ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ12.09.2023
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.75 տոկոս
2023 թ. սեպտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %:
2023 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և օգոստոսի վերջին կազմել է 0.4%:
Համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման ռիսկերն էականորեն ավելացել են: Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները մնում են բարձր: Հետևաբար, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել հարաբերական զսպող դրամավարկային քաղաքականություն: Ֆինանսական խիստ պայմանների և համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղման ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կշարունակեն ձևավորվել ցածր մակարդակներում: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն:
2023 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է՝ դեռևս պահպանվելով բարձր մակարդակում: Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Վերջիններս կրում են տնտեսությունում պահպանվող ներքին և արտաքին բարձր պահանջարկի ազդեցությունները: Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում գնաճին նպաստող բարձր պահանջարկը և գնաճային սպասումները որոշակիորեն նվազել են: Այդուհանդերձ, ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար դանդաղ տեմպերով:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2023թ. սեպտեմբերի 27-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2023 թ. երրորդ եռամսյակի ծրագրում):
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am