«ԿՐԻՍՏԱԼ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 66 Ա
 10.05.2019

«ԿՐԻՍՏԱԼ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Նկարագրական մաս

«ԿՐԻՍՏԱԼ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 15.04.2019թ. դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` ՀՀ, ք. Երևան, Աբովյան 35շ, 4 տարածք հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու համար:

«ԿՐԻՍՏԱԼ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Մասնավորապես՝  

Գրավատան տարածքի անվտանգությունն ապահովելու համար Ընկերությունը պայմանագիր է կնքել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության հետ:

  • Պայամանագրի համաձայն տարածքի պահպանությունն իրականացվում է ահազանգման ոտնակի միջոցով, ժամը 10:00-19:00-ն, հանգստյան օր՝ կիրակի:
  • Գրավատան կողմից հաստատված վարկավորման ընդհանուր պայմանների 8.2 կետով աշխատանքային ռեժիմի համաձայն գրավատունն աշխատում է ամեն օր, ժամը 10:00-19:00-ն:

Համաձայն  «Գրավատների և գրավատնային  գործունեության մասին»  ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի ե) ենթակետի գրավատունը ապահովում է գրավատան տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տարածքի պահպանությունն իրականացվում է մասնակի (ոչ շուրջօրյա):

Պատճառաբանական մաս

Համաձայն «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի ե) ենթակետի գրավատունը ապահովում է գրավատան տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով:

Համաձայն «Հայաuտանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման» կարգի 2-րդ կետի 6)-րդ ենթակետի Գրավատունը Կենտրոնական բանկ է ներկայացնում տարածքի (առկայության դեպքում նաև մեծածավալ իրերի պահպանման տարածքի) պաշտպանությունը պահպանիչ (անվտանգության) ահազանգման համակարգով ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը:

Վերը նշված պայմանագիրը կնքված է թերություններով, ինչը հանգեցնում է «Գրավատների և գրավատնային  գործունեության մասին»  ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով սահմանված մերժման հիմքին, այն է՝ «հայտը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ»:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, Կարգի 4-րդ և 6-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մայիսի 8-ի թիվ 19 արձանագրություն) և քննարկելով «ԿՐԻՍՏԱԼ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը`

Ո ր ո շ ու մ  է.

  1. Մերժել «ԿՐԻՍՏԱԼ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` ՀՀ, ք. Երևան, Աբովյան 35շ, 4 տարածք հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը:
  2. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան

2019 թ. մայիսի 10, ք. Երևան