«ՍՏՈԼԻՑԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 284 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 102 Ա
 19.06.2020

«ՍՏՈԼԻՑԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 284 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հունիսի 17-ի թիվ 27 արձանագրություն), ինչպես նաև քննարկելով «ՍՏՈԼԻՑԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 10.06.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է․

1. Ուժը կորցրած ճանաչել «ՍՏՈԼԻՑԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ա. Հեքիմյան փողոց, թիվ 24 գրասենյակ և ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ա. Հեքիմյան փողոց, թիվ 24 առևտրի կենտրոն հասցեներում գործող գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 284 լիցենզիան (տրված՝ 19.05.2014 թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

2. Սահմանել, որ`

  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,
  • «ՍՏՈԼԻՑԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված` գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը` «ՍՏՈԼԻՑԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. հունիսի 19, ք. Երևան