Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2020թ. առաջին եռամսյակ​)​

 

10 ապրիլի 2020 թվականի թիվ 48-Ն

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2020 թվականի առաջին եռամսյակ)

Հրապարակման ամսաթիվ՝ 15.04.2020

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

  1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Արթուր Ջավադյան

2020 թ. ապրիլի 10 ք. Երևան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլային շեմի (2020թ. առաջին եռամսյակ)

2020 թվականի ապրիլի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով

Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլային շեմի սահմանաչափը (այսուհետև նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազել III-ի մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:

Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.

  1. 2019թ. չորրորդ եռամսյակի ընթացքում մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 65.6%1 : Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) նախորդ եռամսյակի համեմատ որոշակիորեն ընդլայնվել է և համաձայն Բազելյան կոմիտեի մեթոդաբանության, նախատեսում է դրական ԿՀԲ սահմանաչափի կիրառում։
  2. Այնուամենայնիվ, վերը բերված ցուցանիշը և դրա հաշվարկման հիմքում ընկած տվյալները արտացոլում են 2019թ․վերջի դրությամբ տնտեսական իրավիճակը, և ներկայիս կտրուկ փոփոխվող իրականության համար այլևս ներկայացուցչական չեն։ Կորոնավիրուսի տարածման աշխարհագրության ընդլայնումը և տարբեր երկրների կողմից նախաձեռնված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը կունենան բացասական ազդեցություն տնտեսական ակտիվության վրա։ Առաջնորդվելով տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վրա COVID-19-ի հետևանքով ի հայտ եկած բացասական հետևանքների մեղմման առաջնահերթությամբ, ինչպես նաև կարևորելով և նպատակ ունենալով օժանդակելու ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման գործընթացի սահունությունը և անընդհատությունը, Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ԿՀԲ դրույքաչափը 0% մակարդակում։

1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)