Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ Վերադարձ



 
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
23.08.2023
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:
 
Ազգային դրամի 30-ամյակին նվիրված հուշադրամ
 
Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, անկախ պետականության խորհրդանիշներից է: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին:
ՀՀ դրամի գոյության 30 տարիների ընթացքում թողարկվել են շրջանառու թղթադրամների և մետաղադրամների մի քանի շարքեր, ինչպես նաև դրամանիշերի այլ տեսակներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հավաքորդների շրջանում՝ շրջանառու հիշատակային մետաղադրամներ, հավաքորդական թղթադրամներ, հուշադրամներ, ներդրումային դրամներ: 
Հայաստանի Հանրապետության առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին, և այդ ժամանակից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե, արծաթե և պղինձ-նիկելից հատված ավելի քան 440 անվանատեսակի հուշադրամներ՝ նվիրված հայ ժողովրդի ակնառու ներկայացուցիչներին, պատմամշակութային կարևոր իրադարձություններին:
ՀՀ դրամանիշերն արտադրվում են պաշտպանված տպագրության ու դրամահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և համապատասխանում են որակի ու պաշտպանվածության միջազգային չափորոշիչներին։
ՀՀ թղթադրամներն ու մետաղադրամները, արտադրության որակի և գեղարվեստական ձևավորման բարելավմանն ուղղված մշտական և համակարգված աշխատանքի շնորհիվ, հեղինակավոր միջազգային դրամագիտական մրցույթներում բազմիցս արժանացել են մրցանակների և բարձր գնահատանքի:
 
Դիմերես` ՀՀ զինանշանը և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:
Դարձերես` ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:
 
Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
 
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 168,1 գ
Տրամագիծը 63,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ, համարակալված
Թողարկման քանակը 400 հատ
Թողարկման տարեթիվը 2023
 
Ծանուցում
 
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
 

_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ. (010) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next