Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Բաց բանկային և բաց ֆինանսական ծառայությունների թեմայով համաժողով Վերադարձ



   ​ԲԱՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ԲԱՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
   22-ը մայիսի, 2023 թ
   ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

    Հարգելի հյուրեր,

    Ողջունում եմ բոլորիդ «Բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների ապագան» խորագրով այս աշխատաժողովում, որը համատեղ կազմակերպել են ՀՀ կենտրոնական բանկը, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Open Banking Excellence Group կենտրոնը: Այսօր հավաքվել ենք այստեղ՝ ուսումնասիրելու բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների փոխակերպման ներուժը, դիտարկելու այս ոլորտում առկա համաշխարհային փորձը և լավագույն գործառությունը՝ թվային ֆինանսական ծառայությունները բարելավելու և ֆինանսական ներգրավվածությունը մեծացնելու նպատակով:

    Մինչ օրակարգին անցնելը՝ ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր մասնակիցներին, որոնք այստեղ են հավաքվել՝ մասնակցելու այս կարևոր միջոցառմանը։ Ձեր ներկայությունը պետական և մասնավոր հատվածների միջև ֆինանսական նորարարությունն առաջ մղելու և համագործակցությունը խթանելու համատեղ հանձնառության վկայությունն է։

    Մեզ հարուստ ու բազմաբովանդակ օրակարգ է սպասվում։ Սկզբում կուսումնասիրենք Համաշխարհային բաց ֆինանսների ցուցիչը, որն աշխարհի մասշտաբով ֆինանսական համակարգերի բացության և հասանելիության չափման ուղենիշ է: Այս ցուցիչն արժեքավոր պատկերացումներ է տալիս տարբեր երկրներում գրանցված առաջընթացի վերաբերյալ և հնարավորություն է տալիս ի հայտ բերելու բարելավման և գործակցության ոլորտները:

    Այնուհետև կանցնենք կիրառման գլոբալ դեպքերի ուսումնասիրմանը՝ ընդգծելով, թե ինչպես են բաց բանկային գործունեությունը և բաց ֆինանսական ծառայությունները ձևավորել ֆինանսական ինդուստրիան տարբեր համատեքստերում: Կիրառման բացառիկ դեպքերից մեկը, որը ներկայացվելու է, «Նորին մեծություն» եկամուտների, մաքսային ծառայության (HMRC) և Ecospend-ի միջև գործակցությունն է՝ ցույց տալու, թե ինչպես բաց ֆինանսական ծառայությունները կարող են նպաստել պետական ծառայությունների դիմաց կատարվող վճարումներին՝ դրանով իսկ պարզեցնելով գործընթացները և բարձրացնելով արդյունավետության մակարդակը:

    Նաև խորամուխ կլինենք բաց բանկային գործունեության գլոբալ տեսության մեջ՝ ուսումնասիրելով ներգրավված խաղացողներին և հաջող իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը: Խորազնին կուսումնասիրենք բաց ֆինանսական ծառայությունները սատարող մեխանիզմները՝ կենտրոնանալով ստանդարտների, համապատասխանության, հավաստագրման, վստահության համաշրջանակների, հաճախորդների իսկորոշման (SCA), կատարողականի մշտադիտարկման և օգտատերերի փորձառության ուղեցույցների վրա:

    Ի վերջո, պատիվ կունենանք խորաբնույթ ընկալումներ փոխառելու Բրազիլիայի կենտրոնական բանկից, որն իր երկրում հաջողությամբ ներդրել է բաց ֆինանսական ծառայությունների համաշրջանակ։ Նրանց փորձագիտությունն արժեքավոր դասեր կտա և կոգեշնչի մեզ՝ մեր իրավասության ներքո կերտելու բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների ապագան:

    Բաց բանկային գործունեությունը պարզապես տվյալների փոխանակում չէ. դա նաև բանկային տվյալների բաց մուտք և բանկային գործառականություն է ենթադրում: Կիրառական ծրագրավորման միջերեսների (API) շնորհիվ հաճախորդները լիազորված երրորդ կողմի մատակարարներին կարող են հասանելիություն տրամադրել իրենց ֆինանսական տեղեկատվությանը՝ հնարավորություն տալով այդ մատակարարներին մատուցելու նորարարական և հարմարեցված ծառայություններ: Բանկային գործառականության բաց հասանելիությունը նշանակում է, որ հաճախորդները կարող են երրորդ կողմի հավելվածների կամ հարթակների միջոցով գործարքներ նախաձեռնել, վճարումներ անել և իրենց հաշիվները կառավարել: Սա ֆինանսական ծառայությունների ավելի մրցակցային և բազմածիր լանդշաֆտ է ապահովում՝ հաճախորդներին ընձեռելով ընտրության, հարմարավետության և իրենց ֆինանսական կյանքի նկատմամբ վերահսկողություն ունենալու ավելի մեծ հնարավորություն: Բանկային տվյալների և գործառական կարողությունների հասանելիության ապահովմամբ մենք կարող ենք խթանել մի էկոհամակարգ, որը խրախուսում է նորարարությունը, մրցակցությունը և ֆինանսական ոլորտում հաճախորդակենտրոն լուծումների տանում։

