Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ելույթը ԿԲ-ում 2021 թվականի տարեվերջի ընդունելությանը Վերադարձ



Մեծարգո պարոն Վարչապետ, 

Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք,  

Ավարտին է մոտենում 2021 թվականը և հետահայաց նայելով կարելի է փաստել, որ այն մեր տնտեսության համար որոշակի դժվարությունների տարի էր։ Այնուամենայնիվ, կարող ենք գնահատել, որ մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ կարողացել ենք պահպանել գների և ֆինանասական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։ 
Այսպես, տարեսկզբից մենք բախվեցինք ՀՀ տնտեսություն ներթափանցած զգալի արտաքին գնաճային ճնշման։ Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի գերխնդիրն էր գների կայունությունն ապահովել տնտեսության համար նվազագույն ծախսերով։ Այդ առումով տարվա ընթացքում վարած մեր դրամավարկային քաղաքականությունը գնահատում ենք շատ հավասարակշռված։ Ճիշտ է, գնաճը այսօր բարձր է մեր սահմանած նպատակային մակարդակից, բայց Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում այն աստիճանաբար կնվազի՝ մոտենալով թիրախային ցուցանիշին։ Տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափավոր բարձրացումը թույլ տվեց նախևառաջ խուսափել գնաճի ավելի վատ սցենարից, խարսխել բնակչության գնաճային սպասումները՝ միևնույն ժամանակ չխոչընդոտելով պահանջարկի վերականգնումը։ Եվ չնայած մոտակա ամիսներին արդեն մենք ականատես կլինենք գնաճի ցուցանիշի որոշակի նվազման, սակայն ամեն դեպքում պետք է շարունակել պահպանել զգոնությունը, քանի որ արտաքին աշխարհի գնաճը չի թուլանում, և գալիք տարին դեռևս իր մեջ պարունակում է զգալի գնաճային ռիսկեր և մարտահրավերներ։

Ֆինանսական կայունության առումով 2021 թվականը նույնպես դյուրին չէր։ 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած ցնցումները իրենց անխուսափելի ազդեցությունն ունեցան ֆինանսական համակարգի ընթացիկ տարվա արդյունքների վրա։ Տարեսկզբից, անորոշությունների զգալի աճի պարագայում, թե՛ տնտեսությունը, և թե՛ ֆինանսական համակարգը կրճատեցին իրենց ռիսկի ախորժակը, ինչն անդրադարձավ բանկային համակարգի վարկային ներդրումների վրա՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա Կառավարության ծրագրերով իրականացրած զգալի վարկավորումը։ Այնուամենայնիվ մեր ֆինանսական համակարգը ոչ միայն ունակ եղավ հաղթահարել այդ դժվարությունները, այլ նույնիսկ զգալի նպաստում ունեցավ երկրի տնտեսական խնդիրների մեղմմանը։ Ֆինանսական հաստատությունները որոշակի բեռ վերցրեցին նաև սոցիալական խնդիրների աջակցման համար՝ ինչպես համավարակի, այնպես էլ պատերազմի հետևանքների հաղթահարման առումով։ Կարող ենք փաստել, որ վերջին տվյալներով արդեն նկատվում է վարկային ներդրումների վերականգնում և գալիք տարին մենք վստահաբար կմտնենք և կավարտենք ֆինանսական միջնորդության դրական զարգացումներով։ 

Ընդ որում, կցանկանայի հատուկ նշել, որ Հայաստանում գների և ֆինանսական կայունությունը ապագայում նույնպես երաշխավորված է, և դրա գրավականը ոչ թե առանձին ցուցանիշներ են, օրինակ միջազգային պահուստները, կամ բանկերի կապիտալը, այլ Կենտրոնական բանկի անձնակազմի գիտելիքն ու պրոֆեսիոնալ կարողություններն են, որոնք թույլ են տվել դիմագրավելու բազում ցնցումների և շատ անգամ են արժանացել մեր ներքին և միջազգային գործընկերների բարձր գնահատանքին։

2021 թվականի Կենտրոնական բանկի կարևոր ձեռքբերումների շարքին կարելի է դասել նաև նոր ռազմավարությունը, որտեղ ներկայացված են Կենտրոնական բանկի առաքելությունը, տեսլականը և արժեքները, ինչպես նաև մեր կառույցի և քաղաքականության զարգացման հիմնական ուղղությունները: Կցանկանայի հատուկ շեշտել մեր ռազմավարության համար անկյունաքարային հանդիսացող ֆինանսական ոլորտի թվայնացման օրակարգը։ Քսանմեկերորդ դարում թվային հասարակություն, թվային միջավայր և թվային հասանելություն ունենալն այլևս անհրաժեշտություն է և, կարծում եմ, թվայնացումը այն ուղին է, որը մեր քաղաքացիներին թույլ կտա օգտվել ավելի հասանելի և հարմար ֆինանսական ծառայություններից։ Կարծում եմ, որ թվային տնտեսություն և հասարակություն ձևավորելու Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ օրակարգը, Կառավարության առաջնորդման ներքո, կհանդիսանա ֆինանսների թվային վերափոխման հիմնաքարը և ուզում եմ հավաստիացնել, որ Կենտրոնական բանկը և ֆինանսական համակարգը ամենայն պատվախնդրությամբ է իրականացնելու իր վրա դրված բարձր պատասխանատվությունը։ 

Կարող ենք նաև փաստել, որ Կենտրոնական բանկը ներկայումս թևակոխել է վերափոխման մի նոր փուլ, ինչն աստիճանաբար սկսում է արտահայտվել մեր գործունեության տարբեր ոլորտներում։ Այս ճանապարհին մենք զգում ենք մեր հասարակության, Ազգային Ժողովի և Կառավարության աջակցությունը և լիահույս ենք, որ մի քանի տարի հետո կունենանք էլ ավելի կարող, առաջադեմ, հետազոտական և նորարարական գերազանցության վրա հիմնված ամուր ինստիտուտ, որը կշարունակի առաջնորդել մեր տնտեսության զարգացումը գների և ֆինանսական կայունության ապահովման իր առաքելության ներքո։ 

Մաղթում եմ բոլորիս հա​ջողություններով և ձեռքբերումներով լի նոր տարի։ 

Շնորհավոր 2022 թվական
 ​

​​​​​




 
 ​
 
​ 
 

​​ ​​​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next