Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2020թ. չորրորդ եռամսյակ)
19 հունվարի 2021 թվականի թիվ 1-Ն
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
(2020 թվականի չորրորդ եռամսյակ)
Հրապարակման ամսաթիվ՝ 26.01.2021
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. հունվարի 21 Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2020թ. չորրորդ եռամսյակ)
2021 թվականի հունվարի 19-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլային շեմի սահմանաչափը (այսուհետև նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազելյան մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:
Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.
- 2020թ. երրորդ եռամսյակի դրությամբ մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 74.2%1 : Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) կազմել է 7.5 տոկոսային կետ, որը, այլ հավասար պայմաններում, ենթադրում է ԿՀԲ դրական դրույքաչափի կիրառում2 ։ Սակայն նման մեծ ճեղքվածքը պայմանավորված է եղել ոչ թե վարկավորման առաջանցիկ աճի տեմպերով, այլ տնտեսական ակտիվության զգալի անկմամբ։ Ակնկալվում է, որ վարկավորման միտումները կարձագանքեն ներկա տնտեսական իրավիճակին, որը կհանգեցնի վարկեր/ՀՆԱ դրական ճեղքվածքի աստիճանական կրճատման։ Այդ իսկ պատճառով ներկա իրավիճակում այս ցուցանիշը չի կարող ամբողջական հիմք հանդիսանալ ԿՀԲ դրական սահմանաչափի կիրառման համար։ Վերը նշվածը հաշվի առնելով, ԿԲ-ը, ԿՀԲ վերաբերյալ որոշում կայացնելիս առաջնորդվում է նաև համակարգային ռիսկը բնութագրող այլ վաղ ահազանգման ցուցանիշներով, որոնց թվում են վարկավորման պաշարային և հոսքային ցուցանիշների փոփոխությունները, առանձին ոլորտներում վարկավորման միտումները բնութագրող ցուցանիշները, Ֆինանսական ցիկլի ինդեքսը (ՖՑԻ) և այլն։
- 2020թ. երրորդ եռամսյակի ընթացքում Ֆինանսական ցիկլի ինդեքսը շարունակել է ցուցաբերել նվազման միտումներ, որը վկայում է, որ առկա անորոշություններով պայմանավորված, նվազել է ֆինանսական համակարգի մասնակիցների ռիսկի ախորժակը, և վարկային շուկայում գերակշռել է առավելապես պահպանողական վարքագիծը։
- 2020թ. երրորդ եռամսյակում շարունակվել են վարկավորման աճի տեմպերի նվազման միտումները, որոնք ուժգնացել են չորրորդ եռամսյակում՝ պայմանավորված սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում ռիսկերի և անորոշությունների մեծացմամբ։ Նվազման միտումներ արձանագրվել են վարկավորման բոլոր ուղղություններում, որոնք հատկապես զգալի են եղել սպառողական և հիփոթեքային վարկավորման ոլորտներում։ Անշարժ գույքի շուկայում ևս նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածների համեմատ նկատվել է գների նվազման միտում։
- Տարվա ընթացքում տնտեսական անկման և մասնավոր հատվածի եկամուտների կրճատման պարագայում նվազել են նաև ֆինանսական համակարգի կողմից ներգրավված միջոցների ծավալները։ Հանդիսանալով տնտեսությանն ուղղվող վարկային միջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուր՝ ներգրավված միջոցների ծավալների նվազումը կարող է հանգեցնել վարկավորման շուկայում առկա միտումների պահպանմանը։
- Առկա անորոշությունների, ինչպես նաև վարկային շուկայի զարգացումները պայմանավորող և բնութագրող ցուցանիշների համապարփակ վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկը հնարավոր է համարում առաջիկա ժամանակահատվածներում ևս վարկավորման տեմպերի դանդաղման միտումների պահպանումը։
Նպատակ ունենալով մեղմելու ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի տարածմամբ և ռազմական դրությամբ պայմանավորված հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև նպաստելու ՀՀ տնտեսության վարկավորման գործընթացի անընդհատության պահպանմանը՝ Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը թողնել անփոփոխ՝ 0% մակարդակում։
1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)
2 Բազելյան կոմիտեի մեթոդաբանության համաձայն, դրական ԿՀԲ սահմանելու համար որպես մեկնակետ առաջարկվում է կիրառել վարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2 տոկոսային կետ ճեղքվածքը