Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2020թ. երրորդ եռամսյակ)
26 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 176-Ն
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
(2020 թվականի երրորդ եռամսյակ)
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
2020 թ. հոկտեմբերի 27 Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2020թ. երրորդ եռամսյակ)
2020 թվականի հոկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլային շեմի սահմանաչափը (այսուհետև նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազելյան մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:
Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.
- 2020թ. երկրորդ եռամսյակի դրությամբ մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 70.6%1 : Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) կազմել է 5.24 տոկոսային կետ, որը, այլ հավասար պայմաններում, ենթադրում է ԿՀԲ դրական դրույքաչափի կիրառում2։ Նախորդ եռամսյակի համեմատ վարկեր/ՀՆԱ ցուցանիշի առաջանցիկ աճը առավելապես պայմանավորվել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական խորը անկմամբ3 ։ Սակայն, հարկ է նշել, որ Կենտրոնական բանկը ԿՀԲ դրույքաչափը սահմանելիս հիմնվում է նաև վաղ ահազանգման այլ ցուցանիշների վրա, որոնց համապարփակ վերլուծության արդյունքում բացահայտվում և գնահատվում են վարկավորման շուկայի համընդհանուր օրինաչափությունները և տնտեսության դիրքը ֆինանսական ցիկլում 4 ։
- 2020թ. մարտ ամսից, տնտեսական աճի հեռանկարի վրա կորոնավիրուսի տարածման բացասական ազդեցությամբ և ֆինանսական համակարգի վրա վերջինիս անբարենպաստ ազդեցության և անորոշությունների մեծացման արդյունքում, ՀՀ վարկային շուկայում գրանցվել են նոր տրամադրվող վարկերի ծավալների կրճատման միտումներ։ Մասնավորապես, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածների համեմատությամբ, ինչպես տնտեսության վարկավորման ընդհանուր հոսքերի, այնպես էլ առանձին ոլորտային վարկավորման (սպառողական վարկեր, հիփոթեքային վարկեր, բիզնես վարկեր) մասով գրանցվել է նվազում կամ աճի տեմպերի դանդաղում։
- Հաշվի առնելով տնտեսական ակտիվության հեռանկարի վրա կորոնավիրուսի համավարակի ունեցած բացասական ազդեցությունը, սեպտեմբեր ամսից վերջինիս երկրորդ ալիքի ուժգնացումը, ինչպես նաև հայտարարված ռազմական դրությունը և առկա անորոշությունները, Կենտրոնական բանկը հնարավոր է համարում վարկավորման աճի տեմպերի դանդաղման միտումների պահպանումը նաև մոտակա հեռանկարում։
Վերը բերված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում, նպատակ ունենալով մեղմելու ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի տարածմամբ և ռազմական դրությամբ պայմանավորված հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև նպաստելու ՀՀ տնտեսության վարկավորման գործընթացի անընդհատության պահպանմանը, Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը թողնել անփոփոխ՝ 0% մակարդակում։
1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։
2 Բազելյան կոմիտեի մեթոդաբանության համաձայն, դրական ԿՀԲ սահմանելու համար որպես մեկնակետ առաջարկվում է կիրառել վարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2 տոկոսային կետ ճեղքվածքը։
3 2020թ․ երկրորդ եռամսյակի իրական ՀՆԱ-ի տ/տ անկումը կազմել է 13.7%, (անվանական ՀՆԱ-ի տ/տ նվազումը 14.7%):
4 Տես՝ «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթուղթը,