«ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 279 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 221 Ա
 29.12.2020

«ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 279 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 55 արձանագրություն), ինչպես նաև քննարկելով «ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 14.12.2020թ. և 17.12.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է .

1. Ուժը կորցրած ճանաչել «ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի փողոց 12 շենք, 60 շինություն և ՀՀ, ք. Երևան, Արցախի փողոց 57(մեծածավալ) հասցեներում գործող գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 279 լիցենզիան (տրված՝ 18.12.2013թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

2. Սահմանել, որ`

  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,
  • «ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` «ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան