ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
23.08.2023
Դրամի ներդրման 30-ամյակի միջոցառումների շրջանակում անցկացվելու է «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողով
Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում դրամի ներդրման 30-ամյակի միջոցառումների շրջանակում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսի հանձնաժողովը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ անցկացվելու է «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով:
Գիտաժողովին, որին հրավիրված են բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտասահմանից, ներկայացվելու է հայկական դրամի անցած 30-ամյա ուղին, քննարկվելու են դրամավարկային և բյուջետային քաղաքականությանը, գլոբալ ֆինանսական համակարգում թվային և «կանաչ» տնտեսությունների դերին, գլոբալ ֆինանսական համակարգի ռիսկերին, թվային արժույթին վերաբերող հարցեր:
Գիտաժողովին ելույթներով և զեկուցումներով հանդես են գալու Արժույթի միջազգային հիմնադրամի և Հաշվարկների միջազգային բանկի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Հունգարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ազգային և կենտրոնական բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում հայտնի այնպիսի ուսումնական հաստատությունների պրոֆեսորներ և դասախոսներ, ինչպիսիք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Սան Անդրեսի համալսարանը, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցը, Սանտա Կրուզի համալսարանը, Լոնդոնի Մերի թագուհու անվան համալսարանը, Բրուքինգսի ինստիտուտը, Փրինսթոնի համալսարանը:
____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունհեռախոս. (010) 592592-0702էլ-փոստ. mcba@cba.am www.cba.am