Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


«Հայկական դրամը Հայաստանի անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկն է». Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան Վերադարձ



05.09.2023 
«Հայկական դրամը Հայաստանի անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկն է». Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
 

Հայկական դրամի 30-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովի հիմնական քննարկումները ծավալվեցին գլոբալ և տարածաշրջանային անորոշությունների շուրջ, որոնք ռիսկեր են առաջացնում երկրների տնտեսությունների և կենտրոնական բանկերի` գնաճը զսպելու քաղաքականության համար հատկապես քովիդյան ճգնաժամից հետո:
 
ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում սեպտեմբերի 2−3-ը «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով անցկացված գիտաժողովը չէր առնչվում միայն դրամին կամ Հայաստանի ֆինանսական շուկային: Այն անդրադառնում էր գլոբալ և տարածաշրջանային գործընթացների, ֆինանսական շուկաների, գնաճային և տնտեսական շոկերի ընդհանուր հիմնախնդիրներին: Գիտաժողովին Հայաստանի և միջազգային ֆինանսական ու ակադեմիական շրջանակներից հրավիրված փորձագետներն ու բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեցին հետքովիդյան աշխարհին բնորոշ խնդիրները և ռիսկերը, դրանց արդյունավետ կառավարման հարցերը:
 
Հայաստան` բաց տնտեսություն «անկայուն անկյունում»
 
«Այս տարի լրանում է հայկական դրամի 30-ամյակը, որը Հայաստանի անկախության և պետականության ամենակայուն և ճանաչելի խորհրդանիշներից մեկն է», - գիտաժողովի բացման խոսքում նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` նկատելով, որ գիտաժողովը մտքերի փոխանակման մի յուրօրինակ հարթակ է, որը միավորում է աշխարհի պետական, տնտեսական և ակադեմիական շրջանակների նույնախոհ առաջնորդներին:
 
Խոսելով Հայաստանի անցած ճանապարհի մասին՝ ԿԲ նախագահը նկատեց, որ փոքր, զարգացող, բաց շուկայական տնտեսությունը` Հայաստանը, գտնվում է աշխարհի պատմականորեն «անկայուն անկյունում»: «Մենք Հայաստանում խորապես գիտակցում ենք, որ չենք կարող ապավինել բախտին կամ իներտությանը՝ մեր երկրում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար: Ռիսկերը միշտ էլ կան, որոշներն ավելի վտանգավոր են, քան մյուսները, և դրանցից շատերն իրականանում են», - ասաց ԿԲ նախագահը: 
 
Նման պայմաններում հատկապես կարևորվում է լավ կառավարումը, որի էությունը, ըստ ԿԲ նախագահի, «ցանկացած փոթորկի դիմակայելու կարողությունն է»:  «Հարցն այն չէ, թե արդյո՞ք մենք կարող ենք ընդհանրապես խուսափել այդ ռիսկերից, այլ այն, թե արդյո՞ք մենք ունենք դրանց արդյունավետ կառավարման համակարգ», - մանրամասնեց նա: 
 
«Քովիդի համաճարակի ընթացքում բացահայտվեց դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության կարևոր դերը երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման գործում»-, նկատեց ԿԲ նախագահը` հիշեցնելով, որ երբ գնաճային ճնշումները սկսեցին ի հայտ գալ, անորոշություն առաջացավ դրանց պատճառների վերաբերյալ: Սա ստեղծեց նոր հաղորդակցության և վստահության մարտահրավերներ կենտրոնական բանկերի համար: Այս խնդիրներն արդիական էին անցյալ դարի 80-ականներին, և շատերը դրանք լուծված էին համարում, ընդգծեց նա: 
 
ՀՀ կենտրոնական բանկի ղեկավարը շեշտեց տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ չնայած հաճախակի տնտեսական և աշխարհաքաղաքական ցնցումներով պայմանավորված դժվարություններին։ Նա նաև նշեց, որ ֆինանսական քաղաքականությունը, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը օրեցօր էլ ավելի փոխկապակցված են դառնում և պահանջում  սերտ համագործակցություն։
 
ԿԲ նախագահը կարևորեց նաև այն հանգամանքը, որ գլոբալ մասնատումը (ֆրագմենտացիա) կարող է ռիսկեր ստեղծել կապիտալի համաշխարհային հոսքերի առումով և դժվարություններ առաջացնել կապիտալի միջազգային շուկաներ մուտք գործելու համար։ Հետևաբար՝ համակարգված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունն առանցքային դեր է խաղում ներքին տնտեսության համար՝ նման ազդեցությունները կառավարելու և անկայունությունը մեղմելու գործում:
 
«Առկա ֆինանսական գործիքները բավարար չեն»
 
Հետքովիդյան աշխարհում ֆինանսատնտեսական անորոշությունների կառավարման հարցում կարգավորող կառույցների և համակարգված քաղաքականության դերն իր ելույթում ընդգծեց նաև գիտաժողովին հրավիրված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Քովիդից հետո կյանքը փոխվել է: Այն, ինչ տեղի ունեցավ քովիդի ժամանակ.... ֆինանսական համակարգը մի մեծ փորձության ենթարկեց», - նկատեց Խաչատուրյանը` հավելելով, որ  համավարակը ցույց տվեց գոյություն ունեցող ֆինանսական գործիքների անբավարար լինելը, և այդ ճգնաժամից հետո խնդիրն ավելի բարդացավ: 
 
Այն, որ քովիդի հետևանքներին դիմակայելու և արագ վերականգնվելու նպատակով շատ երկրների կառավարություններ մարդկանց բաժանեցին տրիլիոնավոր դոլարներ, նախագահի խոսքով, պետք է հետագայում իրեն զգացնել տար: «Ինչքանո՞վ էր հաշվարկված և կառավարելի դրա ազդեցությունը: Կյանքը ցույց տվեց, որ դրա ազդեցությունը ո՛չ հաշվարկված էր, ո՛չ էլ կառավարելի», - ընդգծեց նա` հավելելով, որ արդեն երկու տարի է, ինչ ամբողջ աշխարհը փորձում է գնաճը զսպել ավանդական գործիքներով, բայց դրանք չեն աշխատում: 
 
«Մենք հայտնվեցինք մի միջավայրում, որը կարիք ունի այլ կարգավորման: Դեռևս այդ ճանապարհը գտնված չէ: Իհարկե, բոլոր կենտրոնական բանկերն անցան ավանդական գործիքակազմին, որը կոչվում է «թանկացնել փողը», և այդպես գնաճի դեմն առնել: Շատ երկրներում, այդ թվում և մեր երկրում, դա հաջողվել է: Դա միակ գործիքն է, չկային այլ գործիքներ», - նշեց նախագահը` նկատելով, որ այժմ կարևոր է գնահատել նաև թվային դարաշրջանից եկող ռիսկերը: 
 
«Շատ դեպքերում դրանք տեսանելի չեն և գնահատման կարիք ունեն՝ հատկապես արհեստական բանականության հետ կապված խնդիրը.... Կարիք կա հասկանալու` ինչ է նշանակում դա, ինչ ազդեցություն է ունենալու այն առօրյա մեր կյանքում, մեր սոցիալական միջավայրի վրա և տնտեսական կյանքում», -նկատեց նախագահը: 
 
Սպասվում է տնտեսական աճի դանդաղում
 
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը կարևորեց վստահությունն արժույթի նկատմամբ, որը Հայաստանում, նրա խոսքով, առկա է և տեսանելի: 
 
«Իմ հանդիպումների ժամանակ հասկացա, որ Հայաստանի քաղաքացիները վստահում են դրամին», - ասաց նա` դիտարկելով այդ վստահությունը ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի զարգացման պատմության համատեքստում, երբ երկիրն առերեսվեց 1990 թ. հիպերինֆլյացիային և իրականացրեց տնտեսության վերափոխումը:
 
Դրամի պատմական զարգացման առումով նա կարևորեց դեպի շուկայական և կայուն տնտեսությանն անցման երկու կարևոր իրադարձություն` Կենտրոնական բանկի հիմնում և դրամի ներդրում: 
 
Թեպետ անորոշություններն ու ռիսկերը ներկայում չեն նվազում, այնուամենայնիվ, նա կոչ արեց խորհել տարածաշրջանում զարգացման հեռանկարների մասին, որոնք սերտ փոխկապակցված են նաև նոր միտումների` թվային արժույթի, թվային տնտեսության զարգացման հետ: Առաջիկա տարիները, ըստ նրա, կարևոր են հատկապես այդ ռիսկերին արձագանքելու արդյունավետության տեսանկյունից: 
 
Ջիհադ Ազուրը նաև զգուշացրեց, որ տարածաշրջանում սպասվում է ներկայիս տնտեսական աճի բարձ տեմպի թուլացում՝ մինչև 4,2 տոկոս: Տարածաշրջանը գտնվում է կապիտալի և ֆինանսների հոսքերի խաչմերուկում և կենտրոնական բանկերը դրան պետք է արդյունավետ արձագանքեն:

Նոր թվային միջավայրում լավ կողմնացույցի կարիք ունենք

«Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Ուզանը, ուշադրություն հրավիրելով գիտաժողովի թեմային, նշեց. «Երբ մենք խոսում ենք նոր թվային դարաշրջանում կողմնորոշման մասին, պետք է մտածենք` արդյո՞ք ունենք լավ կողմնացույց նոր թվային միջավայրում կողմնորոշվելու համար»: Նրա խոսքով՝ քննարկումներում պետք է հաշվի առնել գլոբալ գործընթացները` մասնատման  ռիսկերը, գլոբալ տնտեսությունում փոխգործակցությունը, թվայնացումը, կենտրոնական բանկերի թվային արժույթի ներդրումն ու միջազգային ֆինանսական համակարգի էվոլյուցիան և տարածաշրջանային միությունների ձևավորումը: Ուզանի կարծիքով՝ այս գործընթացները վերաբերում են բոլորին, այդ թվում փոքր և բաց տնտեսություններին, ուստի պետք է միասին շարժվել առաջ: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԲ ղեկավարությանն ու աշխատակազմին՝ Հայկական դրամի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի գիտաժողով կազմակերպելու համար:


Ելույթների ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:​

 
 
 
 
 
 
 
 
 
 






































________________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (010) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​​​​​ ​​​​​
​​​​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next