Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2021թ. առաջին եռամսյակ​)​

 

13 ապրիլի 2021 թվականի թիվ 41-Ն

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2021 թվականի առաջին եռամսյակ)

Հրապարակման ամսաթիվ՝ 20.04.2021

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է.

  1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Մարտին Գալստյան

2021 թ. ապրիլի 16 Երևան  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլիկ շեմի (2021թ. առաջին եռամսյակ)

2021 թվականի ապրիլի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:

Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլային շեմի սահմանաչափը (այսուհետև նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազելյան մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:

Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.

  1. 2020թ. չորրորդ եռամսյակի դրությամբ մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 74.25%1: Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) կազմել է մոտ 6.3 տոկոսային կետ, ինչը Բազելյան մեթոդաբանության համաձայն ենթադրում է ԿՀԲ դրական սահմանաչափի կիրառում2։ Սակայն նման մեծ ճեղքվածքը ոչ թե ավելցուկային վարկավորման արդյունք է, այլ պայմանավորված է 2020թ. գրանցված ՀՆԱ նվազմամբ։ Այս իրավիճակում ԿՀԲ սահմանաչափի վերաբերյալ որոշումների կայացման համար առաջնային են համարվում վարկային ցիկլի դրսևորումները բնութագրող այլ վաղ ահազանգման ցուցանիշները, ինչպես նաև փորձագիտական դատողությունները։
  2. 2020թ. չորրորդ եռամսյակի ընթացքում Ֆինանսական ցիկլի ինդեքսը շարունակել է ցուցաբերել նվազման միտում, որն առկա անորոշությունների պայմաններում շուկայի մասնակիցների կողմից ռիսկի ախորժակի նվազման և տնտեսության վարկավորման մասով պահպանողական վարքագծի դրսևորման արդյունք է։ Մասնավորապես՝ վարկավորման գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել է նոր տրամադրվող վարկերի հոսքերի ծավալների նվազում։ Նվազումը հատկապես զգալի է եղել սպառողական վարկավորման մասով։ Հիփոթեքային վարկերի մասով արձանագրվել է նոր տրամադրվող վարկերի ծավալների համեմատաբար թույլ նվազում, ինչի արդյունքում հիփոթեկային պորտֆելի տարեկան աճի տեմպը պահպանվել է բավականաչափ բարձր մակարդակում։
  3. Ընդհանուր վարկային պորտֆելի աճի տեմպերի դիտարկվող շարունակական նվազման պարագայում, Կենտրոնական բանկը մշտադիտարկում է նաև առանձին ոլորտային ուղղություններով վարկավորման հնարավոր ռիսկային զարգացումները։ Վերջիններիս արդյունավետ հասցեագրման համար Կենտրոնական բանկը քննարկում է առավել թիրախային գործիքակազմի ներդրման հնարավորությունը։

Հաշվի առնելով վարկային շուկայի վերը նկարագրված միտումները, դեռևս առկա անորոշությունները, տնտեսության և Ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի տարածման բացասական ազդեցությունները՝ Կենտրոնական բանկը կարևորում է բանկերի կողմից ՀՀ տնտեսության վարկավորման գործընթացների անընդհատությունը և նպատակահարմար է գտնում կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը թողնել անփոփոխ՝ 0% մակարդակում։

1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)

2 Բազելյան կոմիտեի մեթոդաբանության համաձայն, դրական ԿՀԲ սահմանելու համար որպես մեկնակետ առաջարկվում է կիրառել վարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2 տոկոսային կետ ճեղքվածքը