Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2019թ. երրորդ եռամսյակ)

15 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 163-Ն

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
 (2019 թվականի երրորդ եռամսյակ)

Նպատակ ունենալով ամրապնդել բանկային համակարգի ֆինանսական կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 54․1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

  1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ  Արթուր Ջավադյան

2019թ. հոկտեմբերի 23 ք. Երևան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլային շեմի (2019թ. երրորդ եռամսյակ)

2019 թվականի հոկտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:

Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլային շեմի սահմանաչափը (այսուհետև՝ ԿՀԲ): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազել III-ի մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:

Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է հետևյալ փաստերի համապարփակ վերլուծությամբ.

  1. 2019թ. երկրորդ եռամսյակի համար հաշվարկված մասնավոր հատվածին տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 62.4%[1]: Այս ցուցանիշի համար հաշվարկված ճեղքվածքը (վարկեր/ՀՆԱ-ի տարբերությունը իր երկարաժամկետ տրենդից) թեև ընդլայնվել է նախորդ եռամսյակի համեմատ, այնուամենայնիվ, համաձայն Բազելյան կոմիտեի մեթոդաբանության, այն դեռևս բավարար չէ ԿՀԲ-ի դրական սահմանաչափ կիրառելու համար:
  2. Նշենք, որ 2019թ. երկրորդ եռամսյակի ընթացքում պահպանվել են դեռևս տարվա սկզբին գրանցված սպառողական և հիփոթեքային ոլորտների վարկավորման բարձր աճի տեմպերը: Անշարժ գույքի շուկայում ևս նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ պահպանվել է անշարժ գույքի գների բարձր աճի տեմպը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մշտապես հետևում է ինչպես ամբողջ վարկային շուկայի, այնպես էլ դրա առանձին հատվածներում վարկավորման օրինաչափություններին, և անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել նաև այնպիսի գործիքներ, որոնք ուղղված են զսպելու առանձին վարկատեսակների մասով ռիսկային գործընթացները:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերի համապարփակ վերլուծության արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է համարում կապիտալի հակացիկլիկ բուֆերը թողնել անփոփոխ՝ 0%:

Ապագայում, ֆինանսական համակարգում ռիսկերի հնարավոր կուտակումների պարագայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը չի բացառում ԿՀԲ պահանջվող մակարդակի վերանայումը աճի ուղղությամբ:

1 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի մեծությունն է, ներառյալ լիզինգը եւ ֆակտորինգը