Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance

Economic Forecast Platform
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

​​​
14.  Ինչպես է ՀՀ-ում հաշվարկվում գնաճը և ո±ր կառույցն է դրանով զբաղվում: 
Գնաճի մակարդակի ամենատարածված ցուցանիշը սպառողական զամբյուղի գների մակարդակի փոփոխությունը, կամ սպառողական գների ինդեքսն (ՍԻ) է, որը ՀՀ-ում չափվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կողմից: ՍԻ հիմքում ընկած է չորս հարյուր ապրանքից և ծառայությունից բաղկացած սպառողական զամբյուղը: ՀՀ ԱՎԾ կողմից պարբերաբար իրականացվող տնային տնտեսությունների ծախսերի հետազոտության արդյունքում սպառողական զամբյուղում առկա չորս հարյուր ապրանքից (ծառայությունից) յուրաքանչյուրի վրա կատարված ծախսերի մեծությունը ստանալուց հետո, հաշվարկվում է ապրանքների (ծառայությունների) տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում: Այնուհետև տասնօրյակը մեկ հանրապետության տաս մարզերում (բացի Արարատի մարզից) իրականացվում է սպառողական զամբյուղում ներառված ապրանքների և ծառայությունների գների դիտարկումները: Սպառողական գների փոփոխությունների և սպառողական ապրանքների անփոփոխ կշիռների հիման վրա (Լասպեյրեսի բանաձևով) էլ հաշվարկվում է սպառողական գների ինդեքսը:
15.  Հուլիսի 1-ից գործելու է Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Դրամային ավանդների խթանման ինչ մեխանիզմներ կան, և կան արդյոք հաշվարկներ, թե դրանք ինչ ծավալներ կունենան:
Դրամային ավանդների ներհոսքը բանկային համակարգ խթանելու նպատակով դրամային ավանդների համար ՙՖիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՚ ՀՀ օրենքով սահմանվել է երաշխավորման (Հիմնադրամի կողմից հատուցման ենթակա) սահմանաչափի ավելի բարձր մակարդակ, քան սահմանված է արտարժութային ավանդների համար: Մասնավորապես, դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 2 մլն դրամի, իսկ արտարժութային ավանդի համար` 1 մլն դրամի չափով: Դա նշանակում է, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի մինչև 2 մլն դրամի չափով ավանդ, ապա Հիմնադրամը կհատուցի ավանդը ամբողջությամբ, մինչդեռ արտարժութային ավանդը կհատուցվի ամբողջությամբ, եթե վերջինիս մեծությունը չի գերազանցում 1 մլն դրամի համարժեքը:
Չնայած դրամային ավանդների ծավալների աճի կոնկրետ կանխատեսումներ չեն արվել, սակայն մեր գնահատականներով, խթանների նման համակարգի կիրառումը կհանգեցնի նրան, որ դրամային ավանդները հուլիսի մեկից հետո կաճեն ավելի արագ տեմպերով, քան արտարժութային ավանդները:

16.  Ինչպես կարելի է ձեռք բերել ՀՀ դրամանիշերը` թղթադրամները, թղթադրամների ՙնմուշները՚, մետաղադրամները և հուշադրամները: ՀՀ ԿԲ-ը չի առաքում դրամանիշեր: ՀՀ թղթադրամների, մետաղադրամների և հուշադրամների ձեռք բերման համար կարելի է դիմել ՀՀ ԿԲ-ի լիազորված դիլերներին
 17.  Տալ տեղեկութուններ ՀՀ մետաղադրամների և հուշադրամների տեխնիկական տվյալների վերաբերյալ:
 ՀՀ մետաղադրամների և հուշադրամների տեխնիկական տվյալներին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԲ-ի ինտերնետի ՙՏնային էջի՚ ՙԱզգային արժույթ՚ բաժնում:
1.  Ինչ հիմունքներով է կատարվում ընդունելությունը ՀՀ կենտրոնական բանկ:
 Հարցի պատասխանը կարող եք գտնել Համալրում ենթաբաժնում: 
2.  Ովքեր են կարող դիմել ՀՀ կենտրոնական բանկ աշխատանքի համար:  
ՀՀ կենտրոնական բանկի աշխատատեղերը կարող են համալրել  ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ մասնագետները (բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնցից չի պահանջվում մասնագիտական փորձ):
3.   Ինչ փասթաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ընդունելության համար:
 
-       Դիմումի ձև, որը կարող եք գտնել Թափուր աշխատատեղեր ենթաբաժնում,
-       դիպլոմ և դիպլոմի միջուկ (պարտադիր պայման է համարվում հայրենական կամ արտասահմանյան պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության կրթությունը` բակալավր կամ դիպլոմավորված
մասնագետի որակավորմամբ),
-       անձնագիր,
-       սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
-       զինվորական գրքույկ: Զինվորական գրքույկ ներկայացնում են զինված ուժերի շարքերից արձակվածները, իսկ զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձինք` տեղեկանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետման իրավունք
ունենալու մասին:
-       աշխատանքային գրքույկ, բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների: Առաջին անգամ աշխատանքի ընդունվողները Կենտրոնական բանկ ընդունվելիս լրացնում են դիմում (հավելված 3), իրենց համար աշխատանքային գրքույկ բացելու համար:
-       վկայագիր (գիտական աստիճան ունեցող անձինք),
-       երեխաների ծննդյան վկայականները,
-       2 գունավոր լուսանկար (3x4):
4.  Արդյոք կա որև է սահմանափակում մրցույթով չանցած դիմորդների համար ՀՀ կենտրոնական բանկ կրկնակի դիմելու դեպքում:  
Որևէ սահմանափակում չկա: Յուրաքանչյուր հայտարարվող մրցույթի կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն ցանկություն աշխատելու ՀՀ կենտրոնական բանկում և համապատասխանում են աշխատատեղի նկարագրում նշված պահանջներին:
5.  Որոնքն են Հայաստանի Հանրապետության տոնական և հիշատակի օրերը:
Հայաստանի Հանրապետության տոնական և հիշատակի օրերն են.
 
Դեկտեմբերի 31-ը Ծննդյան տոներ և Ամանոր
Հունվարի 1-ը
Հունվարի 2-ը
Հունվարի 3-ը Նախածննդյան տոներ
Հունվարի 4-ը
Հունվարի 5-ը
Հունվարի 6-ը Սուրբ Ծնունդ և Հայտնություն
Հունվարի 7-ը Սուրբ Ծնունդ և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր
Հունվարի 28-ը Բանակի օր
Մարտի 8-ը Կանանց տոն
Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 1-ը Աշխատանքի օր
Մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության տոն
Մայիսի 28-ը Հանրապետության տոն
Հուլիսի 5-ը Սահմանադրության օր
Սեպտեմբերի 21-ը Անկախության տոն ​​

 

1. Որոնք են ՀՀ-ում դրամի արժևորման պատճառները:
2003թ. վերջերից սկսած ՀՀ տնտեսությունում նկատվեց դրամի փոխարժեքի արժեքավորման գործընթաց, որն արդյունք էր և' ներքին տնտեսության և' համաշխարհային տնտեսության որոշակի զարգացումների: Դրամի արժևորման հիմնական պատճառները հետևյալն են`
 Վերջին տարիներին ԱՄՆ դոլարի թուլացումը միջազգային շուկաներում: Նշենք, օրինակ, որ միայն 2004թ. ընթացքում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 9.2%-ով: Այլ երկրների արժույթները ԱՄՆ դոլարի նկատմամբ սկսել են արժեքավորվել դեռևս ավելի վաղ` 2002թ. սկսած: Ընդ որում, քանի որ կապիտալի ներհոսքի ժամանակահատվածներն այդ երկրներում տարբեր են, տարբեր են նաև այդ շուկաներում ԱՄՆ դոլարի արժեզրկման լագային ազդեցությունները (հիմնականում ի հաշիվ միջազգային շուկաներին ինտեգրացման աստիճանի): Դրանով է պայմանավորված, որ Հայաստանում և մյուս ԱՊՀ երկրներում դոլարի արժեզրկումը սկսել է նկատվել 2003թ. երբ, ասենք Արևելյան Եվրոպայի երկրներում դա սկսվեց քիչ ավելի վաղ: ԱՄՆ դոլարի նման վարքագիծը բերեց նաև զարգացող երկրներում, այդ թվում Հայաստանում, մասնավոր տրանսֆերտների էական աճի: Հայաստանում զգալի դոլարային ներհոսքը, այսինքն դոլարային առաջարկի աճը` հիմնականում կապված է մասնավոր տրանսֆերտների ու եկամուտների ծավալների աճերի հետ: Մասնավոր տրանսֆերտները 2004թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ըստ պաշտոնական վիճակագրության աճել են 56%-ով: 2005թ. առաջին եռամսյակում ևս բանկային համակարգով ստացվող ոչ առևտրային բնույթի փոխանցումների ծավալն աճել է 43%-ով:
 ՀՀ դրամի արժեքավորման առավել հիմնարար փաստարկն ավելի երկարաժամկետ բնույթ ունի և կապված է ՀՀ տնտեսությունում վերջին ժամանակներս նկատված արտադրողականության և բարձր տնտեսական աճի հետ: Վերջինս օրինաչափ է շատ անցումային և զարգացող երկրների տնտեսությունների համար` տնտեսության աճի հետ արժևորվում է նաև փոխարժեքը:
 
2.  Ինչու են ՀՀ-ում, բացի դոլարից, արժեզրկվում նաև մյուս արժույթները:
 Քանի որ ՀՀ արտարժութային շուկայում շրջանառության ծավալի գերակշիռ մասը իրականացվում է ԱՄՆ դոլարով, ապա միայն ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքն է ձևավորվում ոչ տատանողական, շուկայական կայուն մեխանիզմով` բավարար ծավալով առաջարկի և պահանջարկի գործոնների ազդեցության ներքո: Ինչ վերաբերում է այլ ոչ էական ծավալի շրջանառություն ունեցող արժույթներին, ապա դրանց փոխարժեքը ձևավորվում է մեխանիկորեն` բացառապես ԱՄՆ դոլարի նկատմամբ այդ արժույթների միջազգային շուկաներում ձևավորված վարքագծից (փոխարժեքից) ելնելով (խաչաձև կուրսերի հիման վրա):
 
3.  Ինչ նպատակով և ինչպես է սահմանվում դրամի փոխարժեքը ՀՀ ԿԲ կողմից:
 ՀՀ ԿԲ կողմից ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը արտարժույթների նկատմամբ սահմանվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար, և ըստ ցանկության կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից: ԱՄՆ դոլարի (այլ արժույթների շրջանառությունները ՀՀ արժութային շուկայում էական ծավալ չեն կազմում) նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները սահմանվում են համաձայն ՙՀՀ տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը՚ կանոնակարգ 8-ի, նախորդ օրը արտարժութային շուկայում ձևավորված միջին կշռված փոխարժեքների հիման վրա` ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա: Մնացած արժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը սահմանվում է ԱՄՆ դոլար/այլ արժույթներ խաչաձև փոխարժեքների օգնությամբ (վերջիններս ձևավորվում են այդ երկրների կենտրոնական բանկերի կամ բորսաների գնանշումներից):
 
4. Ինչու է ԿԲ-ն նախապատվությունը տալիս գնաճի հայտարարված մակարդակի պահպանմանը և ոչ թե փոխարժեքի կարգավորմանը:
 ՀՀ կենտրոնական բանկի կողմից գների կայունությանը նախապատվություն տալն ամրագրվել է 1996թ-ին` ՙՀՀ կենտրոնակն բանկի մաիսն՚ ՀՀ օրենքով և ՀՀ կենտրոնական բանկի վարչության ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժութային քաղաքականության սկզբունքների մասին՚ 1996թ. հուլիսի 19-ի թիվ 122 որոշմամբ, երբ դրամը սահմանվել է որպես ազատ լողացող արժույթ:
 Բնականաբար այս ռեժիմի ընտրությունը ինքնանպատակ չի եղել և ունեցել է որոշ նախապայմաններ: ԿԲ առաջ ծառացել էր դրամավարկային քաղաքականության նպատակների դասական ՙեռընտրանքը՚: Նշենք, որ այս եռընտրանքը մշտապես կանգնած է ցանկացած երկրի իշխանությունների առջև, և ենթադրում է, որ կենտրոնական բանկը կարող է ընտրել և արդյունավետ կերպով միաժամանակ ապահովել քաղաքականության հետևյալ երեք նպատակներից միայն երկուսը. 
  •  փոխարժեքի ամրագրում կամ վերջինիս նեղ միջանցքի ապահովում,
  •  գների կայունություն կամ անկախ դրամավարկային քաղաքականություն, և
  •  կապիտալի ազատ շարժ:
Այն երկրները, որոնք միաժամանակ փորձել են ապահովել երեք նպատակները, հանգել են ճգնաժամի: Ցայտուն օրինակներ են Բրազիլիայի, Արգենտինայի և Ռուսաստանի ճգնաժամերը:
 Մի բան ակնհայտ էր. Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում ներմուծման բարձր ծավալների ֆինանսավորման, տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև հետագայում տնտեսական զարգացման ապահովման համար կարևոր է կապիտալ ներհոսքը: Հետևաբար որպես միջին ժամկետ նպատակ ԿԲ-ն որդեգրեց ընթացիկ հաշվի և կապիտալ հաշվի գործարքների աստիճանական ազատականացումը, ներքին արժութային շուկայի ստեղծումն ու զարգացումը, և բանկային համակարգի միջազգային ֆինանսական համակարգերին ինտեգրվելը:
 Երկրորդ խնդիրը փոխարժեքի համապատասխան ռեժիմի` ընտրությունն էր: Եթե ԿԲ-ն որպես նպատակ ամրագրեր փոխարժեքը և վերահսկեր վերջինիս վարքագիծը, կնշանակեր որ այն վերցնում է փոխարժեքի ռիսկն իր վրա: Իհարկե, սա մի կողմից մեծացնում է փոխարժեքի վարքագծի կանխատեսելիությունը տնտեսվարող սուբյեկտների համար և ապահովագրում նրանց փոխարժեքի տատանումներից: Մյուս կողմից, սակայն` նման ռեժիմը երկրին դարձնում է ավելի խոցելի արտաքին շոկերի նկատմամբ (օրինակ, երբ գործընկեր երկրների գնաճն ավտոմատ փոխանցվում է ներքին շուկա): Այդ պայմաններում երկիրը նաև բաց է սպեկուլյատիվ գրոհների համար, որը խիստ խնդրահարույց է միջազգային պահուստների ցածր մակարդակ ունեցող երկրների համար:
Բնականաբար, Հայաստանի նման անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրի համար վտանգավոր և խիստ ծախսատար կլիներ ընդունել փոխարժեքը որպես դրամավարկային քաղաքականության նպատակ: Միջազգային փորձը ցույց է տվել, որ փոխարժեքի ամրագրումը հիմնականում արդյունավետ է հիպերգնաճի դեմ պայքարի փուլում, ինչը Հայաստանն արդեն գրեթե հաղթահարել էր 1995 թվականին, և հետագա փուլն արդեն վերաբերում էր երկարաժամկետ ֆինանսական կայունության համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը: Մյուս կողմից գների կայունությունը կարևոր էր տնտեսությունում գնաճային սպասումների կայունացման, դրամի նկատմամբ վստահության մեծացմանª հետևաբար և ֆինանսական կայունության ապահովման համար:
Բնականաբար, Հայաստանի նման անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրի համար վտանգավոր և խիստ ծախսատար կլիներ ընդունել փոխարժեքը որպես դրամավարկային քաղաքականության նպատակ: Միջազգային փորձը ցույց է տվել, որ փոխարժեքի ամրագրումը հիմնականում արդյունավետ է հիպերգնաճի դեմ պայքարի փուլում, ինչը Հայաստանն արդեն գրեթե հաղթահարել էր 1995 թվականին, և հետագա փուլն արդեն վերաբերում էր երկարաժամկետ ֆինանսական կայունության համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը: Մյուս կողմից գների կայունությունը կարևոր էր տնտեսությունում գնաճային սպասումների կայունացման, դրամի նկատմամբ վստահության մեծացմանª հետևաբար և ֆինանսական կայունության ապահովման համար:
Վերը նշված խնդիրները հաշվի առնելով` 1996թ-ին ՀՀ ԿԲ-ն պաշտոնապես հայտարարեց փոխարժեքի ազատ լողացող ռեժիմի ընտրության մասին, ամրագրելով գների կայունությունը որպես վերջնական նպատակ:
 
5.   Ինչով է բացատրվում բանկերում և փոխանակման կետերում փոխարժեքների էական տարբերությունները ԿԲ կողմից սահմանված փոխարժեքներից:
 ՀՀ ԿԲ կողմից հաջորդ օրվա ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը սահմանվում է ամեն օր ժ17:45` հիմք ընդունելով տվյալ օրվա մինչև ժ16:00 ՀՀ ԿԲ հաշվետու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, որը, որպես կանոն, տարբերվում է առանձին բանկերի կողմից նշվող փոխարժեքներից: Բնականաբար հաջորդ օրը ևս արտարժույթի շուկայում նոր զարգացումների արդյունքում հնարավոր են փոխարժեքի տատանումներ և շեղումներ հաշվարկային փոխարժեքից, որոնք արդեն չեն կարող ազդել նախորդ օրը սահմանված գործող հաշվարկային փոխարժեքի վրա: Դրանք իրենց հերթին ազդեցություն կարող են ունենալ տվյալ օրը ժամը 17:45-ին հաջորդ օրվա համար սահմանվող հաշվարկային փոխարժեքի վրա:
 
6.  Շուկայից արտարժույթ գնելով, արդյոք ԿԲ-ն չի ազդում փոխարժեքի ձևավորման վրա:
 Գնաճի ծրագրավորված մակարդակն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է փողի քանակի ծավալային կարգավորում` կիրառելով դրամավարկային քաղաքականության ընդունված գործիքակազմը, որի մեջ ներառված են նաև արտարժույթի թե' առքը, թե'վաճառքը: Բնական է, որ շուկայի ցանկացած մասնակցի նման, կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առքը մեծացնում է արտարժույթի պահանջարկը, ինչպես որ կենտրոնական բանկի կողմից արտարժույթի վաճառքն ավելացնում է դրա առաջարկը` ազդելով այդպիսով շուկայում ձևավորվող փոխարժեքի վրա:
 Միևնույն ժամանակ, ՀՀ կենտրոնական բանկի գործելակերպի առանցքներից մեկը շուկայից օգտվողի կարգավիճակի պահպանումն է: Դա նշանակում է, որ
  • կենտրոնական բանկը չի միջամտում ազատ շուկայական մեխանիզմներին և իր գործունեությունն իրականացնում է շուկայի կողմից թելադրվող կանոններով,
  • ծավալային առումով կենտրոնական բանկի մասնակցությունը շուկային մեծ չէ և միտում չունի էականորեն շեղելու կամ ամրագրելու փոխարժեքը:
 Ելնելով այս բնութագրիչներից, կարող ենք պնդել ՀՀ կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն:
 
