Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ

​​​​​​​

2011թ. սեպտեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալՎերադարձ

16/09/2011

 Untitled1111.jpg

2011 թ. սեպտեմբերի 6-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Ահարոն Չիլինգարյանը, Վախթանգ Աբրահամյանը: 
Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: 2011 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ նվազելով 1.5 տոկոսային կետով, վերադարձել է 4%±1.5տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք և կազմել 4.8%: Այս ցուցանիշում պարենային ապրանքների մասը կազմում է 3.7 տոկոսային կետ, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների մասերը համապատասխանաբար` 0.5 և 0.6  տոկոսային կետ:
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.6% գնանկում, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է պարենային ապրանքների գների 1.0% նվազմամբ (նպաստումը գնանկմանը -0.5 տոկոսային կետ)` ի հաշիվ «Միրգ» և «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գների համապատասխանաբար 13.6% և 4.9% անկման: Օգոստոսի գնանկումը որոշ չափով չեզոքացել է «Կաթնամթերք» և «Մսամթերք» ապրանքախմբերում գների համապատասխամաբար 1.5% և 1.2% աճերով, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է 0.2 տոկոսային կետ: Ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների ազդեցությունը չեզոք է եղել: 
2011 թ. օգոստոսին Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 7%, որի պարագայում հունվար-հուլիս ժամանակահատվածի ՏԱՑ-ը գնահատվել է 5%-ի շրջանակներում: Աճն ամբողջությամբ արդյունք է տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության, արձանագրված թողարկման ծավալների աճը: Արդյունաբերության ճյուղում թողարկման ծավալների աճը կազմել է 12.4%, գյուղատնտեսության ճյուղում` 11%-ով, որը գրեթե ամբողությամբ պայմանավորվել է բուսաբուծության ենթաճյուղի 37.3% աճով: Ծառայությունների ծավալներն աճել են 6%-ով, առևտրի ծավալները` 3.1%-ով: Շինարարության թողարկման ծավալները նվազել են 17%-ով: Նման խորը անկման պատճառը նախորդ տարվա համեմատությամբ միջազգային վարկերի, կազմակերպությունների և բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատումն է, որը փոքր-ինչ մեղմվել է պետական բյուջեի, համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների աճով:   
Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, արտահանման աճն արագացել է. 2011 թ. հունվար-հուլիսին գրանցվել է ապրանքների արտահանման 31.4% աճ, իսկ ներմուծման աճը շարունակաբար դանդաղում է. հունվար-հուլիսին այն կազմել է 8.7%:
Հարկաբյուջետային հատվածում շարունակվել են տարեսկզբի միտումները. արձանագրվել են տնտեսումներ ինչպես Կառավարության կողմից երրորդ եռամսյակի համար սահմանված համամասնությունների, այնպես էլ ԿԲ կանխատեսումների նկատմամբ, որը գնաճային միջավայրի վրա թողնում է զսպող ազդեցություն:  
Ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի օգոստոս ամսվա զարգացումները. ռեպո շուկայում նկատվել է տոկոսադրույքների նվազման միտում. շուկայական ռեպո տոկոսադրույքը հուլիս ամսվա նկատմամբ նվազել է 1.03 տոկոսային կետով` կազմելով 9.54%, իսկ միջբանկային ռեպո տոկոսադրույքը` 0.79 տոկոսային կետով` կազմելով 9.17%: Միաժամանակ, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ միջին տոկոսադրույքը նվազել է 0.9 տոկոսային կետով և կազմել 7.79%:
2011 թ. օգոստոսին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.29%-ով` կազմելով 367.07 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.56%-ով` կազմելով 526.45 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 3.22%-ով` կազմելով 12.74 դրամ:
Ֆինանսական շուկայի նշված զարգացումների պայմաններում դրամավարկային ցուցանիշների 12-ամսյա շարժերը հետևյալն են. օգոստոսի վերջի դրությամբ դրամային ագրեգատների 12-ամսյա աճերը գերազանցել են ընդհանուր ագրեգատների աճը. դրամային ավանդների շուրջ 49% և կանխիկի 16% աճերով պայմանավորված` դրամային զանգվածի աճը կազմել է 28.6%: Վերջինս և արտարժութային ավանդների 15.2% աճը հանգեցրել են փողի զանգվածի 22.6% աճի: Արդյունքում դոլարայնացման մակարդակը 12 ամիսների ընթացքում նվազել է 2.5%-ով: Բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճը օգոստոսի վերջին կազմել է 37%, ընդ որում, դրամով վարկավորումն ավելացել է 24%-ով:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: 
2011 թ. օգոստոսին միջազգային ֆինանսական և ապրանքային շուկաների զարգացումները պայմանավորվել են զարգացած երկրներում տնտեսական հիմնախնդիրների ներքո համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վատթարացմամբ: Այս իրավիճակում հիմնական հումքային ապրանքների շուկաներում արձանագրվեցին գնանկումային միտումներ, իսկ համեմատաբար  ցածր ռիսկայնությամբ ակտիվների և թանկարժեք մետաղների գներն արձանագրեցին նոր բարձրակետեր: Այս զարգացումները հաշվի առնելով խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք` որոշակի գնանկումային ռիսկերի դրսևորման հավանականությամբ: Սակայն շեշտադրեց, որ դեռևս պահպանվում են զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններով պայմանավորված համաշխարհային տնտեսության հեռանկարների անորոշությունները:
Խորհուրդը համակարծիք է, որ ներկայումս ներքին պահանջարկի ազդեցությունը գնաճային միջավայրի վրա նվազեցման ուղղությամբ է. մասնավոր ծախսումների ազդեցությունը գնահատվում է չեզոք, հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Չեզոք ազդեցություն ունեն նաև աշխատանքի շուկայի զարգացումները` արտադրողականության և անվանական աշխատավարձերի հարաբերակցության առումով:
Խորհուրդն ամփոփեց, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին, և կանխատեսվող հորիզոնում, պայմանավորված տարեսկզբին իրականացված դրամավարկային պայմանների խստացմամբ, հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթով, մասնավոր ծախսումների դանդաղ վերականգնմամբ, գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների աճով գնաճի տեմպերը շարունակելու են նվազել և այն մեծ հավանականությամբ կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ: Խորհուրդը նշեց, որ շաքարավազի գնի կտրուկ աճով պայմանավորված, հնարավոր է սեպտեմբերի վերջին 12-ամսյա գնաճը ձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի վերջին սահմանին մոտ կամ դուրս գալ այդ սահմանից, ինչը սակայն մտահոգիչ չհամարեց, քանի որ հաջորդող ամիսներին 12-ամսյա գնաճն արագորեն նվազելու է:
Քանի որ նկարագրված միջավայրն առաջիկա ժամանակահատվածի համար ոչ գանաճային է, խորհուրդը որոշեց թուլացնել դրամավարկային պայմանները, ինչը հնարավորություն կտա գնաճը կանխատեսվող հորիզոնում ձևավորել տատանումների թույլատրելի միջակայքի սահմաններում` միաժամանակ լրացուցիչ խթաններ ստեղծելով տնտեսական ակտիվության ավելացման համար:      
          2011 թ. սեպտեմբերի 6-ի նիստում Խորհուրդը որոշեց իջեցնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 8.0% մակարդակ, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքների համապատասխանաբար` 11.0% և 5.0% մակարդակներ:
 
 
 
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am

 

www.cba.am

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next