Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2020թ. երկրորդ եռամսյակ)
31 հուլիսի 2020 թվականի թիվ 127-Ն
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
(2020 թվականի երկրորդ եռամսյակ)
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020թ. հուլիսի 31 ք. Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլային շեմի (2020թ. երկրորդ եռամսյակ)
2020 թվականի հուլիսի 31-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլային շեմի սահմանաչափը (այսուհետև նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազելյան մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:
Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.
- 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 66.12%1 : Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) կազմել է 1.96%, որը Բազելյան կոմիտեի մեթոդաբանության համաձայն բավարար չէ դրական ԿՀԲ սահմանաչափ կիրառելու համար2 ։ Հարկ է նշել նաև, որ ԿՀԲ սահմանաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելիս ՀՀ կենտրոնական բանկը միաժամանակ մշտադիտարկում է վարկավորման շուկայի զարգացումները բնութագրող այլ վաղ ահազանգման ցուցանիշներ, ինչպես օրինակ վարկավորման պաշարային, հոսքային ցուցանիշներ, ճյուղային վարկավորման և այլ ցուցանիշներ։
- 2020թ. մարտ ամսից, տնտեսական աճի հեռանկարի վրա կորոնավիրուսի տարածման բացասական ազդեցությամբ և ֆինանսական համակարգի վրա վերջինիս անբարենպաստ ազդեցության և անորոշությունների մեծացման արդյունքում, ՀՀ վարկային շուկայում գրանցվել են նոր տրամադրվող վարկերի ծավալների կրճատման միտումներ (deleveraging)։ Այս պարագայում, ինչպես ընդհանուր վարկային պորտֆելի, այնպես էլ առանձին ոլորտային վարկավորման (սպառողական վարկեր, հիփոթեքային վարկեր) մասով գրանցվել է աճի տեմպերի նվազում։
- Հաշվի առնելով տնտեսական ակտիվության հեռանկարի վրա կորոնավիրուսի համավարակի ունեցած բացասական ազդեցությունը և առկա անորոշությունները, Կենտրոնական բանկը հնարավոր է համարում վարկավորման աճի տեմպերի դանդաղման միտումների պահպանումը նաև մոտակա հեռանկարում։
Վերը բերված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում, նպատակ ունենալով մեղմելու ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև նպաստելու ՀՀ տնտեսության վարկավորման գործընթացի անընդհատության պահպանմանը, Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը թողնել անփոփոխ՝ 0% մակարդակում։
1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)
2 Բազելյան կոմիտեի մեթոդաբանության համաձայն, դրական ԿՀԲ սահմանելու համար որպես մեկնակետ առաջարկվում է կիրառել վարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2 տոկոս ճեղքվածքը