Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2022թ. երկրորդ եռամսյակ​)​​​

 

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 117-Ն
12.07.2022

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
 (2022 թվականի երկրորդ եռամսյակ)

Հրապարակման ամսաթիվ՝ 15.07.2022

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Որոշում է.

  1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Մարտին Գալստյան                                                                          

2022թ. հուլիսի 13 Երևան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլիկ շեմի (2022թ. երկրորդ եռամսյակ)

2022 թվականի հուլիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:

Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազելյան մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:

Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է վարկավորման և ֆինանսական շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝

  1. 2022թ. երկրորդ եռամսյակի համար գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ աճել է և կազմել մոտ 70.5%1: Այս ցուցանիշի համար Բազելյան կոմիտեի մեթոդաբանությամբ հաշվարկված երկարաժամկետ տրենդից շեղումը նվազել է և կազմել մոտ -2.5 տոկոսային կետ: Հաշվարկված շեղումը (վարկեր/ՀՆԱ ճեղքվածք) ԿՀԲ որոշումների կայացման գործընթացում ծառայում է որպես մեկնակետ, և վերջնական որոշում կայացնելիս ԿԲ-ը դիտարկում է նաև այլ վաղ ահազանգման ցուցանիշներ, որոնցից են ֆինանսական ցիկլի ինդեքսը, վարկավորման ընդհանուր և ըստ ոլորտների աճի տեմպերը, անշարժ գույքի շուկան բնութագրող ցուցանիշները և այլն։
  2. Վարկավորման շուկայում շարունակվել են 2022թ․ տարեսկզբից արձանագրված վարկավորման աճի միտումները, որոնք նկատելի են եղել վարկավորման բոլոր ոլորտներում։ Նմանատիպ զարգացումների արդյունքում Ֆինանսական ցիկլի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ աճել է և գերազանցել իր մեդիան արժեքը, ինչը, սակայն, առավելապես պայմանավորված է հիպոտեկային վարկավորման բարձր աճի և անշարժ գույքի շուկայի զարգացումներով։ Վերջիններիս նպաստումը բացառելու պարագայում, Ֆինանսական ցիկլի ինդեքսը թեև աճել է, սակայն դեռևս ցածր է իր մեդիան արժեքից, ինչը ընդհանուր վարկային պորտֆելի մասով դեռևս չի նախանշում ավելցուկային վարկավորում կամ ռիսկային էական դրսևորումներ։
  3. Հիպոտեկային վարկավորման ոլորտում պահպանվել են նախորդող ժամանակահատվածներում արձանագրված բարձր աճի տեմպերը, որոնք ուղեկցվել են անշարժ գույքի գների արագ աճով։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ աճերը համարվում են բնույթով միմյանց փոխլրացնող և փոխսնուցող՝ ԿԲ-ը գնահատում է, որ անշարժ գույքի շուկայում առկա են հնարավոր գերտաքացման2 ռիսկեր3։

Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում ԿՀԲ սահմանաչափը թողնել անփոփոխ՝ 0% մակարդակում։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը կարևորում է հիպոտեկային վարկերի տրամադրման գործընթացներում ֆինանսական կազմակերպությունների կողմից ռիսկերի գնահատման խելամիտ և զգուշավոր մոտեցումների կիրառումը։

1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ 2022թ․ երկրորդ եռամսյակի գնահատականը նախնական է և կարող է հետագայում փոփոխվել՝ կախված ՀՆԱ փաստացի տվյալների հիման վրա վերահաշվարկի արդյունքներից

2 Անշարժ գույքի հիմնարարներով պայմանավորված գնի գնահատման մեթոդաբանությունը առավել մանրամասն ներկայացված է ՀՀ ԿԲ 2021թ․ Ֆինանսական կայունության հաշվետվության Ներգիր 3-ում, որը հասանելի է հետևյալ հղումով՝ Ֆինանսական կայունության հաշվետվություն (2021թ. տարեկան)

3 Այս ոլորտի զարգացումները հասցեագրելու նպատակով ԿԲ-ը ս․թ․ ապրիլից կիրառում է պահանջ/գրավի արժեք առավելագույն մակարդակը սահմանափակող մակրոպրուդենցիալ գործիքը