    ՀՀ կենտրոնական բանկն իր ռազմավարական նպատակների ներքո հանձառու է բաց բանկային գործունեության համաշրջանակի իրականացմանը, որը կիրագործվի թվային վերափոխման ավելի մեծ ջանք գործադրելու արդյունքում: Դա ներառում է պետական կառույցների մեծ մասը և կարևոր շահառուներ մասնավոր հատվածից, ինչպիսիք են բանկերը և հեռահաղորդակցային ընկերությունները:

    Անցյալ տարի ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ Կառավարությունը ստեղծեցին Հայաստանի թվային էկոհամակարգի զարգացման համատեղ մարմին՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Գործակալությունը, որը ղեկավարում է ԿԲ նախագահի նախկին տեղակալ Ներսես Երիցյանը, իր աշխատանքում ունի երեք հիմնական առաջնահերթություն. ազգային թվային ինքնության համակարգի ստեղծում, կիբեռանվտանգության ազգային համաշրջանակի զարգացում և տարբեր պետական ու մասնավոր կազմակերպությունների կողմից վարվող հիմնական տվյալների շտեմարանների միջև տվյալների փոխգործունակության զարգացում:

    Ազգային թվային ինքնության համակարգի զարգացումն առանցքային դեր կխաղա բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների ապահովման համար: Դա քաղաքացիներին կտրամադրի իսկորոշման անվտանգ և հարմար միջոցներ՝ դյուրացնելով ֆինանսական ու այլ թվային ծառայությունների անխափան հասանելիությունը և խթանելով թվային վստահությունը: Դրանով ֆինանսական շուկայի մասնակիցները կազատվեն նաև համապատասխանության և հաճախորդների նույնականացման ու իսկորոշման հետ կապված ենթակառուցվածքային զգալի ծախսերից:

    Ավելի ու ավելի փոխկապակցված աշխարհում տվյալները կենսատու ուժ են դարձել ժամանակակից ֆինանսների, ինչպես նաև թվայնացված այլ պետական ու մասնավոր հաստատությունների համար: Տվյալների պատասխանատու փոխանակման միջոցով մենք կարող ենք բարելավել ռիսկերի գնահատումը, վարկերի բաշխումը և նորարարական ֆինանսական ապրանքներ, ծառայություններ մշակել: Դրանով հանդերձ՝ պետք է նաև հավասարակշռություն պահպանենք տվյալների փոխանակման և գաղտնիության պաշտպանության միջև: Ուստի, տվյալների փոխգործունակության շուրջ տարվող աշխատանքների հետ մեկտեղ, նախատեսում ենք ներդնել նաև անձնական տվյալների պաշտպանության ամուր համաշրջանակ ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական առումներով:

    Ազգային թվային ինքնության համակարգը, տվյալների փոխգործունակության և կիբեռանվտանգության համաշրջանակները ստեղծելուց հետո կարող ենք ֆինանսական շուկա բերել թվային ապրանքների և ծառայությունների մշակման ոլորտում պահանջվող տաղանդ ու փորձ ունեցող նոր խաղացողների և հնարավորություն տալ նրանց՝ զարգացնելու սեփական բիզնեսը, ստեղծելու նոր թվային արտադրանք ու ծառայություններ՝ միաժամանակ որպես հարթակ օգտագործելով գործող խաղացողների ֆինանսական և ռիսկերի կառավարման կարողությունները:

    Եզրափակելով նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկը գիտակցում է բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների վիթխարի ներուժի կարևորությունը ֆինանսական նորարարություններն առաջ մղելու, հաճախորդների փորձառությունը հարստացնելու և տնտեսական աճը խթանելու գործում: Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի ֆինանսական համակարգում նորարարությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ջանքերին:

    Քաջալերում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ակտիվորեն մասնակցելու այս աշխատաժողովի քննարկումներին և մտքերի փոխանակմանը: Միասնական ուժերով ու եռանդով եկեք կերտենք բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների ապագան՝ կառուցելով դիմակայուն և ներառական ֆինանսական էկոհամակարգ, որը զորացնում է անհատներին, բիզնեսները և, ընդհանուր առմամբ, տնտեսությունը:
​​​​​​​

 
​​​​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next