Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


2018 թ. դեկտեմբերի 25-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ Վերադարձ



2018 թ. դեկտեմբերի 25-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Մարտի Գալստյանը:
  • Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 25-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
    Արձանագրվեց, որ 2018 թ-ի նոյեմբերին ևս դիտվել է ամսվա սեզոնայնության համեմատ ցածր գնաճ՝ 1.0%, որը հիմնականում պայմանավորվել է «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի գների փոփոխություններով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին կազմել է -0.3 տոկոսային կետ: Արդյունքում, նոյեմբերի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%: Միաժամանակ, բնականոն գնաճը նոյեմբերին նույնպես նվազել է՝ կազմելով տ/տ 2.8%, քանի որ արձանագրվել են մի շարք ապրանքատեսակների գների՝ տարեվերջի սեզոնային դրսևորումների համեմատ ավելի ցածր մակարդակներ, ինչը պայմանավորված է գնահատվող թույլ ներքին պահանջարկով:
    Խորհուրդն անդրադարձավ ձևավորված տնտեսական միջավայրին. նշվեց, որ  2018 թ-ի չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքների համաձայն, պահպանվել է տնտեսական ակտիվության թուլացման միտումը՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի և հանքարդյունաբերության ենթաճյուղի թողարկման ծավալների նվազմամբ: Դրա հետևանքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7%, իսկ տարեկան տնտեսական աճը գնահատվում է 5.0%-ի շրջակայքում: Դրան համապատասխան, չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը ևս մնում է թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպողական բնույթով և մասնավոր ծախսումների աճի որոշ չափով դանդաղմամբ:
              Խորհրդի նիստում ներկայացվեցին արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսական զարգացումներն ընթացել են սպասվածին համապատասխան, իսկ ապրանքահումքային միջազգային շուկաներում պահպանվել է գնաճային միջավայրի թուլացման միտումը: Միևնույն ժամանակ, շարունակվում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային պայմանների խստացումը:
              Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ տարեվերջին շուկայի տարբեր հատվածներում դիտվել են հիմնականում կայուն միտումներ, և տոկոսադրույքները պահպանվել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում:
    Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդն անդրադարձավ գնաճի վրա ազդող մի շարք գործոնների, այդ թվում՝ տարեսկզբից մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմանը, որի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.1-0.4 տոկոսային կետ: Ընդհանուր առմամբ կարևորվեց 2019թ-ին իրականացվելիք հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը, որը զգալի ազդեցություն կարող է ունենալ ներքին պահանջարկի զարգացումների վրա: Խորհուրդը քննարկեց նաև ՀՀ դրամավարկային դիրքը, որը, արտաքին աշխարհում տոկոսադրույքների բարձրացման ներքո, դառնում է առավել խթանող: Այս պարագայում, գնաճի ապագա հետագծի տեսանկյունից քննարկվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները: ԿԲ խորհուրդը նախապատվությունը տվեց տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ գնաճի վերականգնման դանդաղ հետագիծ ունենալու տեսանկյունից գործող մակարդակը գնահատելով բավարար խթանող: Վերջինս, ըստ էության, գնահատվում է ավելի արդյունավետ ուղի՝ երկրում իրական եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը նպաստելու համատեքստում: Դա նաև ենթադրում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար: Արդյունքում՝ ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
     Խորհուրդն անդրադարձավ նաև առկա գնաճային ռիսկերին, որոնք առավելապես նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Նշված ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:
    Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:
     
    Տոկոսադրույքի որոշում
     
                        ԿՈԴ                                                                                                       
    050.0229 Ա.25.12.18
     
    25 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 229 Ա
     
    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈւԿԱՅՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ
     ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
     
              Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը   
     
    Ո ր ո շ ու մ է.
     
    1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6.0%:
    2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով`
    2.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%:
    2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%:
             3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը:
     
    Հայաստանի Հանրապետության
    կենտրոնական բանկի նախագահ՝                                          Արթուր  Ջավադյան
        
       2018 թ. դեկտեմբերի 25
                    Երևան
     
     
     
    ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    25.12.2018 թ.
     
    2018 թ. դեկտեմբերի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
    2018 թ. նոյեմբերին գրանցվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.0%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1.8%, ինչը նաև ուղեկցվել է բնականոն գնաճի որոշակի դանդաղմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից փոքր-ինչ ցածր մակարդակում։
    Համաշխարհային տնտեսության աճի փաստացի զարգացումներն ընթացել են կանխատեսումներին համահունչ, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակել են խստացնել դրամավարկային պայմանները: Դա ուղեկցվել է հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրի թուլացմամբ, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
    Խորհուրդն արձանագրում է, որ  երկրորդ կիսամյակում համախառն պահանջարկը շարունակում է մնալ հարաբերականորեն թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության պահպանվող զսպող դիրքով և մասնավոր ծախսումների որոշակի թուլացմամբ։ Մյուս կողմից, ցածր գնաճային միջավայրը, մասնավոր սպառման աճի ցածր տեմպերի պարագայում, նպաստել է երկրում իրական եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը։
    Վերոնշյալ իրավիճակում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը, որը գնահատվում է ավելի խթանող՝ հաշվի առնելով գործընկեր երկրներում տոկոսադրույքների բարձրացումը: Խորհուրդը նաև գնահատում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
    Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռևս ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Գնաճի և տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:
    Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. հունվարի 16-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
     
     
    Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
    ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
    հեռ/ֆաքս. 56 37 61
    էլ-փոստ. mcba@cba.am
    www.cba.am
     
     
     
     

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next