7.   Ինչ է նշանակում ՙլողացող՚ փոխարժեքի քաղաքականություն, ինչու է ԿԲ-ը որդեգրել այդ քաղաքականությունը:
 Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամենամյա հրապարակվող ՙԱրժութային կարգավորումներ և արժութային սահմանափակումներ՚ հաշվետվության մեջ տրված սահմանման`
     ՙԱզատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը նշանակում է, որ փոխարժեքը որոշվում է շուկայում և արժութային շուկային ցանկացած պաշտոնական միջամտության նպատակը ավելի շուտ փոխարժեքի փոփոխությունները չափավորելը և չափազանց մեծ տատանումները կանխելն է, քան թե դրա մակարդակը սահմանելը ՚:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է ԿԲ-ն որդեգրել այդ քաղաքականությունը, տե'ս ՙԻնչու է ԿԲ-ն նախապատվությունը տալիս գնաճի հայտարարված մակարդակի պահպանմանը, և ոչ թե փոխարժեքի կարգավորմանը՚ հարցի պատասխանը:
 
8.  Հնարավոր է դոլարի արհեստական արժեզրկում, որը ծառայի սահմանափակ թվով մարդկանց:
 Դոլարի (կամ որևէ այլ արտարժույթի) արհեստական արժեզրկում (կամ արժևորում) հնարավոր է արժութային քաղաքականության հատկապես ամրագրված փոխարժեքի ռեժիմի պայմաններում, երբ տվյալ երկրի ԿԲ-ը ամրագրում է տվյալ երկրի ազգային արժույթը այլ երկրի արժույթի կամ արժութային զամբյուղի նկատմամբ, միաժամանակ պարտավորվելով գնել և վաճառել ցանկացած քանակությամբ արտարժույթ` իր իսկ սահմանած փոխարժեքով: Նշված ռեժիմի պայմաններում փոխարժեքի արհեստական մակարդակ (և դրանով պայմանավորված արժեզրկում կամ արժևորում) հնարավոր է, երբ Կենտրոնական Բանկը սահմանի տնտեսության զարգացման մակարդակին ոչ համահունչ փոխարժեք: Լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում (ինչպիսին է ՀՀ ԿԲ-ի ներկայիս քաղաքականությունը) ԿԲ-ը փոխարժեքի ֆիքսում չի իրականացնում, այլ թույլատրում է լողալ և ազգային արժույթի փոխարժեքը որոշվում է շուկայական գործոններով` այն է արտարժութային առաջարկի ու պահանջարկի, սպասումների և այլ շուկայական գործոնների հիման վրա:
Ընդհանրապես ցանկացած տնտեսական երևույթի մասին խոսելիս անհրաժեշտ է համակողմանիորեն ուսումնասիրել դրա ազդեցությունը ամբողջ տնտեսության վրա, այլ ոչ թե առանձնացնել մեկ կամ երկու խմբեր: Բնականաբար փոխարժեքի փոփոխությունն իր ազդեցությունը կունենա արտաքին հատվածի հետ առնչվող բոլոր սուբյեկտների (արտահանողների, ներմուծողների) և իհարկե բոլոր սպառողների վրա, քանի որ փոխարժեքի փոփոխությունը նաև իր ազդեցությունը կունենա ներքին գների մակարդակի վրա: Եթե հաշվի առնենք վերջին տարիներին արժութային շուկայում իրականացվող գործարքների ծավալների աճը, ապա բավական դժվար է առանձին անհատների կամ խմբի գործողությունների միջոցով արհեստական ներգործություն ունենալ փոխարժեքի վարքագծի վրա: Սակայն նույնիսկ եթե շուկայի մասնակիցներին հաջողվի իրականացնել նման արհեստական ճնշումներ փոխարժեքի վրա, ապա ազատ լողացող փոխարժեքի պայմաններում դա կունենա բավական կարճաժամկետ բնույթ:
 
9.  Ինչու դոլարի արժեզրկումը հայրենական տնտեսությունում չի բերում դոլարով ներկրվող ապրանքների գների անկմանը:
 Նախ միանշանակ չէ, որ դոլարի արժեզրկումը չի հանգեցրել ներմուծվող ապրանքների գների նվազման: Որոշ ապրանքատեսակների գծով նկատվել է գների նվազում: Օրինակ` բենզինի գները 2005թ. առաջին եռամսյակի ընթացքում նվազել են մոտ 6%-ով (համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների), այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում նկատվել է գների աճ: Որոշակիորեն նվազել են նաև ներմուծվող կենցաղային էլեկտրոնիկայի գները:
 Ինչ վերաբերում է այն փաստին, որ մի շարք ներկրվող ապրանքատեսակների գները չեն կրել դոլարի արժեզրկման ազդեցությունը, բացատրվում է հետևյալ հանգամանքներով:
 Դրամի արժեքավորումը լագավորված (որոշ ժամանակային շեղմամբ) է ազդում ներմուծվող ապրանքների գների մակարդակի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ ներմուծողների կողմից գների սահմանումը կախված է նաև փոխարժեքի վարքագծի սպասումներից: Դրամի արժեքավորման և կայունացման առավել երկարատև ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները ճշգրտեն իրենց կողմից ներմուծվող ապրանքների գները:
 Միևնույն ժամանակ ապրանքի գինը, բացի գնման գնից կախված է նաև այլ ծախսերից` մասնավորապես աշխատավարձերից: Իսկ դոլարի արժեզրկմանը զուգահեռ արձանագրվել է նաև պահանջարկի և աշխատավարձերի աճ: Այսինքն, ներմուծվող գների կայունությունը կարելի է բացատրել նաև այս հանգամանքով:
 Ամփոփելով, նշենք որ գները հաճախ լինում են ՙկպչուն՚` շատ ապրանքների գները, պայմանավորված արգելանիվի էֆեկտով, նույն չափ ճկուն չեն նվազման ուղղությամբ, որքան աճի: Որպես կանոն, գների կպչունությունը նվազում է առավել մրցակցային շուկաներում:
 
10.  Ինչպես կարող են նոր օրենսդրական փոփոխությունները` ՙԱրժութային կարգավորման և արժութային վերահսկողության՚ օրենք և այլն, ազդել փոխարժեքների վրա:
 ՙԱրժութային կարգավորման և արժութային վերահսկողության՚ մասին օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում տնտեսությունում տեղի է ունենալու դրամայնացման խորացում, դրամի շրջանառելիության ընդլայնում, որը բերելու է դրամի նկատմամբ պահանջարկի աճի: Այլ հավասար պայմաններում, այս երևույթը փոխարժեքի վրա կունենա արժեքավորման ազդեցություն: նաճի վրա այս երևույթը ազդեցություն չի ունենա այնքանով որքանով տեղի կունենա արժույթի փոխարինման էֆեկտ, որը հիմնականում կներառի խնայողությունները: Կենտրոնական բանկ, հաշվի առնելով վերընշված գործոնների ազդեցությունը, իրականացնելու է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն` ավելացնելով դրամի առաջարկը տնտեսությունում, որպեսզի բավարարի դրամի նկատմամբ պահանջարկի լրացուցիչ աճը: ԿԲ-ն արդեն իսկ տարեսկզբից ակտիվորեն կիրառում է դրամավարկային քաղաքականության իրացվելիություն ներարկող գործիքներ` հիմնականում արտարժույթ գնելու միջոցով:
 
