Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2021թ. չորրորդ եռամսյակ)​​

 

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 8-Ն
25.01.2022

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
(2021 թվականի չորրորդ եռամսյակ)

Հրապարակման ամսաթիվ՝ 31.01.2022

 

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Որոշում է.

  1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Մարտին Գալստյան
      

2022 թ. հունվարի 27 ք. Երևան  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլիկ շեմի (2021թ. չորրորդ եռամսյակ)

2022 թվականի հունվարի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:

Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետև նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազելյան մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:

Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.

  1. 2021թ. չորրորդ եռամսյակի դրությամբ մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախորդ ժամանակահատվածի համեմատ նվազել է և կազմել 68.96%1։ Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) շարունակել է նվազել՝ կազմելով -2.7 տ.կ., ինչը Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող մեթոդաբանության համաձայն նախանշում է զրոյական  ԿՀԲ դրույքաչափ։
  2. Վարկավորման շուկայում 2021թ․ չորրորդ եռամսյակում արձանագրվել են որոշակի բարելավման միտումներ։ Մասնավորապես, նոր տրամադրվող սպառողական և բիզնես վարկերի մասով գրանցվել են դրական աճի տեմպեր։ Հիպոտեկային վարկավորման մասով նախորդ եռամսյակների ընթացքում արձանագրված բարձր աճի տեմպերը պահպանվել են2, ինչը ուղեկցվել է նաև անշարժ գույքի շուկայում գների3 որոշակի աճով։
  3. 2021թ. չորրորդ եռամսյակի համար հաշվարկված Ֆինանսական ցիկլի ինդեքսը, չնայած որոշակի աճին, շարունակում է գտնվել իր պատմական մեդիանից ցածր մակարդակում։ Նախորդ եռամսյակի համեմատ Ֆինանսական ցիկլի ինդեքսը աճել է, ինչը հիմնականում պայմանավորված է հիպոտեկային վարկավորման և անշարժ գույքի գների ենթաինդեքսների աճով։
  4. Չնայած Ֆինանսական ցիկլի զարգացումները վկայում են, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է վարկային ցիկլի վերականգման փուլում, սակայն վարկավորման առանձին ոլորտային միտումների վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ վերականգնման վերոնշյալ միտումները լիարժեք չեն, և համաչափ կերպով չեն արտացոլվել վարկավորման որոշ ոլորտային ուղղություններում։

Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում ԿՀԲ սահմանաչափը թողնել անփոփոխ՝ 0% մակարդակում։

1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)

2 Ինչպես արդեն նշվել է ԿՀԲ նախորդ հիմնավորումներում, հիպոտեկային վարկավորման ոլորտում ռիսկային զարգացումների հետագա արդյունավետ հասցեագրման նպատակով ԿԲ-ը  որոշում է կայացրել ներդնել պահանջ/գրավ հարաբերակցության առավելագույն մակարդակը սահմանող գործիքակազմ։ Այս գործիքը պարտադիր կատարման ենթակա կլինի 2022թ․ ապրիլից սկսած։ ԿԲ խորհրդի համապատասխան որոշումը առկա է հետեւյալ հասցեով` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=156545

3 Որպես ցուցանիշ՝ դիտարկվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակվող տվյալների հիման վրա հաշվարկված Երևանում բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետրի միջինացված արժեքը