ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
Վարկային ռեգիստր
Ներածություն
Ինչ է վարկային ռեգիստրը
Վարկային ռեգիստրը բանկերի (վարկային կազմակերպությունների) հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ է, որտեղ կուտակվում, մշակվում և օգտագործողներին է տրամադրվում տեղեկատվություն վարկառուների և նրանց տրամադրված վարկերի վերաբերյալ: Վարկային ռեգիստրի կողմից հավաքագրվող տեղեկատվությունը կազմավորում է վարկային պատմություն յուրաքանչյուր վարկառուի համար, որը և օգտագործվում է վարկատուի կողմից վարկառուի նախնական վարկարժանությունը գնահատելու նպատակով:
Ինչի համար է վարկային ռեգիստրը
Վարկային ռեգիստրը նպաստում է բանկային համակարգի կայունության ամրապնդմանը հետևյալ ուղիներով.
- հնարավորություն է տալիս բանկերին նախնական պատկերացում կազմել վարկառուի վարկարժանության վերաբերյալ և խուսափել անպարտաճանաչ վարկառուներից
- նվազեցնում է վարկառուների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար բանկի կողմից կատարվող ծախսերը
- նպաստում է վարկառուների կարգապահության բարձրացմանը, քանի որ անպարտաճանաչ վարկառուների մասին տեղեկատվությունը վարկային ռեգիստրի միջոցով տարածվում է ամբողջ համակարգում
- Բացահայտում է վարկառուների բոլոր պարտավորությունները, և այդ տեղեկատվությունը վարկատուներին տրամադրելովª բացառում չափից ավելի մեծ պարտավորությունների ստանձնումը վարկառուի կողմից:
- Ձևավորում է վարկառուների վարկային պատմությունները, որոնց առկայությունը հեշտացնում է վարկավորման գործընթացը դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար
Ովքեր են վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողները
Վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողներն են բանկերը, վարկային կազմակերպությունները, վարկառուները և Կենտրոնական բանկը: Բանկերն ու վարկային կազմակերպությունները օգտագործում են վարկային ռեգիստրի տեղեկատվությունը հաճախորդների վարկարժանության գնահատման նպատակով: Վարկառուն կարող է Վարկային ռեգիստրից ստանալ իրեն վերաբերվող տեղեկատվությունըª վերջինիս ճշգրտությունը ստուգելու, այլ վարկավորող կազմակերպություն (ոչ բանկ կամ վարկային կազմակերպություն) ներկայացնելու կամ այլ նպատակների համար: Կենտրոնական բանկի կողմից վարկային ռեգիստրի տեղեկատվությունն օգտագործվում է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելների ռիսկայնությունը գնահատելու համար: