Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2019 թվականի երկրորդ եռամսյակ)

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 101 Ա

30.07.2019

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
 (2019 թվականի երկրորդ եռամսյակ)

Նպատակ ունենալով ամրապնդել բանկային համակարգի ֆինանսական կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

  1. Բանկերի  կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ        Ներսես Երիցյան

2019 թ. հուլիսի 30 ք. Երևան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլիկ շեմի (2019թ. երկրորդ եռամսյակ)

2019 թվականի հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:

Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման եւ հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանաչափը (այսուհետև նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով: Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Կենտրոնական բանկն առաջնորդվել է մի շարք փաստերի համապարփակ վերլուծությամբ, մասնավորապես՝

  1. Բանկերի վերահսկողության Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող մեթոդաբանությամբ հաշվարկված վարկեր1 /ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 60%, իսկ վերջինիս շեղումը իր երկարաժամկետ տրենդից (ճեղք,gap) դրական է, սակայն ոչ էական ԿՀԲ-ի դրական սահմանաչափ սահմանելու համար:
  2. Տնտեսության և դրա առանձին հատվածների (մասնավորապես՝ տնային տնտեսությունների) վարկավորման բարձր աճի տեմպերի պահպանումը, հիպոթեկային և անշարժ գույքի շուկայի զարգացումների, ինչպես նաև վաղ ահազանգման այլ ցուցանիշների ներկայիս միտումները վկայում են վարկավորման շուկայում որոշակի ընդլայնումների մասին, և, հետևաբար, ազդակ են համակարգային ռիսկերի հնարավոր կուտակման նախանշանների համար: Սակայն այդ ազդակները/նախանշանները դեռևս սահմանափակ բնույթ են կրում և ներկա պահին չեն առաջացնում ԿՀԲ դրական սահմանաչափ սահմանելու անհրաժեշտություն: 

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերի համապարփակ վերլուծության արդյունքները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է համարում կապիտալի հակացիկլիկ բուֆերը սահմանել 0%:

Ապագայում, ֆինանսական համակարգում ռիսկերի հետագա հնարավոր կուտակումների ավելացման պարագայում, ՀՀ ԿԲ խորհուրդը չի բացառում ԿՀԲ-ի պահանջվող մակարդակի վերանայումը աճի ուղղությամբ:

ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱԿԱՑԻԿԼԻԿ ՇԵՄԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1Ֆինանսական համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի մեծությունն է՝ ներառյալ լիզինգը և ֆակտորինգը