|
Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); return false; 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Ներածություն
Անդրադառնալով վերոնշյալ օրենքների կարևորությանը` հարկ է նշել, որ ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվեցին Կենտրոնական բանկի խնդիրները, իրավասությունները, կառուցվածքի և կառավարման առանձնահատկությունները: Մասնավորապես, նշված օրենքի համաձայն Կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Ամրագրվեց, որ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է, որն իրականացվում է դրամավարկային քաղաքականության ծրագրերի մշակման, հաստատման և իրականացման միջոցով: Դրա հետ միաժամանակ Կենտրոնական բանկի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունականության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը և գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը: ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով հստակեցվեցին նաև Կենտրոնական բանկի փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապտության պետական մարմինների, բանկերի և այլ անձանց հետ, կարգավորվեցին Կենտրոնական բանկի` որպես արժութային գործակալի լիազորությունները, Հայաստանի Հանրապետության արժույթի շրջանառությունը, արժութային կարգավորումը և երկրի տնտեսության համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հարաբերություններ:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեության կարգավորման տեսանկյունից կարևորվում է ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանվում են ստեղծվող և գործող բանկերի, նրանց և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման և դադարեցման, ինչպես նաև բանկային գործունեության վերահսկողության կարգն ու պայմանները: Նշված օրենքով պարզաբանվում են ՙբանկ՚ և ՙբանկային գործունեություն՚, ՙբանկային ավանդ՚ և մի շարք այլ հասկացություններ, կանոնակարգվում են բանկերի կազմակերպաիրավական տեսակները, կառուցվածքի և կառավարման առանձնահատկությունները, ինչպես ֆինանսական գործառնությունների շրջանակը, այնպես էլ բանկային համակարգում ներդրումային և բաժանորդագրական գործունեության սահմանափակումները, բանկերի համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների անվճարունակության և սնանկության հասկացություններն ու հատկանիշները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անվճարունակության և սնանկության վարույթի առանձնահատկությունները, նշված սուբյեկտներին անվճարունակ և սնանկ ճանաչելու հիմքերն ու կարգը, ֆինանսական առողջացման ձևերն ու եղանակները, ամրագրված են ՙԲանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով: Նշված օրենքով են սահմանվում նաև բանկերի ավանդատուների, վարկատուների, ժամանակավոր ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի, ինչպես նաև անվճարունակության և սնանկության գործընթացի այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
Բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանն ու ներդրումային գործընթացի խրախուսմանն է ուղղված նաև ՙԲանկային գաղտնիքի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը , որով սահմանվում են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանակը, այդ տեղեկությունների հրապարակման, պահպանման և տրամադրման իրավական հիմքերն ու կարգը, բանկային գաղտնիքի շուրջ ծագող հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նշված օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը: Նշված օրենքով իրենց մանրամասն կարգավորումն են ստացել նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման կարգը և պայմանները քրեական հետապնդում հարուցող մարմիներին, դատարանին, հարկային մարմիններին, հաճախորդի ժառանգներին և այլ անձանց:
2002-2003թ. ընկած ժամանակահատվածը նշանավորվեց բանկային օրենսդրության մեջ կատարված մի շարք էական փոփոխություններով և նորամուծություններով: Մասնավորապես, 2002 թվականի մայիսի 29-ին ընդունվեց ՙՎարկային կազմակերպությունների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության բացառիկ իրավասությունը վերապահվեց Կենտրոնական բանկին:
2002-2004թթ, մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ , ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ , ՙՎարկային կազմակերպությունների մասին՚ և ՙԲանկային գաղտնիքի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքներում: ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվեցին Կենտրոնական բանկի խորհրդի լիազորությունները, որի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը բանկերում և վարկային կազմակերպություններում կանխարգելելն էր: Կատարված օրենսդրական փոփոխությունների պահանջներին համահունչ Կենտրոնական բանկը նախաձեռնությամբ իրականացվեցին համապատասխան նորմատիվ - իրավական ակտերի մշակման աշխատանքներ` որոնց արդյունքում կարգավորվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող պարտադիր միջոցառումների և ընթացակարգերի իրականացման կարգն ու պայմանները:
2004թ կատարված փոփոխություններով կարգավորվեցին չորս խումբ խնդիրներ.
սահմանվեցին ԿԲ-ի կողմից իրականացվող ստուգումների անցկացմնան կարգը,
սահմանվեցին ԿԲ-ի կողմից լիցենզավորված անձանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, ընթացկարգը և պայմանները,
փոփոխություններ կատարվեցին ԿԲ-ի արտարժույթի վերագնահատման պահուստների ձևավորման կարգում.
հստակեցվեցին ավանդների երաշխավորման համակարգի ներդրման խնդիրները , մասնավորապես ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից ավանդը չհատուցվելու, ավանդի երաշխավորման դեպքերը` համապատասխանեցնելով դրանք ՙԲանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքին:
2004թ մարտին ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները պայմանավորված էին բանկային վերահսկողության բազելյան սկզբունքների ներդրմամբ և դրանց համապատասխան` բանկերի հիմնական տնտեսական նորմատիվների հստակեցմամբ: Նշված փոփոխությունների կապակցությամբ փոփոխություններ են կատարվել նաև ՙՎարկային կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենքում: ՙԲանկային գաղտնիքի մասին՚ ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, հաշվի առնելով միջազգային լայն կիրառություն գտած սկզբունքները, սահմանում են, որ վարկային ռեգիստրում առկա անպարտաճանաչ պարտապանների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են: 2004թ ապրիլին ընդունված ՙԲանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքով բանկերի սնանկությունը կարգավորող օրենսդրության մեջ ներդրվել են միջազգային կարևոր սկզբունքներ: Ապահովվում է ԿԲ-ի կողմից նշանակված ժամանակավոր ադմինիստրացիայի գործընթացի հրապարակայնությունը, հստակեցվում է անվճարունակության հիմքերից մեկը` հիմնական կապիտալի 50 և ավելի տոկոսի սպառումը, մանրամասն սահմանվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կողմից բանկի ակտիվների գույքագրման և գնահատման ընթացակարգերը, ինչը նախկինում սահմանում էր ԿԲ-ի որոշմամբ: Օրենքով հստակեցվեցին բանկի վաճառքի մեխանիզմները, որոնք կարգավորված չէին: Օրենքից հանվել են այն դրույթները, որոնք սահմանում են, որ ԿԲ-ի որոշումները բողոքարկման ենթակա չեն, ինչպես նաև սահմանվել են այդ որոշումների բողոքարկման հիմքերը և ընթացակարգը: Հստակեցվեց լուծարվող բանկերի պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունը:
2002 թվականին համապատասխան փոփոխություններ կատարվեցին նաև ՙԼիցենզավորման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում, որոնցով բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառում լիցենզավորման գործունեության տեսակների շարքը համալրեցին վարկային կազմակերպությունների գործունեությունը, դրամական (փողային) փոխանցումների իրականացումը, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացումը, քարտային վճարումների պրոցեսինգի իրականացումը, վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկման և իրացման հետ կապված գործունեությունը: Գործունեության վերոնշյալ տեսակները լիցենզավորող և վերահսկող մարմինը Կենտրոնական բանկն է:
2004թ-ից բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը զարգացման նոր փուլ թևակոխեց: 2004թ դեկտեմբերին ընդունված ՙՀանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ ՀՀ օրենքը ՀՀ բանկային համակարգը կարգավորող օրենսդրության մեջ մի շարք փոփոխությունների անհրաժեշտություն առաջ բերեց: Մասնավորապես ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, ըստ որոնց որպես ԿԲ-ի խնդիր սահմանվեց հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը: Փոփոխություններ կատարվեցին մի շարք այլ օրենքներում, որոնցով նախատեսվեց նոտարների, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականցնող մարմինների, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականցնող մարմինների,ապահովագրողների, գրավատներ կազմակերպիչների և օրենքներով նախատեսված այլ անձանց պարտականությունը ՙՀանցավոր ճանապարհվ ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ օրենքով նախատեսված տեղեկությունները տրամադրել ՀՀ կենտրոնական բանկ:
2004թ նոյեմբերի 24-ին ընդունվեց ՙԱրժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին՚ ՀՀ նոր օրենքը, որով հստակեցվեցին ՙռեզիդենտ ՚ և ՙոչ ռեզիդենտ՚, ՙընթացիկ արժութային գործարքներ՚, ՙկապիտալի շարժ՚ և ՙֆինանսական արժութային գործարքներ՚ հասկացությունները: սահմանվեցին ՀՀ տարածքում ՀՀ արժույթով և արտրժույթով գործարքների իրականացման դեպքերը: Օրենքը նաև սահմանեց, որ ՀՀ տարածքում գույքի իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման բոլոր փողային գնանշումները իրականացվում են ՀՀ դրամով: Օրենքը կոնկրետացնում է նաև արժութային վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը:
2004թ նոյեմբերին ՀՀ ազգային ժողովը ընդունեց ևս մեկ կարևորագույն օրենք` ՙՖիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՚ ՀՀ օրենքը: Այն նպատակ է հետապնդում նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիությանը, ամրապնդել նրա նկատմամբ հանրության վստահությունը, ինչպես նաև ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը: Օրենքը ամբողջացնում և համակարգված ձևով ներկայացնում է ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորմանը վերաբերող կարգավորման դաշտը: Սույն օրենքի օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ 16.02.2005թ-ի ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց խորհրդի 29.04.2003թ-ի ՙՖիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին՚ Կանոնակարգ 20-ը հաստատելու մասին՚ որոշումը:
Բացի բանկային համակարգի իրավական կարգավորման անկյունաքարերը հանդիսացող վերոնշյալ օրենքներից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունվել են մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնք առավել մանրամասն են կարգավորում բանկային համակարգն ընդգրկող հիմնական և կարևորագույն հարաբերությունները: Դրանք հիմնականում կանոնակարգում են բանկերի և դրանց տարածքային ստորաբաժանումների լիցենզավորումն ու գրանցումը (Կանոնակարգ 1) , սահմանում են բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, բանկերի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունը (Կանոնակարգ 2) , բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումն ու հրապարակումը (Կանոնակարգ 3) , բանկերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ ուղղված միջոցառումները (Կանոնակարգ 5) , անվճարունակն բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու պայմանները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները, (Կանոնակարգ 7) , Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները (Կանոնակարգ 9) , արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը (Կանոնակարգ 10) , Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը (Կանոնակարգ 11) , արտարժույթի դիլերային առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը (Կանոնակարգ12) , վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման համար գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության պահանջները, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը, կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռք բերումը (Կանոնակարգ 13) , վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործուեության տնտեսական նորմատիվները (Կանոնակարգ 14) , վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը (Կանոնակարգ 15) , դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը և ղեկավարների որակավորումը (Կանոնակարգ 16) , վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, ղեկավարների որակավորումը (Կանոնակարգ 17) , Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը (Կանոնակարգ 18) , արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը (Կանոնակարգ 19) , ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները (Կանոնակարգ 21) , վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը ( Կանոնակարգ 22) :
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են ՙՀայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում՚: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, եթե տվյալ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Բացի նորմատիվ իրավական ակտերից Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կարգավորման գործում կարևոր դերակատարություն ունեն Կենտրոնական բանկի խորհրդի անհատական որոշումները, Կենտրոնական բանկի նախագահի ինչպես անհատական որոշումներն ու կարգադրությունները, այնպես էլ ներքին իրավական ակտերը:
|
|
|