ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վճարահաշվարկային համակարգեր
Քարտային վճարային համակարգեր
'ԱրՔա' քարտերով վճարումների միասնական համակարգ
'ԱրՔա' քարտերով վճարումների միասնական համակարգը (այսուհետ` 'ԱրՔա' համակարգը) ներդրվել է 2001թ. ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Համակարգի սեփականատեր և օպերատոր հանդիսանում է 'Արմենիան Քարդ' ՓԲԸ-ն, որը միևնույն ժամանակ վերահսկում և կարգավորում է համակարգի գործունեությունը, մշակում է համակարգի զարգացման քաղաքականությունը և ապահովում է դրա իրականացումը:
Համակարգում հաշվարկներն իրականացվում են բազմակողմանի զուտացման սկզբունքով, իսկ վերջնահաշվարկը կատարվում է մասնակից բանկերի` ՀՀ կենտրոնական բանկում վարվող թղթակցային հաշիվներով: Համակարգում վճարային հաղորդագրությունների հոսքերի կառուցվածքը Y տիպի է:
'ԱրՔա' քարտերով վճարումների միասնական համակարգի անդամներն են 'Արմենիան Քարդ' ՓԲԸ-ի կանոնադրությամբ, 'ԱրՔա' համակարգի կանոններով և համակարգի այլ նորմատիվային փաստաթղթերով սահմանված կարգով 'ԱրՔա' համակարգին անդամակցած և Համակարգի անդամի համապատասխան կարգավիճակ ստացած անձինք, որոնք 'Արմենիան Քարդ' ՓԲԸ-ի և ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքել են համապատասխան պայմանագրեր:
Համակարգի անդամներ կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գործող ֆինանսավարկային կամ բանկային/վճարային քարտերի բնագավառում մասնագիտացված այլ կազմակերպությունները:
2006թ. վերջի դրությամբ Համակարգին անդամակցում էին ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ տարածքում գործող 19 առևտրային բանկեր:
Համակարգում քարտային գործառնությունների հաշվարկային փուլ է համարվում տվյալ բանկային օրվա ժամը 9:00-ից մինչև հաջորդ բանկային օրվա ժամը 9:00-ը ընկած ժամանակահատվածը: Յուրաքանչյուր հաշվարկային փուլի համար համակարգի յուրաքանչյուր թողարկող անդամի համար սահմանված է հաշվարկային լիմիտ, որի սահմաններում կարող են կատարվել տվյալ թողարկող անդամի կողմից թողարկված քարտերով գործառնություններ: Հաշվարկային լիմիտի գումարը բաղկացած է հավաստագրման լիմիտից և չնվազող մնացորդից: Հաշվարկային լիմիտի հաշվարկման կարգը սահմանվում է 'ԱրՔա' համակարգի կանոններով և համակարգի անդամների կողմից տեղեկացվում է 'ԱրՔա' համակարգի օպերատորին: Հաշվարկային փուլի ընթացքում կատարվող քարտային գործառնությունների հավաստագրումը օպերատորի կողմից իրականացվում է համակարգի անդամի հավաստագրման լիմիտի և քարտապանի վճարային լիմիտի սահմաններում:
Յուրաքանչյուր հաշվարկային փուլի համար 'ԱրՔա' համակարգի օպերատորի կողմից ՀՀ ԿԲ են ներկայացվում տվյալ հաշվարկային փուլի համար մասնակիցների կողմից սահմանված հաշվարկային լիմիտները: ՀՀ ԿԲ-ը այդ լիմիտների չափով դրամական միջոցներ է սառեցնում համակարգի անդամների ՀՀ ԿԲ-ում վարվող թղթակցային հաշիվներում: Հաշվարկային փուլի ավարտից հետո 'ԱրՔա' համակարգի օպերատորը տվյալ հաշվարկային փուլի հավաստագրված քարտային գործարքների վերաբերյալ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա հաշվարկում է յուրաքանչյուր անդամի հավաստագրված քարտային գործարքներից առաջացած իրավասությունների և պարտավորությունների զուտ դիրքերը, կազմում է համապատասխան վճարահաշվարկային կարգադրություններ և ներկայացնում է դրանք ՀՀ ԿԲ-ին: Ստացված կարգադրությունների հիման վրա ՀՀ ԿԲ-ը իրականացնում է զուտ դեբետային դիրք ունեցող անդամների հաշիվների դեբետագրում և 'ԱրՔա' համակարգի օպերատորի քլիրինգային տեխնիկական հաշվի կրեդիտագրում, իսկ վերջինիցս` զուտ կրեդիտների մարում ի օգուտ զուտ կրեդիտային դիրք ունեցող անդամների: