27 սեպտեմբերի 2011 - Կենտրոնական բանկը ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը
Կենտրոնական բանկը ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը:
Ս.թ. սեպտեմբերին Մեքսիկայում տեղի է ունեցել «Ֆինանսական ներթափանցման միության» (Alliance for Financial Inclusion-AFI) «Գլոբալ Քաղաքականության ֆորումը», որին միության հրավերքով ներկա է գտնվել նաև ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչը:
Ֆորումի մասնակիցների կողմից բարձր է գնահատվել Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության և հանրության ֆինանսական իրազեկվածության ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կատարված աշխատանքները և կարևորվել է Հայաստանի փորձի կիրառումը անդամ երկրներում:
AFI-ի ղեկավարության կողմից առաջարկվել է նաև գլխավորել միության ներքո ստեղծվող մի շարք աշխատանքային խմբեր:
Ներկայումս Կենտրոնական բանկը ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը:
20 մայիս 2011 - Տեղի է ունեցել տնտեսագիտական-ֆինանսական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը 2011թվականի մայիսի 20-ին հանրության ֆինանսական և տնտեսագիտական կրթման ծրագրերի շրջանակում կազմակերպել է «Brain–Ring» խաղ-մրցույթը:
Նպատակը հանրակրթական դպրոցներում «Տնտեսագիտություն» ուսումնասիրող աշակերտների գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ և ճկուն մտածելու և կողմնորոշվելու կարողությանը նպաստելն է:
2011 թ. մարզերում կազմակերպվել են մրցույթի նախնական փուլերը, որոնց մասնակցել են «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաժինն ուսումնասիրած շուրջ 500 10-րդ դասարանցի աշակերտներ` ավելի քան 100 դպրոցներից: Մարզերի հաղթող թիմերից ձևավորված հավաքական թիմերը մայիսի 20-ին, մասնակցել են հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին: Մրցույթին մասնակցել են 5 հոգանոց 11 թիմեր:
Թիմերին առաջադրվել են տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցույթի ընթացքում կարևորվել է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև խնդիրների լուծման ընթացքում արագ և ճկուն կողմնորոշվելու կարողությունը և թիմային աշխատանքը։
Մրցույթի հաղթող թիմերը (1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները) պարգևատրվել են ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին շնորհվել են մասնակցության վկայականներ և նվերներ:
Հաղթող թիմեր են ճանաչվել`
- 1-ին տեղ - Արմավիրի մարզի հավաքական թիմը
- 2-րդ տեղ - Կոտայքի մարզի հավաքական թիմը
- 3-րդ տեղ - Շիրակի մարզի հավաքական թիմը
Մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող թիմերին ընտրել է ժյուրին, որի կազմում են եղել.
- Արմենակ Դարբինյանը (ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ)
- Արմինե Հովհաննիսյանը («Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն)
- Արտակ Դավթյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)
- Անահիտ Բախշյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)
30 ապրիլի 2011 - Տեղի է ունեցել «Քաղաքացի Նախագծի» երրորդ շնորհանդեսը
Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Քաղաքացի» նախագծի երրորդ շնորհանդեսի եզրափակիչ փուլը: Այս տարի առաջին անգամ, ՀՀ կենտրոնական բանկի օժանդակությամբ, «Քաղաքացի» նախագծի շրջանակներում աշակերտները վեր են հանել իրենց համայնքներում ֆինանսական համակարգին վերաբերող հիմնախնդիրներ և առաջադրել են դրանց լուծման սեփական մոտեցումները: