«ԳՆԹՈՒՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 109 Ա
03.07.2020
«ԳՆԹՈՒՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին
Նկարագրական մաս
«ԳՆԹՈՒՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) 15.06.2020 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմում: Ընկերությունը հայտին կից Կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007 թ. թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ով (այսուհետ՝ ԿԲ կանոնակարգ 10) սահմանված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերը:
Կենտրոնական բանկ ներկայացված փաթեթի ուսումնասիրությունից պարզվել է, որ «ԳՆԹՈՒՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 25.10.2011 թ. տրամադրվել էր արտարժույթի առուվաճառքի թիվ 792 լիցենզիա: Սակայն, ՀՀ ԿԲ խորհրդի 07.09.2017 թ. թիվ 198 Ա որոշման համաձայն՝ Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի հիմքով լիցենզիան ուժը կորցրած էր ճանաչվել (փոխանակման կետի կողմից մեկ տարվա ընթացքում գործունեություն չիրականացնելու համար):
Միաժամանակ, ներկայացված փաթեթում բացակայում են ԿԲ Կանոնակարգ 10-ով սահմանված մի շարք փաստաթղթեր, մասնավորապես.
- ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության հետ կնքված պայմանագիր կամ պայմանագիր` կնքված զինված անվտանգության ծառայության հետ կամ ապահովագրության պայմանագիր,
- շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությանը միացված լինելու փաստը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Պատճառաբանական մաս
Սույն որոշման նկարագրական մասում նշված փաստերի ամփոփման արդյունքում Կենտրոնական բանկը հանգում է հետևյալ եզրակացությանը.
Համաձայն Կանոնակարգ 10-ի 10-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու դիմումը, եթե՝ լիցենզավորվող անձը օրենքի ուժով իրավունք չունի զբաղվել արտարժույթի առուվաճառքով:
Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն փաստերը, որ
- «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ-ին տրամադրված լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել ԿԲ Կանոնակարգ 10-ի պահանջը խախտելու համար,
- համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի՝ լիցենզիայի պայմանները կամ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում անձը իրավունք չունի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից երեք տարի ժամկետով որևէ կերպ իրականացնելու արտարժույթի առուվաճառքի գործունեություն
«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ-ն իրավունք չունի իրականացնելու արտարժույթի առուվաճառքի գործունեություն մինչև 07.09.2020 թ.:
Եզրափակիչ մաս
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասը, ԿԲ կանոնակարգ 10-ի 10-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020թ. հուլիսի 1-ի թիվ 29 արձանագրություն) և քննարկելով «ԳՆԹՈՒՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.06.2020թ. դիմումը և կից փաստաթղթերը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Մերժել «ԳՆԹՈՒՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. հուլիսի 3, ք. Երևան