«Քարենսի էյեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 6 Ա
23.01.2019
«Քարենսի էյեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին
Նկարագրական մաս.
«ՔԱՐԵՆՍԻ ԷՅԵՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) 16.10.2018թ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ նաև` Կենտրոնական բանկ) է ներկայացրել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտ: Ընկերությունը հայտին կից Կենտրոնական բանկ է ներկայացրել Կենտրոնական բանկի խորհրդի 04.05.2007թ. թիվ 135 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 12-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 12) 3-րդ կետով սահմանված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացման ենթակա փաստաթղթերը:
Կանոնակարգ 12-ի 9-րդ կետի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից 30-օրյա ժամկետում պետք է կայացվեր լիցենզիայի տրամադրման կամ մերժման որոշում, սակայն ներկայացված փաստաթղթերում առկա են եղել թերություններ և պարզաբանման ենթակա հարցեր, ուստի Կենտրոնական բանկը 08.11.2018թ-ին գրություն է ուղարկել «ՔԱՐԵՆՍԻ ԷՅԵՄ» ՍՊԸ-ին, որում մատնանշվել են Ընկերության կողմից թերի ներկայացված փաստաթղթերը և պարզաբանման ենթակա հարցերը, որի հիմքով էլ Կենտրոնական բանկի խորհրդի 09.11.2018թ-ի թիվ 90 ԾՕՀ Ա որոշմամբ կասեցվել է «ՔԱՐԵՆՍԻ ԷՅԵՄ» ՍՊԸ-ի արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով։
Ի պատասխան Կենտրոնական բանկի 08.11.2018թ.-ի գրության՝ Ընկերությունը 03.12.2018թ.-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել լիցենզավորման լրամշակված հայտ, որին կից ի լրումն նախկինում ներկայացված փաստաթղթերի ներկայացրել է նոր փաստաթղթեր:
Պատճառաբանական մաս.
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ թերություններ չեն շտկվել, ինչպես նաև ներկայացվել են հակասական և պարզաբանման ենթակա տեղեկություններ, մասնավորապես՝
- Ըստ ներկայացված փաստաթղթերի Ընկերությունը համագործակցելու է միայն մեկ բանկի հետ, սակայն Ընկերության գործունեության կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 8.1.2 կետով նշվում են գործընկեր բանկի և մյուս բանկերի վերաբերյալ տեղեկություններ:
- Կանոնակարգի 8.3.5 կետով սահմանվում է, որ Ընկերության կողմից գործարքի ընթացքի վերաբերյալ հաճախորդին ներկայացվող տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն նույն կանոնակարգով սահմանվում է 48 ժամվա ընթացքում գործարքի իրականացման պարտավորվածություն։ Անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել նշված դրույթի կիրառումը, մասնավորապես, եթե Ընկերությունը գործարքը պարտավոր է կատարել 48 ժամվա ընթացքում, և հաճախորդը ցանկանում է մինչ գործարքի ավարտը ստանալ տեղեկատվություն իր գործարքի մասին, ապա անհասկանալի և սպառողների շահերի տեսանկյունից խնդրահարույց է այն դրույթը, համաձայն որի Ընկերությունն իրավունք ունի այդ տեղեկությունները տրամադրել 3 աշխատանքային օրվա ընթացքում։
- 4.2 կետում պահպանվել են արտարժույթի առուվաճառքի սակարկությունների մասին դրույթներ, որի վերաբերյալ Կենտրոնական բանկի 08.11.2018թ-ի գրությամբ պահանջվել էր պարզաբանում, ինչը, սակայն, չի ներկայացվել: Պետք է նշել, որ արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման համար անհրաժեշտ է ստանալ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» Կանոնակարգ 11-ի պահանջների համաձայն։ Ներկայացված փաստաթղթերում օգտագործվող «արտարժույթի առուվաճառքի սակարկություններ» եզրույթը հիմք է տալիս ենթադրել, որ «ՔԱՐԵՆՍԻ ԷՅԵՄ» ՍՊԸ-ն արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիայով պատրաստվում է իրականացնել նաև արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպում, ինչը հակասում է օրենքներին և այլ իրավական ակտերին։
- «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված մտադրությունների վերաբերյալ համաձայնագրի 2.1.2 կետը սահմանում է՝ «Արտարժույթի հարթակում միասին իրականացնել արտարժույթի փոխանակման ծառայություններ ՔԱՐԵՆՍԻ ԷՅԵՄ (www.currencii.am) կայքի միջոցով ստացված հայտերի համաձայն, հատուկ դրա համար նախատեսված հաշվեհամարից։»։ Նշվածից անհասկանալի է Ընկերության և բանկի միջև հարաբերությունները, քանի որ նշվում է «միասին» բառը, ուստի կարելի է ենթադրել, որ բանկը նույնպես իր ներդրումն ունի Ընկերության գործունեության մեջ:
Վերը նշված փաստերի կարգավորումները սահմանվում են ստորև ներկայացված իրավական նորմերով, որոնք հիմք են հանդիսացել սույն որոշման կայացման համար:
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 71 հոդվածի 4-րդ մասի համաձայն.
«Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձանց գործունեության կանոնները, կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:»:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ի 10-րդ կետի 1-ի ենթակետի համաձայն.
«Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ներկայացված հայտը, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին:»:
Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ի 11-րդ կետի համաձայն.
«Սույն կանոնակարգի համաձայն ներկայացված տեղեկություններում կամ փաստաթղթերում վրիպումների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և (կամ) նման այլ բացթողումների առկայության դեպքում Կենտրոնական բանկը դրանց մասին տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, դիմումի մերժման հիմք կարող է հանդիսանալ փաստաթղթերի կամ տեղեկությունների կրկին սխալ ներկայացումը:»:
Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունվարի 16-ի թիվ 2 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «իթ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերսկսել «ՔԱՐԵՆՍԻ ԷՅԵՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտի քննության 30-օրյա ժամկետը։
- Մերժել «ՔԱՐԵՆՍԻ ԷՅԵՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՔԱՐԵՆՍԻ ԷՅԵՄ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՔԱՐԵՆՍԻ ԷՅԵՄ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը:
- Սույն որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հունվարի 23, ք. Երևան