Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


2022 թ. օգոստոսի 2-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն Վերադարձ



ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
16.08.2022
2022 թ. օգոստոսի 2-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն


2022 թվականի օգոստոսի 2-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը և Հովհաննես Խաչատրյանը, խորհրդի անդամներ Արթուր Ստեփանյանը, Հասմիկ Ղահրամանյանը, Դավիթ Նահապետյանը, Արտակ Մանուկյանը, Լևոն Սահակյանը:
Խորհրդի նիստը սկսվեց օգոստոսի 2-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները: Քննարկման առանցքային թեմա էր միջազգային այցելուների և ֆինանսական մեծ ներհոսքի պայմաններում մակրոտնտեսական զարգացումները և ձևավորված խնդիրների լուծման՝ քաղաքականության հնարավոր ուղղությունները:  
Արձանագրվեց, որ 2022թ. հունիսին գրանցվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.8% գնանկման դիմաց: Այս ամիս ևս գնաճին հիմնականում նպաստել է ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների՝ համապատասխանաբար 0.7% և 0.6% աճը, իսկ պարենային ապրանքների գները նվազել են 0.1%-ով: Ծառայությունների ճյուղում պահպանվող բարձր պահանջարկով պայմանավորված՝ շարունակել է մեծ աճ արձանագրվել «Տրանսպորտ» և «Տարբեր ապրանքներ և ծառայություններ» ենթախմբերի  ապրանքների գներում՝ համապատասխանաբար 1.3% և 1.1% (ընդհանուր նպաստումը գնաճին՝ 0.2 տոկոսային կետ): Պարենային ապրանքների գների նվազումը պայմանավորվել է հիմնականում «Բանջարեղեն» ենթախմբի գների 16.9% նվազմամբ, որը զսպել է ամսական  գնաճը 1.0 տոկոսային կետով: Միաժամանակ, այդ ապրանքախմբում աճել են «Միրգ», «Հացաբուլկեղեն և ձավարեղեն» ու «Մսամթերք» ենթախմբերի գները՝ համապատասխանաբար 9.2%, 3.8% և 2.7% (ընդհանուր նպաստումը գնաճին՝ 0.8 տոկոսային կետ): Այս փոփոխությունների արդյունքում՝ 12-ամսյա գնաճն ավելացել է և ամսվա վերջին կազմել 10.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է` կազմելով 9.4%։
Ներկայացվեցին արտաքին հատվածի ընթացիկ զարգացումները: Արձանագրվեց, որ երկրորդ եռամսյակի ընթացքում Ռուսաստանի տնտեսության նկատմամբ շարունակվող պատժամիջոցների պայմաններում համաշխարհային արժեշղթաների խաթարումները պահպանվել են, սակայն առկա են դրանց մեղմման որոշակի դրական միտումներ: Այս գործոնների, ինչպես նաև ֆինանսական պայմանների սպասվող խստացումների ազդեցությամբ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության աճի տեմպերի դանդաղումը: Միևնույն ժամանակ, միջազգային ապրանքահումքային շուկայում գները մնում են պատմականորեն բարձր մակարդակում, չնայած նկատվում է գնաճային ճնշումների որոշակի թուլացում: Նման իրավիճակում զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Ռուսաստանի կենտրոնական բանկի կտրուկ և շատ խիստ արձագանքի արդյունքում գնաճը և գնաճային սպասումները նվազում են սպասվածից արագ տեմպերով, ինչի պարագայում միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումը կլինի ավելի քիչ ծախսատար՝ արտահայտվելով Ռուսաստանի բանկի կողմից տոկոսադրույքների արագ նվազեցմամբ:
Խորհուրդը քննարկեց ՀՀ տնտեսության զարգացումները և արձանագրվեց, որ 2022թ-ի երկրորդ եռամսյակում դիտվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի բարձր աճով: Դրական զարգացումներ են արձանագրվել նաև արտահանման ոլորտում, ինչը մեծամասամբ դրսևորվել է ՏՏ և մշակող արդյունաբերության ճյուղերում: Այս ամենով հանդերձ, բարձր տնտեսական աճին գերակշռող նպաստում են ունեցել պահանջարկի գործոնները, որոնք հիմնականում պայմանավորվել են դեպի Հայաստան միջազգային այցելուների և զբոսաշրջիկների, ինչպես նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների մեծածավալ ներհոսքով: Միաժամանակ փաստվեց, որ 2022թ-ին ներքին պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գնահատվում է երկրորդ եռամսյակի ծրագրում նախանշվածից որոշակիորեն ավելի զսպող, սակայն պահանջարկի նման դրական զարգացումների պայմաններում հավանաբար առկա է հարկաբյուջետային առավել զսպող քաղաքականության հնարավորություն: 
Քննարկվեցին ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ երկրորդ եռամսյակում շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները ձևավորվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ: Միջազգային այցելուների կողմից ներքին ծառայությունների նկատմամբ պահանջարկի (արտաքին պահանջարկի) զգալի աճի և արտերկրից ֆինանսական փոխանցումների մեծ ներհոսքի ազդեցությամբ ՀՀ արժութային շուկայում դիտվել է դրամի արժևորում: Միաժամանակ, նման մեծածավալ հոսքերի կլանման տեսանկյունից, արժութային շուկայում նկատված կարճաժամկետ խաթարումների և խնդիրների չեզոքացման նպատակով, ԿԲ-ն արժութային շուկայում ունեցել է որոշակի ծավալի իրավիճակային միջամտություն՝ արտարժույթի զուտ գնումների իրականացմամբ նպաստելով ֆինանսական շուկայի բնականոն գործունեությանը։
Խորհուրդն արձանագրեց, որ միջազգային այցելուների և զբոսաշրջիկների ձևավորած զգալի պահանջարկը էական նպաստում է ունենում ներքին գնաճային միջավայրի ընդլայնմանը: Վերջինիս դեռևս նպաստում են նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում պահպանվող բարձր գներից փոխանցվող ազդեցությունները: Այդուհանդերձ, ըստ ԿԲ գնահատման, արտաքին պահանջարկի ընդլայնմանը սովորաբար ուղեկցող դրամի արժևորումը մասամբ մեղմել է ներքին գնաճային միջավայրը ու նպաստել գնաճային սպասումների կայունացմանը:
Խորհուրդը լայն քննարկում ծավալեց ստեղծված մակրոտնտեսական իրավիճակում խնդիրների լուծման հարցում ԿԲ-ի և Կառավարության գործողությունների կոորդինացման անհրաժեշտության վերաբերյալ: Մասնավորապես, դիտարկվեց բարձր տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի պայմաններում կոորդինացված հարկաբյուջետային և դրամավարկային զսպող քաղաքականությունների իրականացման, հատվածային շոկի հաղթահարման ուղղությամբ հասցեական քաղաքականության գործիքների կիրառման արդյունավետության հարցը: Այս համատեքստում կարևորվեց պարբերաբար համատեղ քննարկումներ կազմակերպելու և հարցերին փոխհամաձայնեցված գործողություններով լուծումներ առաջարկելու հրամայականը:  
Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների քննարկումից հետո Խորհուրդն անցավ մակրոտնտեսական սցենարների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Կանխատեսող թիմը Խորհրդին էր ներկայացրել վերոնշյալ մակրոտնտեսական իրավիճակում առաջիկա տնտեսական զարգացման հեռանկարների, այդ թվում՝ դրամավարկային քաղաքականության համապատասխան գործողությունների սցենարներ: Դրանք հանգում էին ներքին բարձր պահանջարկի միջավայրում արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների շարունակման կամ ԱՄՆ ԴՊՀ կողմից ավելի խիստ արձագանքի պայմաններում արտաքին հատվածից գնանկումային ազդակների ձևավորման հավանական սցենարներին: Խորհրդի անդամները համակարծիք էին, որ ընդհանուր առմամբ դրական մեծ պահանջարկը էականորեն նպաստում է գնաճային միջավայրի ընդլայնմանը: Խորհրդի առանձին անդամների գնահատմամբ գնաճային գործոնները, այդ թվում՝ նաև արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ռիսկերը գերակշռում են և առաջիկայում կպահպանվեն, ուստի անհրաժեշտ է շարունակել դրամավարկային քաղաքականության հետևողական խստացումը և քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել համեմատաբար մեծ՝ 0.5 տոկոսային կետ քայլով: Խորհրդի անդամների մյուս մասի կարծիքով էլ ՀՀ հիմնական գործընկեր երկրների կենտրոնական բանկերի իրականացրած քաղաքականության արդյունքում արտաքին հատվածում գնաճն աստիճանաբար նվազում է, իսկ ՀՀ ԿԲ քաղաքականության նախկին գործողությունները, ինչպես նաև ՀՀ դրամի արժևորումը նպաստում են ներքին գնաճային միջավայրի թուլացմանը: Ուստի, չնայած բարձր ներքին պահանջարկին, գնաճի և գնաճային սպասումների կարգավորում հնարավոր է ապահովել դրամավարկային պայմանների ավելի փոքր քայլով խստացմամբ: Արդյունքում, ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով։ ԿԲ Խորհուրդը նաև հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի ներքո 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
ԿԲ Խորհուրդը գնահատում էր, որ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ, նախանշված  ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամուլի հաղորդագրությունը, որոնք կցվում են:



Տոկոսադրույքի որոշում

ԿՈԴ
050.0128 L. 02.08.22

02 օգոստոսի 2022 թվականի թիվ 128 L

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «գ» և «ե» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  
 
  Ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել 9.5%:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել 11.0%:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը սահմանել 8.0%:
4. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ մամլո հաղորդագրությանը (կցվում է):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում հրապարակման օրվան հաջորդող օրը։ 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ                                                    Ներսես Երիցյան    
  
         2022 թ. օգոստոսի 2
        ք. Երևան  


 
 
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
02.08.2022
 

2022թ. օգոստոսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%: 
2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 9.4%:
Երկրորդ եռամսյակի ընթացքում պահպանվել են համաշխարհային արժեշղթաների խաթարումները: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտարկվում է տնտեսական ակտիվության դանդաղում: Միջազգային ապրանքահումքային շուկայում նկատվում է գնաճային ճնշումների որոշակի թուլացում, սակայն գները շարունակում են մնալ պատմականորեն բարձր մակարդակում: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Սա կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական զսպմանը: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը որոշակիորեն կթուլանա, սակայն առաջիկայում դեռևս կպահպանվի:
2022թ-ի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում դիտվել է սպասվածից բարձր ակտիվություն: Այն դրսևորվել է հատկապես ծառայությունների ճյուղում: Դրական զարգացումներ են արձանագրվել նաև արդյունաբերության և արտահանման ոլորտում:   Տնտեսական բարձր աճի ձևավորման գործում գերակշռում են պահանջարկի գործոնները: Վերջինս շարունակում է մեծամասամբ պայմանավորվել միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնման և բարձր գնաճային սպասումների պահպանման: ՀՀ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը: 
Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի ներքո 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ  հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ, նախանշված  ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:


Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. (010) 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am 
www.cba.am 



Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next