«ՄԱՐԼԻԱ» փակ բաժնետիրական ընկերության գրավատան թիվ ԳԳ-Ե 198 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 40 Ա
 13.04.2021

«ՄԱՐԼԻԱ» փակ բաժնետիրական ընկերության գրավատան թիվ ԳԳ-Ե 198 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին

Նկարագրական մաս

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2021 թվականի հունվարի 26-ից 27‑ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել և 03.03.2021 թվականի թիվ 144/1 արձանագրությամբ արձանագրվել են «ՄԱՐԼԻԱ» ՓԲ ընկերություն գրավատան (այսուհետ՝ Գրավատուն) կողմից թույլ տրված հետևյալ խախտումները.

  1. Գրավատան մի շարք գրավատոմսերում բացակայում են Գրավատան ներկայացուցչի ստորագրությունները (օրինակ՝ 13.07.2020 թվականի թիվ 4861, 10.03.2020 թվականի թիվ 4765, 12.03.2020 թվականի 4771, վարկային պայմանագրերի գրավատոմսեր):
    Նկարագրված փաստերը հանգեցնում են «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների խախտմանը:
  2. Գրավատան կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված երրորդ եռամսյակի Ձև թիվ 2 հաշվետվության երկրորդ էջի հինգերորդ՝ «տրամադրված վարկերի առավելագույն ժամկետ» տողի, «հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ» սյունակում արտացոլվել է 180, մինչդեռ Գրավատան կողմից հաշվետու ժամանակահատվածում 180 օր ժամկետով տրամադրված կամ երկարաձգված վարկային պայմանագիր չի հայտնաբերվել։
    Նկարագրված փաստերը հանգեցնում են «Գրավատների և Գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 2-րդ մասով սահմանված, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգ»-ի 8-րդ կետով հաստատված պահանջների խախտմանը:

Պատճառաբանական մաս.

Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 04.03.2021 թվականի թիվ 13-22/000384-21 ծանուցմամբ Գրավատանն ուղարկվել է արձանագրված խախտումների վերաբերյալ 03.03.2021 թվականի թիվ 144/1 արձանագրությունը և 31.03․21 թվականի թիվ 13-22/000608-21 ծանուցմամբ Գրավատունը տեղեկացվել է, որ 02.04.2021 թվականին Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին քննարկվելու է Գրավատան կողմից թույլ տրված խախտումների հարցը, որին վերջինս կարող է մասնակցել, և առաջարկվել է ներկայացնել առարկություններ և/կամ բացատրություններ:

Գրավատունը 09.03.2021 թվականին ստացել է վերը նշված արձանագրությունը և 24.03.21 թվականի թիվ 21 գրությամբ հայտնել է, որ խախտումները վերացված են:

Կենտրոնական բանկի կողմից Գրավատան թիվ ԳԳ-Ե 198 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար հիմք են ընդունվել ստորև նշված իրավանորմերը.

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի (Այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, որի համաձայն՝

«1.  Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝
գ) եթե գրավատունը սույն օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.»,

Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» և «ժբ» կետերը և 3-րդ մասը, որոնց համաձայն՝

«2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե գրավատունը`
ժա) խախտել է սույն օրենքի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված պայմանները` յուրաքանչյուր դեպքի համար 25 000 դրամի չափով.
ժբ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված հաշվետվություններում ներկայացված տվյալներում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ)` 30 000 դրամի չափով»:

Հաշվի առնելով, որ Գրավատան կողմից  վերջին 2 տարվա ընթացքում Օրենքով սահմանված պահանջները խախտելու համար կիրառվել է տուգանք 2 անգամ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 20.05.2019 թվականի թիվ 1/305 Ա որոշմամբ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները խախտելու համար գրավատան նկատմամբ կիրառվել է տուգանք 250.000 ՀՀ դրամ գումարի չափով, որից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 09.12.2019 թվականի թիվ 1/930 Ա որոշմամբ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները խախտելու համար գրավատան նկատմամբ առաջին անգամ կիրառվել է տուգանք 30.000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 05.05.2020 թվականի թիվ 1/236 Ա որոշմամբ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները խախտելու համար գրավատան նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել է տուգանք՝ 1.100.000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով և սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումներով տուգանքի կիրառումը կհանդիսանար 3-րդ դեպքը, ուստի նշվածը հանգեցնում է լիցենզիայի գործողության դադարեցման:

Հիմք ընդունելով վերը նշվածը, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (02.04.2021 թվականի  14 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժզ» կետերով և 397-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է .

  1. Սույն որոշման նկարագրական մասի 1-ին և 2-րդ կետերով նկարագրված խախտումները թույլ տալու համար դադարեցնել Գրավատան թիվ ԳԳ-Ե 198 լիցենզիայի գործողությունը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրավատուն մուտքագրվելու կամ Գրավատան սահմանած կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
  3. Սույն որոշումն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2021 թ. ապրիլի 16, ք. Երևան