ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վճարային համակարգերի հսկողություն
ՀՀ կենտրոնական բանկի կարևորագույն խնդիրներից և գործառույթներից է հանդիսանում նաև Վճարահաշվարկային համակարգի հսկողությունը (այսուհետ` ՎՀՀ):
Վճարային համակարգերը հանդիսանում են տնտեսության և ֆինանսական համակագի կարևորագույն բաղադրյալներից մեկը. դրանք օգտագործվում են կառավարության կողմից հարկային վճարումներ ստանալու, նպաստներ, թոշակներ, սոցիալական այլ վճարումներ կատարելու, ֆինանսական շուկայի գործարքների վերջնահաշվարկները ապահովելու, կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն իրականացնելու, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից միմյանց նկատմամբ եղած դրամական պարտավորությունները մարելու համար:
Այսպիսով, վճարային համակարգերի կայուն և արդյունավետ գործունեությունն ապահովում է ողջ տնտեսության բնականոն աշխատանքը: Սակայն վճարային համակարգերը կարող են ռիսկեր պարունակել և խափանումների փոխանցման և տարածման միջավայր հանդիսանալ տնտեսության կամ ֆինանսական համակարգի մի հատվածից մյուսին: Այդպիսի ռիսկերի կառավարման, ինչպես նաև համակարգերի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԿԲ խնդիրներից է դիտարկվում նաև վճարային համակարգերի հսկողությունը (տես ՙՎճարահաշվարկային համակարգերի հսկողությունը` որպես ՀՀ կենտրոնական բանկերի նորագույն ֆունկցիա՚):
ՎՀՀ-ի իրականացման համար իրավական հիմք է հանդիսանում ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ ՀՀ օրենքով ՀՀ կենտրոնական բանկին վերապահված ՀՀ-ում ՙ…գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելու և զարգացնելու…՚ խնդիրը, որի ապահովման համար ՀՀ ԿԲ-ին տրված են լայն իրավասություններ ՙ…կարգավորելու և վերահսկելու վճարահաշվարկային համակարգի, այդ թվում` վճարահաշվարկային ծառայություններ մատուցող բանկ չհանդիսցող կազմակերպությունների գործունեությունը…՚, որի տարր է հանդիսանում նաև ՎՀՀ-ն:
ՎՀՀ-ի բնագավառում իրականացվող իր քաղաքականությունը հստակեցնելու և հրապարակային դարձնելու նպատակով 2006թ. դեկտեմբերին ՀՀ ԿԲ նախագահի որոշմամբ հաստատվել է ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային համակարգի հսկողության իրականացման հայեցակարգը՚: Հայեցակարգը սահմանում է ՎՀՀ-ի նպատակները, շրջանակները, ՎՀՀ շրջանակներում ներառված համակարգերին ներկայացվող պահանջները, ՎՀՀ իրականացման գործընթացը, համագործակցությունը այլ իրավասու մարմինների հետ և ՎՀՀ արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և տեղեկատվության տրամադրման գործընթացը (տես ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային համակարգի հսկողության իրականացման հայեցակարգը՚):
Վերոնշյալ հայեցակարգի հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում գործող և ՎՀՀ շրջանակներում ներառված վճարային համակարգերի մոնիտորինգ, հնարավոր ռիսկերի վերլուծության և սահմանված պահանջներին ու սկզբունքներին համակարգերի համապատասխանության, ինչպես նաև կատարվող փոփոխությունների գնահատում և առաջարկությունների մշակում: