Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2019թ. չորրորդ եռամսյակ)​​​

 

4 փետրվարի 2020 թվականի թիվ 12-Ն

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
(2019 թվականի չորրորդ եռամսյակ)

          Հրապարակման ամսաթիվ՝ 17.02.2020

Նպատակ ունենալով ամրապնդել բանկային համակարգի ֆինանսական կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 54․1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ է .

  1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2020 թ. փետրվարի 10 Երևան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլային շեմի (2019թ. չորրորդ եռամսյակ)

2020 թվականի փետրվարի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:

Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլային շեմի սահմանաչափը (այսուհետև՝ ԿՀԲ): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազել III-ի մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:

Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.

  1. 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 63.3%1: Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) նախորդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոխվել, և համաձայն Բազելյան կոմիտեի մեթոդաբանության, դեռևս բավարար չէ ԿՀԲ-ի դրական սահմանաչափ կիրառելու համար:
    2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում պահպանվել են նախորդ եռամսյակում գրանցված սպառողական և հիփոթեքային ոլորտների վարկավորման բարձր աճի տեմպերը: Անշարժ գույքի շուկայում ևս նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ պահպանվել է անշարժ գույքի գների բարձր աճի տեմպը: Վերոնշյալ ոլորտներում վարկավորման աճի նման միտումների շարունակական պահպանումը հասցեագրելու նպատակով ՀՀ ԿԲ-ը նախատեսում է ներդնել իր գործիքակազմով նախատեսվող համապատասխան գործիքներ: Մասնավորապես՝ 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ԿԲ-ը նախաձեռնել է հավաքագրել պարտք/եկամուտ և պարտք/գրավ հարաբերակցությունների մասով հաշվետվական ձևեր, որոնց միջոցով հավաքագրված տեղեկատվությունը հիմք կհանդիսանա հետագայում առավել ճշգրիտ և արդյունավետ կերպով հասցեագրել վարկավորման առանձին ոլորտներում (հիփոթեքային, սպառողական) ռիսկային հնարավոր զարգացումները:
    3. Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգի», 2020թ. հունվարի 1-ից ներդրվում է առևտրային բանկերի կապիտալի պահպանման բուֆերը ռիսկով կշռված ակտիվների 0,5 տոկոսի չափով: Միևնույն ժամանակ, համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար սահմանվում է հավելյալ 0,5 տոկոս համակարգայնության շեմ: Վերը նկարագրված գործիքները ըստ էության իրենցից ներկայացնում են կապիտալի լրացուցիչ պահանջ, որոնք նպաստելով բանկային համակարգի կայունության ամրապնդմանը, կարող են միաժամանակ սահմանափակել վարկավորման շուկայի ռիսկային ընդլայնման հնարավորությունները:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերի համապարփակ վերլուծության արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է համարում կապիտալի հակացիկլիկ բուֆերը թողնել անփոփոխ՝ 0%:

Ապագայում, ֆինանսական համակարգում ռիսկերի հնարավոր կուտակումների պարագայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը չի բացառում ԿՀԲ պահանջվող մակարդակի վերանայումը աճի ուղղությամբ:

1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի մեծությունն է, ներառյալ լիզինգը և ֆակտորինգը