ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ
Կենտրոնական դեպոզիտարիա
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություն է, որը 'Արժեթղթերի շուկայի մասին' ՀՀ օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի, արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթները:
Կենտրոնական դեպոզիտարիան նշված գործառույթների ներքո.
որպես կենտրոնացված պահառու`
- մատուցում է պահառության ծառայություններ ենթապահառուներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ անձանց,
- ապանյութականացնում է արժեթղթերը և վարում դրանց հաշիվները,
- շնորհում է արժեթղթերի տարբերակիչ ծածկագրեր.
որպես կենտրոնացված ռեեստրավար`
իրականացնում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի), նրանց պատկանող (անվամբ գրանցված) արժեթղթերի քանակի, տեսակի և դասի վերաբերյալ տվյալների միասնական համակարգի (ռեեստրի) վարումը` թողարկողի հետ կնքված պայմանագրի հիման վրա.
որպես արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատոր`
- որոշում և հաշվանցում է արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները և պահանջները (քլիրինգ),
- արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխանցում է արժեթղթերը համապատասխան հաշիվներում և կատարում վերջնահաշվարկ,
- 'Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին' ՀՀ օրենքով սահմանված վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա կազմակերպում է արժեթղթերի վերջնահաշվարկի արդյունքում ծագած դրամական պարտավորությունների կատարումը հաշվարկային համակարգի անդամների միջև,
- անհրաժեշտ հարցումներ է կատարում արժեթղթերի և դրամական միջոցների քլիրինգի և վերջնահաշվարկի իրականացման համար` օրենքով, այլ իրավական ակտերով, հաշվարկային համակարգի կանոններով և կնքված պայմանագրերով սահմանված կարգով,
- հաշվարկային համակարգի անդամների փոխադարձ պարտավորությունների կատարումը երաշխավորելու և հաշվարկային համակարգի գործունեության հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով ստեղծում և կառավարում է երաշխիքային հիմնադրամներ,
- արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները և պահանջները բավարարելիս հանդես է գալիս որպես բոլոր գործարքների կողմ (կողմերի կենտրոնական գործակալ)` հաշվարկային համակարգի կանոններով սահմանված կարգով:
Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթների բացառիկ իրավունքը վերապահված է 'Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա' ԲԲԸ-ին:
"Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ԲԲԸ-ի գործունեությունը, բացի §Արժեթղթերի շուկայի մասին¦ ՀՀ օրենքից, 'Բաժնետիրական ընկերությունների մասին' ՀՀ օրենքից և արժեթղթերի շուկան կարգավորող նորմատիվ իրավական այլ ակտերից, կանոնակարգվում է նաև 'Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա' ԲԲԸ-ի կողմից ընդունվող ներքին կանոններով և դրանց լրացումներով ու փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտնում ՀՀ Կենտրոնական բանկում դրանց գրանցման օրվանից: