Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի բացման խոսքը «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողովին Վերադարձ



Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի բացման խոսքը «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողովին
 
Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, սեպտեմբերի 2, 2023
 

Տիկնայք և պարոնայք,
 
Ինձ համար առանձնակի պատիվ է ողջունել բոլորիդ «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» խորագրով գիտաժողովին, որն անց է կացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ։

Այս տարի լրանում է Հայաստանի անկախության և պետականության կարևոր ու ճանաչելի խորհրդանիշներից մեկի՝ հայկական դրամի 30-ամյակը: Նշելով դրամի տարեդարձը և խորհելով Հայաստանի համար ավելի բարեկեցիկ ու կայուն տնտեսական ապագա ստեղծելու ուղղությամբ կատարված աշխատանքի մասին՝ մենք վերստին խորապես գիտակցում ենք մեր երկրի, մեր տարածաշրջանի և ընդհանրապես ողջ աշխարհի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը։ Այս գիտաժողովը նպատակ ունի  ծառայելու որպես մտքերի ձևավորման միջավայր, որն իր հարկի տակ է հավաքել աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերի, կառավարությունների, գիտական ընկերակցությունների և այլ օղակների նույնախոհ  առաջնորդներին: Առաջիկա երկու օրվա ընթացքում կուսումնասիրենք, թե ինչպես են մեր առջև ծառացած տնտեսական, աշխարհաքաղաքական և կլիմայական մարտահրավերները մեզ մղում հիմնովին վերանայելու դրամավարկային, մակրոպրուդենցիալ և հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու մեթոդները: Լիահույս եմ, որ  գիտաժողովը ընդհանուր տեսլական ձևավորելու հարթակ կծառայի՝ այս մարտահրավերներին դիմակայելու և մեր երկրներում ու դրանց սահմաններից դուրս ավելի կայուն, շարունակական և ցանկալի աճի ու բարեկեցության ավելի լավ հիմքեր ստեղծելու ճանապարհին:

Ուզում եմ ելույթս սկսել հակիրճ նկարագրելով այն ուղին, որը մեզ այստեղ է բերել: Լինելով փոքր, զարգացող, բաց շուկայական տնտեսություն՝ Հայաստանը գտնվում է աշխարհի պատմականորեն անկայուն մի անկյունում, որտեղ մենք պարզորոշ - գիտակցում  ենք - փաստը, որ չենք կարող ապավինել բախտի քմահաճույքին կամ իներտ լինելուն՝ մեր երկրում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար: Ռիսկեր միշտ էլ կան, և դրանց մի մասը՝ հատկապես վտանգավոր․ շատերն իսկապես նյութականանում են: Արդյունավետ կառավարման և քաղաքականության գրագետ մշակման բուն էությունն այն է, որ կարողանանք հաջողությամբ դուրս գալ ամեն տեսակ փոթորկից կամ, ինչպես Օլիվյե Բլանշարն է բնութագրում՝ «մութ անկյուններից, որտեղ վտանգն է դարանակալել»: Հարցը միայն այն չէ, թե արդյո՞ք կարող ենք ընդհանրապես խուսափել այդ ռիսկերից, այլ նաև այն, թե  ձեռքի տակ ունե՞նք դրանց արդյունավետ կառավարման մոտեցումներ ու համակարգ: Հեռահայաց քաղաքականություն մշակելիս մեր մտածելակերպն օգնո՞ւմ է մեզ մեղմել, և ոչ թե խորացնել ռիսկերն ու անորոշությունները, որոնց բախվում ենք:

Քովիդյան ճգնաժամը և դրան  հաջորդած ժամանակաշրջանը ցույց  տվեցին, որ այս խնդիրը ոչ միայն զարգացող տնտեսությունների համար է արդիական: Եթե «Մեծ Հանդարտեցումը» զարգացած տնտեսություններում քաղաքականություն մշակողներին հասցրել էր որոշակի իներտ վիճակի, ապա Քովիդ 19-ը շատ արագ առաջին պլան մղեց այն առանցքային դերը, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունն ու ինստիտուտները կատարում են երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման գործում: Երբ սկսեցին ի հայտ գալ գնաճային ճնշումները, դրանց առաջացման աղբյուրների շուրջ եղած անորոշությունը հաղորդակցման և հեղինակության խնդիրներ ստեղծեց կենտրոնական բանկերի համար, խնդիրներ, որոնք, շատերի կարծիքով, լուծվել էին դեռ 80-ականներին: Զարգացած տնտեսություններում հետքովիդային շրջանը եկավ հիշեցնելու, որ քաղաքականության հանդեպ վստահությունը չի կարելի համարել ինքնին տրված, որ անորոշությունը և քաղաքականության սխալները կարող են բարեկեցության համար բացասական լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ, գնաճի դեմ պայքարում վճռորոշ նշանակություն ձեռք բերեց դրամավարկային իշխանություններին աջակցելուն հարկաբյուջետային քաղաքականության կապը, մասնավորապես՝ պարտքի կայունության և երկարաժամկետ գլոբալ տոկոսադրույքների վրա վերջինիս ազդեցության հետ կապված մտահոգությունների պայմաններում:

Հայաստանում 2020 թվականին հաջորդած ժամանակահատվածը բնութագրվում է իրար հաջորդող շարունակական  ճգնաժամերով, ինչը մեզ ստիպեց վճռական և բավականաչափ ագրեսիվ գործել՝ մակրոտնտեսական և գների կայունությունը պահպանելու համար։ Ճիշտ է, մենք համարժեքորեն արձագանքեցինք այս ռիսկերին և կարողացանք խուսափել մակրոտնտեսական կամ գների անկայունության «մութ անկյուններից», բայց ճգնաժամերի հաջորդականությունը մեզ ստիպեց  հիմնարար հարցադրումներ անել արդյունավետ քաղաքականության մշակման և համապատասխան  մոտեցումների բնույթի վերաբերյալ: Այսպիսի բարձր անորոշության պայմաններում ինչպե՞ս կարող է միակողմ մեկնաբանություն տրվել տեղի ունեցողին և կանխատեսել այդ ապագան հստակության որևէ աստիճանով: Հաղորդակցման ո՞ր տեսակն է, որ արդյունավետ կերպով կարող է բացահայտել քաղաքականության քննարկումների հարստությունն ու բարդությունը՝ առանց նվազագույնի հասցնելու մեր առջև ծառացած անորոշությունը կամ սահմանափակելու մեր քաղաքականության ճկունությունը: Ըստ էության, ինչի՞ մասին է դրամավարկային քաղաքականությունը. հանդես գալ իբրև ամենահավանական ապագայի փորձագետ կանխատեսող կամ ամենաարդյունավետ ձևով կառավարել ռիսկերի ու անորոշության բարձր աստիճանը, որ միշտ գտնվում է քաղաքականության մշակման հիմքում: Նման խորհրդածության արդյունքում մենք մշակեցինք Կանխատեսման և քաղաքականության վերլուծության FPAS Mark II համակարգը՝ դրամավարկային քաղաքականության մշակման գոյություն ունեցող մոտեցումների մեջ լավագույն ծավալումը։ Նպատակը՝ ավելի հստակ արձագանքել ներկա ժամանակի քաղաքականության, մեր համոզմամբ, ամենամեծ հրամայականին. համարժեքորեն և համակարգված զբաղվել ռիսկերի և անորոշության խնդիրներով: Ընդգծեմ, որ գործուն մոտեցումները միայն գործընթացներին և քաղաքականությանը չեն վերաբերում. կուռ, ժամանակի փորձությանը դիմացող մոտեցումները լուրջ ներդրումներ են պահանջում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և, որ ամենակարևորն է, այն չափանիշների հաստատման նպատակով, որ մենք սահմանում ենք դրանք գործադրող մարդկանց և թիմերի համար: Վաղն առավոտյան՝ մեր առաջին նիստում, հնարավորություն կունենանք շատ ավելի մանրամասն քննարկելու այս գաղափարը։

Եթե ավելի լայն հայացք նետենք Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածաշրջանին՝ պետք է փաստենք, որ հաճախակի ցնցումների ու տատանումների, ինչպես նաև ներկա իրավիճակից ածանցվող ռիսկերի նկատմամբ մեր շարունակական զգայունությունը իրական ներդրումներ և փոփոխություններ է պահանջում բոլորիցս: Դա սկսվում է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում և՛ մշտական, և՛ նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտ ինստիտուցիոնալ և մարդկային կապիտալի կարողությունների և մոտեցումների զարգացմամբ: Ավելին, հարափոփոխ միջավայրն աղավաղում է դրամավարկային,  ֆինանսական  և հարկաբյուջետային քաղաքականությունների սահմանները՝ պահանջելով ավելի մեծ փոխկապվածություն և գործակցություն այս ոլորտների միջև: Այնպիսի գործոններ, ինչպիսիք են սոցիալական բարեկեցության նախաձեռնությունները, կլիմայի փոփոխությունը և արժույթի թվայնացումը, բավականին բարդ տարրերով իրար են շաղկապում այս քաղաքականությունները:

Վերջին ժամանակների տնտեսական և աշխարհաքաղաքական իրադարձությունները մատնանշում են նաև գլոբալ հատվածայնության ռիսկերի հնարավոր հետևանքները համաշխարհային ֆինանսական համակարգի համար և, մասնավորապես, դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի զարգացող տնտեսությունների զարգացման ներուժի վրա: Անշուշտ, ապագլոբալացման ուղղությամբ տեղաշարժերը կարող են ռիսկեր ստեղծել կապիտալի համաշխարհային հոսքերի համար և իրական մարտահրավերներ ձևավորել կապիտալի միջազգային շուկաների հասանելիության առումով՝ ԿԿԱ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս զարգացող շուկայական տնտեսությունների երկարաժամկետ աճի ներուժի վրա իրական հետևանքներով հանդերձ: Սրանով ընդգծվում է նաև, թե որքան կարևոր է համակարգված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ներքին տնտեսության վրա հիշյալ ռիսկերի ազդեցությանը դիմագրավելու և անկայունությունը մեղմելու տեսանկյունից: Այստեղ միջազգային կառույցների (ԱՄՀ և այլն) դերը կարևոր է համաշխարհային ֆինանսական համակարգի ամբողջականությունն ապահովելու և զարգացող երկրների՝ կապիտալի շուկաներ կայուն հասանելիությունը սատարելու համար:

Բազմաթիվ մարտահրավերների պայմաններում տարածաշրջանային կայունությունը պահպանելու մեր կարողությունը ոչ պակաս կախված է տարածաշրջանային համագործակցության արդյունավետությունից և կենտրոնական բանկերի ու ֆինանսական հաստատությունների միջև փորձի ու գիտելիքների շարունակական փոխանակումից: Այս գիտաժողովի ընթացքում անդրադառնալով իրական եվրասիական ինտեգրման շարժիչ ուժերին՝ կցանկանայի ընդգծել Արժույթի միջազգային հիմնադրամի և, մասնավորապես, Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Մոնղոլիայի տարածաշրջանային կարողությունների զարգացման կենտրոնի՝ CCAMTAC-ի կարևոր դերն այս տեսլականին նեցուկ լինելու գործում: CCAMTAC-ն արագորեն վերածվում է դրամավարկային, հարկաբյուջետային և մակրոտնտեսական կարողությունների զարգացման, գիտելիքների ընդլայնման ու փոխանակման տարածաշրջանային կենտրոնի, և մենք հատկապես ուրախ ենք բոլոր անդամ երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի և ԱՄՀ առանցքային դերակատարության համար։
Ելույթս ռիսկի և անորոշության թեմաների շուրջ կենտրոնացնելով՝ չեմ ուզում տպավորություն լինի, թե իբր աշխարհում ամեն ինչ անհուսորեն դատապարտված է ու մռայլ: Տնտեսական նոր իրողությունները խելամտորեն կառավարելու մեր պատասխանատվությունը կարևոր ոգեշնչում է ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների զարգացման համար ոչ միայն ՀՀ ԿԲ-ում, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ  կցանկանայի ընդգծել այն անհավանական հնարավորությունները, որ թվայնացումը տրամադրում է Հայաստանում կայուն, երկարաժամկետ աճի համար: ՀՀ ԿԲ-ն, ծառայելով որպես պետական և մասնավոր հատվածների միջև կարևոր հանգույց, առաջատար դեր է ստանձնել Հայաստանում թվային հասարակության և տնտեսության կառուցման գործում՝ ձևավորված ամուր ինստիտուցիոնալ կառուցակարգի շուրջ, որը համապատասխանում է ամենաբարձր միջազգային չափանիշներին: Թվային հասարակության և տնտեսության տեսլականը կառուցվում է համապարփակ էլեկտրոնային նույնականացման ազգային հարթակի և կիբեռանվտանգության կուռ շերտի փոխլրացնող սյուների վրա, որոնք փոխկապված են տվյալների կայուն փոխգործունակության և կառավարման լավագույն չափորոշիչներով: Նախաձեռնել ենք նաև ազգային վճարային ենթակառուցվածքի վերանայում՝ նպատակ ունենալով ապագայում պաշտպանելու մեր վճարային համակարգը՝ այն դարձնելով ավելի ամուր, ավելի դիմացկուն և ավելի ինտեգրված, որպեսզի հնարավոր լինի բավարարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարիքները:

Միևնույն ժամանակ, մենք մշտապես գիտակցում ենք թվայնացման հետ կապված ռիսկերը, այդ թվում՝ թվային տնտեսությունում գործարքների արագությունն ու չափը, որոնք կարող են ապագայում սպառնալիք դառնալ ֆինանսական կայունության համար: Մեր ուշադրության տիրույթում են շարունակում մնալ նաև այն ռիսկերը, որոնք բխում են կրիպտոակտիվների տարածումից և որպես բորսաներ ներկայացող չլիցենզավորված բանկերից: Թվային դրամի գաղափարը նույնպես հանրային հաճախակի քննարկման թեմա է, և մենք շեշտում ենք այս տեսակի արժույթի համար ամուր ենթակառուցվածքն ապահովելու և դրա վերաբերյալ համապարփակ պատկերացում ձևավորելու անհրաժեշտությունը՝ արդյունավետ շրջանառությունը խթանելու համար:

Կցանկանայի ելույթս ավարտել հետևյալ ուղերձով. որպես քաղաքականություն մշակողներ՝ մենք այսօր գտնվում ենք նորագույն պատմության թերևս ամենաբախտորոշ հանգրվաններից մեկում: Անցած երեք տարիների փորձն ակնառու կերպով ցույց է տվել տնտեսական, աշխարհաքաղաքական և կլիմայական մարտահրավերների կարևորությունը մեր կառույցների և մեր երկրների բարեկեցության տեսանկյունից: Հուսով եմ, որ գիտաժողովը մեզ բոլորիս կտա այս նոր դարաշրջանը որոշակի եռանդով ու խանդավառությամբ դիմավորելու ոգևորություն: Ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների հզորացման նպատակով ներդրումներ անելը, քաղաքականության մշակման ավելի կուռ և օգտակար կառուցակարգեր զարգացնելը, ռիսկերի և անորոշության ավելի լավ կառավարիչներ ունենալը կօգնեն, որ ոչ միայն ավելի լավ քաղաքական որոշումներ կայացնենք, որոնք գների և ֆինանսական ավելի լավ կայունություն են ապահովում մեր երկրներում, այլև, որ ավելի կարևոր է, կծառայեն մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կայուն և հուսալի երկարաժամկետ աճի ու տնտեսական զարգացման ճանապարհին:
 
Շնորհակալություն։
 
 
 
 
 
 
























Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next