22.06.2022Հրապարակվել է Կապիտալի
շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը Համընդհանուր ռեպո
գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ
ՀՀ-ում Գլոբալ ռեպո գլխավոր
համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային
ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը:
Այսօր ՀՀ կենտրոնական բանկում
տեղի է ունեցել GMRA իրավական եզրակացության հրապարակմանը նվիրված իրազեկման միջոցառում:
ԿԲ ֆինանսական համակարգի կայունության
և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, ողջունելով ներկաներին, նշել
է, որ այս նախագծի հիմքում ընկած է հայկական ռեպո շուկայի և աշխարհի մյուս շուկաների
միջև ավելի սերտ կապ ստեղծելու գաղափարը:
«Կարծում ենք՝ Հայաստանի պարտքային
շուկայի ներուժի օգտագործումն օգտակար կլինի ինչպես տեղական շուկայի մասնակիցների,
այնպես էլ միջազգային գործընկերների համար:
Այստեղ առանցքային է հայ գործակալների
համար միջազգային ռեպո գործարքներ կնքելու դյուրացումը: Հաշվի առնելով, որ GMRA-ն անդրսահմանային
ռեպո գործարքների համար ամենաընդունված գլխավոր համաձայնագիրն է, այն օտարերկրյա շուկայի
մասնակիցների համար երաշխիք կլինի, որ նրանք կարող են առանց իրավական խոչընդոտների
կնքել GMRA փաստաթղթավորված գործարքներ հայ գործընկերների հետ»,- նշել է Գարեգին Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով նախագծում
ներգրավված գործընկերներին և կարևորելով շուկայի մասնակիցների շրջանում
իրազեկվածության բարձրացումը:
Ասիական զարգացման բանկի ֆինանսական հատվածի գլխավոր տնտեսագետ
Ջոաո Պեդրո Ֆարինհայի խոսքով՝ GMRA իրավական եզրակացության հրապարակումը շրջադարձային
կետ է արժեթղթերի շուկայի զարգացման առումով: Ըստ նրա՝ այն Հայաստանի ֆինանսական շուկայի
բարեփոխման նոր փուլ է և դրական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության զարգացման
վրա:
«Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր
Վարուժան Ավետիքյանը, ով հանդիսանում է GMRA իրավական եզրակացության հեղինակը, միջոցառման
ընթացքում ներկայացրել է դրա առանցքային կետերը, ինչպես նաև կարևորությունն միջազգային
գործարքների համար:
Նշենք, որ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի, ICMA-ի,
Ասիական զարգացման բանկի և «Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերության համատեղ
ջանքերով:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. (010) 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am