Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2021թ. երկրորդ եռամսյակ)
20 հուլիսի 2021 թվականի թիվ 108-Ն
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
(2021 թվականի երկրորդ եռամսյակ)
Հրապարակման ամսաթիվ՝ 23.07.2021
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. հուլիսի 22 Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2021թ. երկրորդ եռամսյակ)
2021 թվականի հուլիսի 20-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլային շեմի սահմանաչափը (այսուհետև նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազելյան մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:
Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.
- 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 73.57%1 : Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) կազմել է մոտ 4.3 տոկոսային կետ, որը կրճատվել է նախորդ եռամսյակի համեմատ` պայմանավորված վարկային պորտֆելի աճի տեմպերի նվազմամբ2 ։ Ինչպես նշվել էր նախորդող ԿՀԲ հիմնավորումներում, հաշվարկված վարկեր/ՀՆԱ դրական ճեղքվածքը պայմանավորված է դեռևս 2020թ. արձանագրված ՀՆԱ անկմամբ։ Այս պայմաններում վարկավորման աճի տեմպերի կրճատմանը զուգընթաց վարկեր/ՀՆԱ դրական ճեղքվածքի նվազումը հավանական էր համարվում։ ԿՀԲ որոշումների կայացման համար ԿԲ-ը դիտարկում է նաև վարկային ցիկլը բնութագրող այլ վաղ ահազանգման ցուցանիշներ, ինչպիսիք են վարկավորման պաշարային և հոսքային ցուցանիշների աճի միտումները, Ֆինանսական ցիկլի ինդեքսը3 , անշարժ գույքի շուկան բնութագրող ցուցանիշները և այլն։
- 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ վարկային շուկայի միտումները բնութագրող Ֆինանսական ցիկլի ինդեքսը շարունակվել է գտնվել կրճատողական փուլում, որը դեռևս նախորդ տարվա ընթացքում ՀՀ տնտեսությունում արձանագրված շոկերի, և դրա արդյունքում ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից վարկավորման առավել պահպանողական վարքագծային դրսևորումների արդյունք է։ Վարկավորման կրճատումը հատկապես զգալի է եղել սպառողական վարկերի մասով: Թեև առաջին եռամսյակում նոր տրամադրվող հիփոթեքային վարկերի տարեկան հոսքերի մասով ևս արձանագրվել է կրճատում, այդուհանդերձ այդ վարկերի պաշարային ցուցանիշի աճը պահպանվել է բարձր մակարդակում։
- Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ակտիվության վերականգնման սպասումները, ինչպես նաև ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի մեկնարկը՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության տեմպերի վերականգնմանը և անորոշությունների կրճատմանը զուգընթաց ակնկալվում է, որ վարկավորման շուկայում պահպանողական դրսևորումները որոշակիորեն կմեղմվեն։ Արդյունքում հավանական է համարվում, որ ֆինանսական ցիկլի ինդեքսը կարող է գտնվել ստորին շրջման կետի շրջակայքում և առաջիկա ժամանակահատվածներում տեղափոխվել վերականգնման փուլ (recovery phase)։
Վերը նկարագրված միտումների և դրանց համապարփակ վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկը առաջնահերթ է համարում բանկերի կողմից ՀՀ տնտեսության վարկավորման գործընթացների անընդհատության պահպանումը, և նպատակահարմար է գտնում կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը թողնել անփոփոխ՝ 0% մակարդակում։
1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)
2 Բազելյան կոմիտեի մեթոդաբանության համաձայն, դրական ԿՀԲ սահմանելու համար որպես մեկնակետ առաջարկվում է կիրառել վարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2 տոկոսային կետ ճեղքվածքը
3 Ֆինանսական ցիկլի ինդեքսի մեթոդաբանության հակիրճ նկարագրությունը տրված է 2020թ․ տարեկան Ֆինանսական կայունության հաշվետվության Ներգիր 5.1-ում