Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ

Ներածություն

 
1996 թվականին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում առկա հարաբերություններն աստիճանաբար ստացան իրենց պատշաճ իրավական կարգավորումը: Մասնավորապես, ՀՀ Ազգային Ժողովի կողմից 1996 թվականին ընդունվեցին «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»,  «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնք ազդարարեցին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ձևավորման սկիզբը:
Անդրադառնալով վերոնշյալ օրենքների կարևորությանը` հարկ է նշել, որ ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվեցին Կենտրոնական բանկի խնդիրները, իրավասությունները, կառուցվածքի և կառավարման առանձնահատկությունները: Մասնավորապես, նշված օրենքի համաձայն Կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Ամրագրվեց, որ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է, որն իրականացվում է դրամավարկային քաղաքականության ծրագրերի մշակման, հաստատման և իրականացման միջոցով: Դրա հետ միաժամանակ Կենտրոնական բանկի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունականության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը և գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հստակեցվեցին նաև Կենտրոնական բանկի փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապտության պետական մարմինների, բանկերի և այլ անձանց հետ, կարգավորվեցին Կենտրոնական բանկի` որպես արժութային գործակալի լիազորությունները, Հայաստանի Հանրապետության արժույթի շրջանառությունը, արժութային կարգավորումը և երկրի տնտեսության համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հարաբերություններ: Այնուհետև՝ 2015 թվականին ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված փոփոխվեկ նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվեցին Կենտրոնական բանկի երկու հիմնական նպատակներ՝ գների և ֆինանսական համակարգի կայունության ապահովումը: Փոփոխվեցին նաև ՀՀ կենտրոնական բանկի կառավարման մարմինների ձևավորման կարգնու պայմանները, ամրապնդվեցին ՀՀ կենտրոնական բանկի անկախությունն ապահովող  երաշխիքները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեության կարգավորման տեսանկյունից կարևորվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանվում են ստեղծվող և գործող բանկերի, նրանց և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման և դադարեցման, ինչպես նաև բանկային գործունեության վերահսկողության կարգն ու պայմանները: Նշված օրենքով պարզաբանվում են ՙբանկ՚ և ՙբանկային գործունեություն՚, ՙբանկային ավանդ՚ և մի շարք այլ հասկացություններ, կանոնակարգվում են բանկերի կազմակերպաիրավական տեսակները, կառուցվածքի և կառավարման առանձնահատկությունները, ինչպես ֆինանսական գործառնությունների շրջանակը, այնպես էլ բանկային համակարգում ներդրումային և բաժանորդագրական գործունեության սահմանափակումները, բանկերի համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների անվճարունակության և սնանկության հասկացություններն ու հատկանիշները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անվճարունակության և սնանկության վարույթի առանձնահատկությունները, նշված սուբյեկտներին անվճարունակ և սնանկ ճանաչելու հիմքերն ու կարգը, ֆինանսական առողջացման ձևերն ու եղանակները, ամրագրված են «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նշված օրենքով են սահմանվում նաև բանկերի ավանդատուների, վարկատուների, ժամանակավոր ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի, ինչպես նաև անվճարունակության և սնանկության գործընթացի այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
Բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանն ու ներդրումային գործընթացի խրախուսմանն է ուղղված նաև «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը , որով սահմանվում են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանակը, այդ տեղեկությունների հրապարակման, պահպանման և տրամադրման իրավական հիմքերն ու կարգը, բանկային գաղտնիքի շուրջ ծագող հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նշված օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը: Նշված օրենքով իրենց մանրամասն կարգավորումն են ստացել նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման կարգը և պայմանները քրեական հետապնդում հարուցող մարմիներին, դատարանին, հարկային մարմիններին, հաճախորդի ժառանգներին և այլ անձանց:
2002-2003թ. ընկած ժամանակահատվածը նշանավորվեց բանկային օրենսդրության մեջ կատարված մի շարք էական փոփոխություններով և նորամուծություններով: Մասնավորապես, 2002 թվականի մայիսի 29-ին ընդունվեց «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության բացառիկ իրավասությունը վերապահվեց Կենտրոնական բանկին:
2002-2004թթ, մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ,«Բանկերի և բանկային գործունեության մասին» , «Վարկային կազմակերպությունների մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվեցին Կենտրոնական բանկի խորհրդի լիազորությունները, որի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը բանկերում և վարկային կազմակերպություններում կանխարգելելն էր: Կատարված օրենսդրական փոփոխությունների պահանջներին համահունչ Կենտրոնական բանկը նախաձեռնությամբ իրականացվեցին համապատասխան նորմատիվ - իրավական ակտերի մշակման աշխատանքներ` որոնց արդյունքում կարգավորվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող պարտադիր միջոցառումների և ընթացակարգերի իրականացման կարգն ու պայմանները:
2004թ կատարված փոփոխություններով կարգավորվեցին չորս խումբ խնդիրներ.
  • սահմանվեցին ԿԲ-ի կողմից իրականացվող ստուգումների անցկացմնան կարգը,
  • սահմանվեցին ԿԲ-ի կողմից լիցենզավորված անձանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, ընթացկարգը և պայմանները,
  • փոփոխություններ կատարվեցին ԿԲ-ի արտարժույթի վերագնահատման պահուստների ձևավորման կարգում.
  • հստակեցվեցին ավանդների երաշխավորման համակարգի ներդրման խնդիրները , մասնավորապես ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից ավանդը չհատուցվելու, ավանդի երաշխավորման դեպքերը` համապատասխանեցնելով դրանք ՙԲանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքին:
2004թ մարտին «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները պայմանավորված էին բանկային վերահսկողության բազելյան սկզբունքների ներդրմամբ և դրանց համապատասխան` բանկերի հիմնական տնտեսական նորմատիվների հստակեցմամբ: Նշված փոփոխությունների կապակցությամբ փոփոխություններ են կատարվել նաև «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում: «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, հաշվի առնելով միջազգային լայն կիրառություն գտած սկզբունքները, սահմանում են, որ վարկային ռեգիստրում առկա անպարտաճանաչ պարտապանների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են: 2004թ ապրիլին ընդունված «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքով բանկերի սնանկությունը կարգավորող օրենսդրության մեջ ներդրվել են միջազգային կարևոր սկզբունքներ: Ապահովվում է ԿԲ-ի կողմից նշանակված ժամանակավոր ադմինիստրացիայի գործընթացի հրապարակայնությունը, հստակեցվում է անվճարունակության հիմքերից մեկը` հիմնական կապիտալի 50 և ավելի տոկոսի սպառումը, մանրամասն սահմանվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կողմից բանկի ակտիվների գույքագրման և գնահատման ընթացակարգերը, ինչը նախկինում սահմանում էր ԿԲ-ի որոշմամբ: Օրենքով հստակեցվեցին բանկի վաճառքի մեխանիզմները, որոնք կարգավորված չէին: Օրենքից հանվել են այն դրույթները, որոնք սահմանում են, որ ԿԲ-ի որոշումները բողոքարկման ենթակա չեն, ինչպես նաև սահմանվել են այդ որոշումների բողոքարկման հիմքերը և ընթացակարգը: Հստակեցվեց լուծարվող բանկերի պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունը:
2002 թվականին համապատասխան փոփոխություններ կատարվեցին նաև ՙԼիցենզավորման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում, որոնցով բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառում լիցենզավորման գործունեության տեսակների շարքը համալրեցին վարկային կազմակերպությունների գործունեությունը, դրամական (փողային) փոխանցումների իրականացումը, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացումը, քարտային վճարումների պրոցեսինգի իրականացումը, վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկման և իրացման հետ կապված գործունեությունը: Գործունեության վերոնշյալ տեսակները լիցենզավորող և վերահսկող մարմինը Կենտրոնական բանկն է:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների մասին» , «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» , այլ օրենքներով ու իրավական այլակտերով:
