկայացված դիմումը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 67 Ա
 27.05.2019

«ԱՐՄ ՄԱՆԻ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցվելու և լիցենզավորվելու համար ներկայացված դիմումը մերժելու մասին

Նկարագրական մաս.

«ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ նաև՝ Ընկերություն) 28.03.2019թ.-ին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ նաև` Կենտրոնական բանկ) որպես վարկային կազմակերպություն գրանցվելու և լիցենզավորվելու համար:

Ընկերությունը հայտին կից, ինչպես նաև 01.04.2019թ. և 25.04.2019թ. միջնորդագրերով Կենտրոնական բանկ է ներկայացրել «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ով (այսուհետ նաև՝ Կանոնակարգ 13) սահմանված վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար Կենտրոնական բանկ ներկայացման ենթակա փաստաթղթերը:

Կենտրոնական բանկի համապատասխան վարչությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ներկայացված փաստաթղթերում առկա են եղել թերություններ և պարզաբանման ենթակա հարցեր։ Դրանից ելնելով՝ Կենտրոնական բանկի նախագահի 26.04.2019թ. թիվ 1/250Ա  որոշմամբ կասեցվել է Ընկերության կողմից ներկայացված դիմումի քննության մեկամսյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը 10.04.2019թ-ին գրություն է ուղարկել Ընկերությանը, որում մատնանշվել են պարզաբանման ենթակա հարցերը, մասնավորապես պետք է ներկայացվեր՝

  • Հայաստանի Հանրապետությունում վարկային կազմակերպություն հիմնադրելու վերաբերյալ հիմնավորումները և շարժառիթների վերաբերյալ տեղեկություններ,
  • «ԱՐՄ ՄԱՆԻ» ՍՊԸ-ի հիմնադիրների կողմից կանոնադրական կապիտալի համալրման աղբյուրների՝ եկամուտների հիմնավորումը հաստատող փաստաթղթերը (այդ թվում՝ որպես եկամտի աղբյուր նշված առուվաճառքի պայմանագրերը, դրանց հետ կապված բանկային փոխանցումները հավաստող փաստաթղթերը, հաշվապահական և հարկային այլ փաստաթղթեր),
  • ՌԴ-ի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք,
  • Հիմնադիրների սնանկ չլինելու վերաբերյալ տեղեկանք:

Ի պատասխան ՀՀ կենտրոնական բանկի գրության` Ընկերության կողմից ներկայացվել են հարցման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ առքուվաճառքի պայմանագրեր և այլ փաստաթղթեր։ Սակայն, հարկ է նշել, որ Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն և նրանցում կրկին առկա են թերություններ։

Պատճառաբանական մաս.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում վերը նշված դիմումներով ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ներքոնշյալ թերությունները և բացթողումները.

1. Համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8․1 հոդվածի Վարկային կազմակերպությունը պարտավոր է ունենալ խորհուրդ։ Ընկերությունը, թեև նախատեսել է խորհրդի առկայություն իր կանոնադրությամբ, սակայն, խորհրդի որևէ անդամի թեկնածություն չի ներկայացրել ՀՀ ԿԲ գրանցման։

2. Կանոնադրության 7.4-րդ կետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածին: Մասնավորապես Ընկերությունը նախատեսել է, որ հերթական ընդհանուր ժողովը գումարվելու է ֆինանսական տարվա ավարտից հետո վեց ամսվա ընթացքում, մինչդեռ հերթական ընդհանուր ժողովը պետք է գումարվի ֆինանսական տարվա ավարտից հետո ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց:

3. Ընկերությունը չի ներկայացրել վարձակալվող տարածքի նկատմամբ վարձատուների կողմից պետական մարմնում գրանցված սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը։

4. Չեն ներկայացվել հաշվապահական և/կամ հարկային փաստաթղթեր, բանկային փոխանցումներ կամ այլ փաստաթղթեր, որոնք կարտացոլեին և կհիմնավորեին մասնակիցների առկա եկամուտների աղբյուրները։

5. Ընկերության ներկայացված գործունեության կանոնակարգում ևս առկա են թերություններ և բացթողումներ, մասնավորապես՝ 

  • Գործունեության կանոնակարգի 5-րդ գլուխը, չի համապատասխանում Կանոնակարգ 13-ի 5-րդ հավելվածին:
  • Հստակեցված չէ կանոնակարգ-տնտեսական ցուցանիշներում նշված «Պարտավորություններ այլ փոխատուների նկատմամբ» տողը:
  • Հստակեցված չէ կանոնակարգ-տնտեսական ցուցանիշներում նշված «Հաճախորդներից ստացված միջոցների դիմաց վճարված տոկոսներ» տողը:
  • Հստակեցված չէ վարկային պորտֆելում յուրաքանչյուր պրոդուկտի մասնաբաժինը:
  • Գործունեության կանոնակարգում սահմանված չեն հաճախորդներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջակայքեր:

6. ՀՀ կենտրոնական բանկի 27.05.2019թ. խորհրդի որոշումների համաձայն մերժվել են «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում Ալեքսեյ Կոստյուկովի և Ալեքսանդր Երշովի կողմից 10 և ավելի տոկոս նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնության ստանալու համար ներկայացված դիմումները:

Եզրափակիչ մաս

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի բ) և գ) կետերը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի  28-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մայիսի 23-ի թիվ 21 արձանագրություն), ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի՝ 27.05.2019թ. թիվ 23 ԾՕՀ Ա և 24 ԾՕՀ Ա որոշումները և քննարկելով «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ 28.03.2019թ., 25.04.2019թ. և 02.05.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է .

1. Մերժել «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից որպես վարկային կազմակերպություն գրանցվելու և լիցենզավորվելու համար ներկայացված դիմումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. մայիսի 27, ք. Երևան