Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Պատմություն

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը առաջին հիշատակումներից մինչև Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը (1917 թ.)



Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիօբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի պեղումներից։
Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում Ք.ա. III դարից սկսած։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապադովկյան և այլ ծագման դրամներ:
Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել պղնձե դրամներ, որոնք այսօր մեզ հայտնի ամենավաղ հայկական դրամներն են:
 
Նկ. 1. Ծոփքի թագավորություն, արքա Արսամես, մ․թ․ա․ III դարի երրորդ քառորդ, պղնձե դրամ
Դիմերես՝ արքա Արսամեսի կիսադեմը սրագագաթ գլխանոց վզկալով:
Դարձերես՝ հեծյալ արքան՝ ձախ ձեռքում երկու նիզակ, երրորդ նիզակը նետում է թռչող առյուծի վրա, վերևում հունարեն մակագրություն՝ «BAΣIΛEΩΣ / APΣAMOY» (Արքա Արսամեսի):
 
Նկ. 2. Ծոփքի թագավորություն, արքա Արսամես, մ․թ․ա․ III դարի երրորդ քառորդ, պղնձե դրամ
Դիմերես՝ արքա Արսամեսի կիսադեմը:
Դարձերես՝ Դիոսկուր երկվորյակների գլխարկները` խաչազարդ, երկու կողմից հունարեն մակագրություն՝ «ΒΑΣΙΛΕΩΣ ΑΡΣΑΜΟΥ» (Արքա Արսամեսի):
Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանում (Ք.ա. 189 թ. – Ք.հ. 1 թ.) Մեծ Հայքում հայոց արքաների կողմից թողարկվել են պղնձե և արծաթե դրամներ։ Տիգրան Բ Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.) դրամահատությունն իրականացվում էր թագավորության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում և այլն:
 
Նկ. 3. Մեծ Հայք, Արտաշեսյան թագավորություն, Տիգրան Բ Մեծ, Ք.ա. 95-55 թթ., արծաթե տետրադրախմա
Դիմերես՝ արքա Տիգրան Բ Մեծի կիսադեմը հինգ ծոպավոր հայկական խոյրով, որը զարդարված է երկու շրջված ու իրար նայող արծիվներով, որոնց միջև աստղ է:
Դարձերես՝ Տիխե աստվածուհին պարսպաձև թագով` ժայռին նստած, ձեռքին արմավենու ճյուղ, իսկ ոտքերի տակ Օրոնտես գետի աստվածությունը՝ լողացող մարդու կերպարով, հունարեն մակագրություն՝ «BAΣIΛEΩΣ / BAΣIΛEΩN / TIΓPANOY» (Արքայից արքա Տիգրանի):
 
Նկ. 4. Մեծ Հայք, Արտաշեսյան թագավորություն, Տիգրան Բ Մեծ, Ք.ա. 95-55 թթ., արծաթե տետրադրախմա
Դիմերես՝ արքա Տիգրան Բ Մեծի կիսադեմը հինգ ծոպավոր հայկական խոյրով, որը զարդարված է երկու շրջված ու իրար նայող արծիվներով, որոնց միջև աստղ է:
Դարձերես՝ Տիխե աստվածուհին պարսպաձև թագով` ժայռին նստած, ձեռքին արմավենու ճյուղ, իսկ ոտքերի տակ Օրոնտես գետի աստվածությունը՝ լողացող մարդու կերպարով, հունարեն մակագրություն՝ «BAΣIΛEΩΣ / TIΓPANOY» (Արքա Տիգրանի):
 
Նկ. 5. Մեծ Հայք, Արտաշեսյան թագավորություն, Տիգրան Բ Մեծ, մ․թ․ա․ 95-55 թթ., արծաթե դրախմա
Դիմերես՝ արքա Տիգրան Բ Մեծի կիսադեմը հինգ ծոպավոր հայկական խոյրով, որը զարդարված է երկու շրջված ու իրար նայող արծիվներով, որոնց միջև աստղ է:
Դարձերես՝ Տիխե աստվածուհին պարսպաձև թագով` ժայռին նստած, ձեռքին արմավենու ճյուղ, իսկ ոտքերի տակ Օրոնտես գետի աստվածությունը՝ լողացող մարդու կերպարով, հունարեն մակագրություն՝ «BAΣIΛEΩΣ / BAΣIΛEΩN / TIΓPANOY» (Արքայից արքա Տիգրանի):
Հելլենիստական ոճով ձևավորված հայկական դրամների պատկերագրությունն ու մակագրություններն ամբողջովին համահունչ էին ժամանակաշրջանի ոգուն. դիմերեսին միապետի դիմապատկերն էր, դարձերեսին` դիցաբանական խորհրդանշաններ, արքայի անունն ու տիտղոսը հունարեն:
 
Նկ. 6. Մեծ Հայք, Արտաշեսյան թագավորություն, Արտավազդ Բ, մ․թ․ա․ 55-34 թթ., արծաթե տետրադրախմա
Դիմերես՝ արքա Արտավազդ Բ-ի կիսադեմը հինգ ծոպավոր հայկական խոյրով` զարդարված աստղով:
Դարձերես՝ քառաձի մարտակառք և դա վարող թագակիր անձնավորությունը, հունարեն մակագրություն՝ «BAΣIΛEΩΣ / BAΣIΛEΩN / AΡTAΥAZΔOΥ / ΘΕΙΟΥ» (Արքայից արքա Արտավազդի աստվածային):
 
Նկ. 7. Մեծ Հայք, Արտաշեսյան թագավորություն, Արտավազդ Բ, մ․թ․ա․ 55-34 թթ., արծաթե դրախմա
Դիմերես՝ արքա Արտավազդ Բ-ի կիսադեմը հինգ ծոպավոր հայկական խոյրով` զարդարված աստղով:
Դարձերես՝ քառաձի մարտակառք և դա վարող թագակիր անձնավորությունը, հունարեն մակագրություն՝ «BAΣIΛEΩΣ / BAΣIΛEΩN / AΡTAΥAZΔOΥ» (Արքայից արքա Արտավազդի):
 
Նկ. 8. Մեծ Հայք, Արտաշեսյան թագավորություն, Արտաշես Բ, մ․թ․ա. 30-20 թթ., պղնձե դրամ
Դիմերես՝ արքա Արտաշես Բ-ի կիսադեմը հինգ ծոպավոր հայկական խոյրով:
Դարձերես՝ շան պատկեր, արամերեն մակագրություն։
Արտաշեսյան հարստության անկման ժամանակաշրջանում թողարկվել են Արտաշատ մայրաքաղաքի դիցուհի Տիխեի, հասկի և այլ պատկերներով քաղաքային պղնձե դրամներ, որոնց եզակի օրինակները ներկայացնում են Արտաշատի դրամաթողարկումները։
 
Նկ. 9. Արտաշատի քաղաքային թողարկում, պղնձե դրամ
Դիմերես՝ քաղաքի հովանավոր աստվածուհի թագակիր Տիխեի կիսադեմը:
Դարձերես՝ աստվածուհի Նիկեն, աջ ձեռքում` պսակ, հունարեն մակագրություն՝ «APTAΞICATωN ΜΗTΡΟΠΟΛΕωС» (Արտաշատ մայրաքաղաքի համայնքի կողմից):
Արշակունյաց հարստության ժամանակներից (66-428 թթ.) դրամներ որոշակիորեն հայտնի չեն: Արշակունիների իշխանության սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության դրամներով:
III դարի կեսերից Հայաստանում սկսում են շրջանառվել Սասանյան Իրանի, իսկ V դարի վերջից՝ նաև Բյուզանդական կայսրության դրամները:
VII դարի երկրորդ կեսին Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից հետո դրամաշրջանառությունը Հայաստանում կատարվել է Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ` Աբբասյանների դրամներով: Արաբական խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվել են արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և, շատ սահմանափակ քանակով, ոսկե դինարներ:
X դարի վերջից արաբական արծաթե դիրհեմներին փոխարինում են բյուզանդական ոսկե դրամները և պղնձե ֆոլիսները, որոնք տարածաշրջանում կատարում էին հիմնական դրամական միավորի դեր: XI-XII դարերում շրջանառության մեջ սկսում են թափանցել նաև սելջուկյան և այլ տեղական մահմեդական տիրակալների մետաղադրամները:
Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում (885-1045 թթ.) դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի փոքրիկ թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կյուրիկե Բ արքայի օրոք (1048-1089 թթ.) թողարկվել են պղնձե դրամներ՝ բյուզանդական պղնձե ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակությամբ։ Սրանք մեզ հայտնի առաջին հայատառ դրամներն են:
 
Նկ. 10. Տաշիր-Ձորագետի հայկական թագավորություն, Կյուրիկե Բ, 1048-1089 թթ., պղնձե դրամ
Դիմերես՝ Քրիստոսի կիսանդրին` ավետարանը ձեռքին, հայերեն մակագրություն՝ ՅՍ-ՔՍ (Հիսուս Քրիստոս):
Դարձերես՝ հայերեն մակագրություն՝ «+ՏՐ ՕԳՆԷ ԿՈՐԻԿԷԻ ԿՈՐԱՊԱՂԱՏԻՆ» (Տեր օգնիր Կյուրիկե Կյուրոպաղատին):
XI դարի վերջին Կիլիկիայում հիմնվեց Հայոց պետություն, որը գոյատևեց շուրջ երեք հարյուր տարի (1080-1375 թթ.): Իշխանապետության շրջանում (1080-1198 թթ.) Ռուբինյան իշխաններից ոմանք թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրում էին խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեին հայերեն գրություններ: Թագավորության շրջանում (1198-1375 թթ.), արքա Լևոն Ա-ից (1198-1219 թթ.) սկսած, առատորեն թողարկվել են արծաթե և պղնձե, երբեմն՝ բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք) դրամներ:
Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով։ Դրանք բոլորը խաչազարդ են։
Նկ. 11. Կիլիկիայի հայոց թագավորություն, Լևոն Ա, 1198-1219 թթ., արծաթե դրամ 
Նկ. 11. Կիլիկիայի հայոց թագավորություն, Լևոն Ա, 1198-1219 թթ., արծաթե դրամ
Դիմերես՝ Լևոն Ա թագավորը առյուծազարդ գահին նստած, հայերեն մակագրություն՝ «+ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՑ» (Լևոն թագավոր հայոց):
Դարձերես՝ խաչ երկու առյուծների միջև. հայերեն մակագրություն՝ «+ԿԱՐՈՂՈՒԹԲՆ ԱՍՏՈծՈՅ» (Կարողությամբ Աստծո):
 
Նկ. 12. Կիլիկիայի հայոց թագավորություն, Հեթում Ա, 1226-1269 թթ., արծաթե դրամ
Դիմերես՝ Զաբել թագուհին և Հեթում Ա թագավորը երկարաձող խաչ բռնած, հայերեն մակագրություն՝ «+ԿԱՐՈՂՈԻԹԻՒՆՆ ԱՅԷ» (Կարողությամբ Աստծո):
Դարձերես՝ խաչակիր առյուծ՝ դեպի աջ, հայերեն մակագրություն՝ «ՀԵԹՈԻՄ ԹՈԳԱՒՈՐ ՀԱՅՈՑ» (Հեթում թագավոր հայոց):

XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսում և արևելքում շրջանառվել են վրաց թագավորների, հիմնականում՝ Թամար թագուհու, պղնձե դրամները:
XIII դարի կեսից սկսած՝ Հայաստանի դրամաշրջանառության մեջ գերիշխող են դառնում մոնղոլական տիրակալների դրամները` արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը: Հետագայում դրամական գործարքները Հայաստանում սպասարկվում էին տեղական մահմեդական տոհմերի դրամներով:
XVI դարից մինչև 1820-ական թթ. Հայաստանի արևելյան մասում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում իրանական շահերի դրամներով: Ինչպես Իրանի բազմաթիվ քաղաքներում, XVI-XVIII դարերում Երևանում նույնպես թողարկվել են պղնձե, արծաթե և ոսկե դրամներ:
1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո Հայաստանում շրջանառության մեջ են մտնում ռուսական ոսկե, արծաթե և պղնձե դրամական թողարկումները։ Առաջին անգամ սկսում են շրջանառվել Ռուսական կայսրության թղթադրամները, իսկ փետրվարյան հեղափոխությունից հետո (1917 թ.)՝ նաև Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության թողարկումները:
 
 
Նկ. 13. Ռուսական կայսրություն, 500 ռուբլի անվանական արժեքով պետական վարկային տոմս
 
Նկ. 14. Ռուսական կայսրություն, 50 կոպեկ անվանական արժեքով թղթադրամ
Բաժնի նյութերին առնչվող հավելյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ ՀՀ կենտրոնական բանկի գրադարանում առկա գրականությունից.
  1. Խ. Ա. Մուշեղյան, Հայաստանի դրամական գանձերը, Հայկական ՍՍՀ ԳԱ, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան, 1973
  2. Paul Z. Bedoukian, Coinage of Cilician Armenia, American Numismatic Society, Danbury, Connecticut, 1979
  3. Խ. Ա. Մուշեղյան, Դրամական շրջանառությունը Հայաստանում (մ.թ.ա V դ. – մ.թ. XIV դ.), Հայկական ՍՍՀ ԳԱ, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան, 1983
  4. Ռ. Վարդանյան, Արտավազդ II-ի դրամները, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2004
  5. Ռ. Վարդանյան, Գ. Մուղալյան, Ա. Վարդանյան, Ա. Զոհրաբյան, Հ. Հովհաննիսյան, Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Երևան, 2018
  6. Ռ. Վարդանյան, Սիլլոգե հայկական դրամների, Հայաստան, Կիլիկիա. հատոր V, Լևոն IV, Կի, Կոստանդին III, Կոստանդին IV և Լևոն V, Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2020
  7. Ա. Զոհրաբյան, Հայաստանի դրամական տնտեսությունը III-X դարերում (սասանյան և արաբական ժամանակաշրջաններ), Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2021
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next