2004թ-ից բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը զարգացման նոր փուլ թևակոխեց: 2004թ դեկտեմբերին ընդունված ՙՀանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ ՀՀ օրենքը ՀՀ բանկային համակարգը կարգավորող օրենսդրության մեջ մի շարք փոփոխությունների անհրաժեշտություն առաջ բերեց: Մասնավորապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, ըստ որոնց որպես ԿԲ-ի խնդիր սահմանվեց հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը: Փոփոխություններ կատարվեցին մի շարք այլ օրենքներում, որոնցով նախատեսվեց նոտարների, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականցնող մարմինների, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականցնող մարմինների,ապահովագրողների, գրավատներ կազմակերպիչների և օրենքներով նախատեսված այլ անձանց պարտականությունը ՙՀանցավոր ճանապարհվ ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ օրենքով նախատեսված տեղեկությունները տրամադրել ՀՀ կենտրոնական բանկ:
2004թ նոյեմբերի 24-ին ընդունվեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ նոր օրենքը, որով հստակեցվեցին «ռեզիդենտ» և «ոչ ռեզիդենտ», «ընթացիկ արժութային գործարքներ», «կապիտալի շարժ» և «ֆինանսական արժութային գործարքներ» հասկացությունները: սահմանվեցին ՀՀ տարածքում ՀՀ արժույթով և արտրժույթով գործարքների իրականացման դեպքերը: Օրենքը նաև սահմանեց, որ ՀՀ տարածքում գույքի իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման բոլոր փողային գնանշումները իրականացվում են ՀՀ դրամով: Օրենքը կոնկրետացնում է նաև արժութային վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը:
2004թ նոյեմբերին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ԿԲ-կողմից մշակված «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է ՀՀ-ում վճարահաշվարկային համակարգերի կարգավորումն ու զարգացումը: ՀՀ ֆինանսական և բանկային համակարգերի կայունության ապահովումը, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումն է:
2004թ նոյեմբերին ՀՀ ազգային ժողովը ընդունեց ևս մեկ կարևորագույն օրենք` «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը: Այն նպատակ է հետապնդում նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիությանը, ամրապնդել նրա նկատմամբ հանրության վստահությունը, ինչպես նաև ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը: Օրենքը ամբողջացնում և համակարգված ձևով ներկայացնում է ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորմանը վերաբերող կարգավորման դաշտը: Սույն օրենքի օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ 16.02.2005թ-ի ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց խորհրդի 29.04.2003թ-ի «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» Կանոնակարգ 20-ը հաստատելու մասին՚ որոշումը:
2008 թվականին ընդունվեցին ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանությանը վերաբերող մի շարք օրենքներ՝ «Սպառողական կրեդիտավորման մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքները: Այդ օրենքների ընդունմամբ կարևոր քայլ կատարվեց ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցում և էապես բարձրացրվեց ֆինանսական ոլորտում մատուցվող ծառայությունների որակը:
2017 թվականին ընդունվեց «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնցով մեր իրավական համակարգ ներմուծվեց միջազգային բանկային պրակտիկայում ընդունված լավագույն սկզբունքները: Սահմանվեցին համակարգային բանկ ճանաչելու կանոններ, նշանակալից մասնակիցների ու ղեկավարների շահութաբաժինների ու պարգեվավճարների սահմանափակման հնարավորություն և այլն:
2017 թվականին ընդունվեց նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը, որը ևս ուղղված էր հիպոտեկային վարկերի տրամադրման և սպասարկման որակի բարձրացմանը և ֆիզիկական անձ վարկառուների իրավունքների պաշտպանությանը:
 
Բացի օրենքներից, ֆինանսական դաշտը կարգավորվում է նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք պարտադիր հրապարակվում են:
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next