«ԱՅԹԻԷՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 40 Ա
 29.03.2019

«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժելու մասին

Նկարագրական մաս.

«ԱյԹիԷֆ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև՝ Ընկերություն) 26.02.2019թ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) է ներկայացրել էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագիր` կից փաստաթղթերով:

Պատճառաբանական մաս.

Համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 13.04.2010թ. թիվ 74-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16/1-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 16/1) 4-րդ կետի 1-ին ենթակետի՝ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու համար դիմողը պետք է ունենա Կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրամադրված դրա­­­մա­­կան (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա, ինչն Ընկերությունը չի ստացել Կենտրոնական բանկի կողմից:

Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի 10.02.2019թ. որոշման երկրորդ կետի համաձայն՝ հանձնարարվել է Ընկերության տնօրենին նախապատրաստել Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթեր՝ վճարահաշվարկային կազմակերպության դրամային փոխանցումների լիցենզիա, էլեկտրոնային փողերի թողարկման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմում ներկայացնելու նպատակով: Սակայն Ընկերությունը դիմել է միայն էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու համար:

Միաժամանակ, Ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված փաթեթը չի բավարարում Կանոնակարգ 16/1-ով սահմանված պահանջներին և պարունակում է բազմաթիվ անճշտություններ ու ոլորտը կարգավորող պահանջներին հակասող դրույթներ:

Մասնավորապես, Ընկերության «Ծրագրային ապահովման նկարագրություն» փաստաթղթում (այսուհետ՝ Ծրագիր) ներկայացված տեղեկատվության համաձայն՝ «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ-ն ցանկանում է «Բիբտոն» անվանմամբ էլեկտրոնային փող թողարկել: Ծրագրում նշված է, որ «Բիբտոն»-ը առցանց հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին կատարել վճարումներ, փոխանցումներ և տարադրամի փոխանակում, ինչը ՀՀ գործող օրենսդրությամբ չի թույլատրվում: Ծրագրում նշված է, նաև որ End user օգտատիրոջը կտրամադրվի ընթացիկ հաշիվ, որը կլինի բազմարժութային, ինչպես նաև կտրամադրվի Visa կամ Mastercard: Միևնույն ժամանակ, «Բազմարժութային հաշվի» համար սահմանված է Բիբտոն համակարգում «տասնյակավոր դրամական արժույթներ ավելացնելու և բազմարժութային գործարքներ կատարելու կարողություն», իսկ «Վճարումներ և գումարային փոխանցման գործողություններ»-ի համար սահմանված է «բազմարժութային հաշիվ ունենալու կարողություն», ինչը ՀՀ գործող օրենսդրությամբ չի թույլատրվում:

Եզրափակիչ մաս.

Հիմք ընդունելով Կանոնակարգ 16/1-ի 3-րդ գլուխի 4-րդ կետի 1)-ին ենթակետը և 11-րդ կետի 2)-րդ ենթակետը, հաշվի առնելով վերոգրյալ փաստերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մարտի 27-ի թիվ 13 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով՝  Կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

  1. Մերժել «ԱյԹիԷֆ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱյԹիԷֆ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԱյԹիԷֆ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը:
  3. Սույն որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                         Արթուր Ջավադյան

2019 թ. մարտի 29, ք. Երևան