Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու մասին

Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի հանրային քննարկումներին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոլորտը կարգավորող ևս երկու նախագիծ՝

  1.  «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ կանոնները և պահանջները» կանոնակարգ 7/07-ը»,
  2.  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի «Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) և դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխությունները:

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ. օգոստոսի 26-ը։ Խնդրում ենք դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել mcba@cba.am էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։

Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն: