Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2021թ. երրորդ եռամսյակ)
12 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 150-Ն
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2021 թվականի երրորդ եռամսյակ)
Հրապարակման ամսաթիվ՝ 20.10.2021
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
- Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. հոկտեմբերի 18 Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2021թ. երրորդ եռամսյակ)
2021 թվականի հոկտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետև նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազելյան մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:
Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.
- 2021թ. երկրորդ եռամսյակի դրությամբ մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 69.37%1՝ նախորդ եռամսյակի համեմատ նվազելով մոտ 4.2 տոկոսային կետով։ Վերջինս պայմանավորված է ընդհանուր վարկային պորտֆելի պաշարային ցուցանիշի նվազմամբ, որը վարկային շուկայի մասնակիցերի (վարկառուներ և վարկատուներ) պահպանողական վարքագծային դրսևորումների արդյունք է։ Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) կազմել է -0.72 տ․կ․, ինչը Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող մեթոդաբանության համաձայն չի նախանշում դրական ԿՀԲ կիրառելու անհրաժեշտություն։
- 2021թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ շարունակվել են վարկավորման նվազման միտումները, ինչը հատկապես զգալի է եղել նոր տրամադրվող սպառողական և բիզնես վարկերի մասով։ Միևնույն ժամանակ, հիպոտեկային վարկավորման մասով արձանագրվել է տրամադրման տարեկան ծավալների աճ, ինչի շնորհիվ հիպոտեկային վարկերի պաշարային ցուցանիշի աճը պահպանվել է բավականաչափ բարձր մակարդակում։ Անշարժ գույքի շուկայում ևս գրանցվել են բնակելի անշարժ գույքի գների աճի միտումներ2։ Հիպոտեկային վարկավորման ոլորտում ռիսկային զարգացումների հետագա արդյունավետ հասցեագրման նպատակով ԿԲ-ը որոշում է կայացրել ներդնել վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մակարդակը սահմանող գործիքակազմ։
- 2021թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ Ֆինանսական ցիկլի ինդեքսը շարունակում է գտնվել իր պատմական մեդիանից ցածր մակարդակում։ Ընդհանուր վարկային պորտֆելի նվազման միտումների պահպանման պարագայում Ֆինանսական ցիկլի ինդեքսի հետագա նվազում չի արձանագրվել, որը առավելապես պայմանավորված է հիպոտեկային վարկավորման ոլորտում արձանագրված բարձր աճի տեմպերով։ ՀՀ տնտեսության ներկայիս զարգացումների և կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի շարունակական ընդլայնման պայմաններում հավանական է, որ Ֆինանսական ցիկլը գտնվում է ստորին շրջման կետի շրջակայքում և ապագա ժամանակահատվածներում կարող է տեղափոխվել վերականգնման փուլ։
Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում ԿՀԲ սահմանաչափը թողնել անփոփոխ՝ 0% մակարդակում։
1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։
2 Որպես ցուցանիշ՝ դիտարկվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակվող տվյալների հիման վրա հաշվարկված Երևանում բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետրի միջինացված արժեքը։