11.  ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունն արդյոք չի նպաստում դրամի ամրապնդմանը:
 Դրամի ամրապնդման մասին խոսելիս անհրաժեշտ է քննարկել ոչ թե անվանական, այլ իրական փոխարժեքի վարքագիծը: Վերջինս մի կողմից երկարաժամկետ հատվածում որոշվում է ՀՀ տնտեսության արտաքին մրցունակությունը բնութագրող ցուցանիշների` հարաբերական աշխատավարձերի, արտադրողականության և գների մակարդակի, ազդեցություններով:
 Մյուս կողմից, իրական փոխարժեքը ձևավորվում է գործընկեր երկրների անվանական փոխարժեքների և գները միջոցով: Քանի որ երբ երկարաժամկետ հատվածում իրական փոխարժեքը տրվում է արտաքին մրցունակության վերոնշյալ ցուցանիշների փոփոխություններով, ապա անվանական փոխարժեքի վարքագիծը, այլ հավասար պայմաններում (գործընկեր երկրների փոխարժեքի և գների կայունություն), ուղղակիորեն կապվում է գների կարգավորման գործընթացի հետ: Այսինքն, երբ ԿԲ-ը նպատակադրում է ցածր գնաճի ապահովումը, ապա այս մոտեցումն ինքնին նպաստում է անվանական փոխարժեքի կայունությանը, և հատկապես ֆինանսական ներհոսքի դեպքում, դրամի ամրապնդմանը:
 2004թ. դիտված ֆինանսական մեծածավալ ներհոսքի և ԿԲ կողմից գների ցածր ու կայուն մակարդակի ապահովման պայմաններում դրամն ամրապնդվել է: Դրա կարևորագույն դրսևորումներից էր դրամի հանդեպ վստահության աճն ու տնտեսության դոլարայնացման աստիճանի նվազումը, ինչն ակնհայտ արտահայտվեց հատկապես 2005-ի առաջին եռամսյակում: Խնայողությունների դրամայնացման գործընթացն ինքնին չի պարունակում գնաճային ներուժ, ինչն էլ հնարավորություն է տվել ԿԲ-ին առանց գնաճային ճնշումներ առաջացնելու արտարժույթի փոխարինված գրեթե ողջ ծավալը գնել շուկայիցª ապահովելով դրամի առավել մեծ քանակություն, քան ծրագրված էր 2005 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրով:
 
12.  Ինչպես է անդրադառնում դրամի փոխարժեքն արդյունաբերության զարգացման և արտահանման աճի վրա:
 Դրամի փոխարժեքի ազդեցությունն արդյունաբերության վրա հարկավոր է քննարկել մի քանի տեսանկյունից: Եթե խոսքը գնում է արդյունաբերության երկարաժամկետ զարգացման մասին, ապա արդյունաբերության զարգացման հիմնական գրավականը նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների միջոցով արտադրողականության աճն է, այլ ոչ արհեստական սուբսիդիաների (այդ թվում փոխարժեքի արհեստական արժեզրկման միջոցով գնային սուբսիդիաների) միջոցով ոչ արդյունավետ ձեռնարկությունների մրցունակության ապահովումը: Սակայն փոխարժեքի շարժերը կարող են կարճաժամկետ ազդեցություններ ունենալ` ընդլայնելով կամ սահմանափակելով ձեռնարկության հնարավորություններն օգտվելու նոր տեխնոլոգիաներից:
 Կարճաժամկետ ժամանակահատվածում արժեքավորումը ներքին արտադրողներին տալիս է էժան սարքավորումներ և տեխնոլոգիաներ ներմուծելու հնարավորություն` հետևաբար և հետագայում արտադրողականության աճի հնարավորություն: Դրա հետ մեկտեղ կրճատվում են ներմուծված հումքով աշխատող ձեռնարկությունների ծախսերը: Սակայն մյուս կողմից դրամի արժևորումը կարող է հանգեցնել արտահանողների համար եկամտի կարճաժամկետ կորստի: Արժեզրկման դեպքում տեղի է ունենում հակառակը:
 Ընդ որում արհեստականորեն արժեզրկված փոխարժեքի պահպանումն, ըստ էության սուբսիդիայի տրամադրում է արտահանողներին, որը նրանց տալիս է արհեստական գնային մրցունակություն: Փաստորեն փոխարժեքի պահպանման միջոցով կարճաժամկետ ՙտանիք՚ ստեղծելով արտահանողների համար, վտանգի տակ են դրվում նրանց իսկ երկարաժամկետ զարգացման հիմքերը` այն է արտադրողականության աճը: Պետությունն, իհարկե, կարող է ունենալ սուբսիդիաների և խթանների ծրագիր, սակայն հարկ է նկատել, որ դրամավարկային և արժութային քաղաքականությունները դրա լավագույն գործիքը չեն` թե' թափանցիկության, թե' սուբսիդիաների կոնկրետ հասցեագրման և արդյունավետության տեսակետից:
 
13.  Կարծիք կա, որ դոլարի արժեզրկման արդյունքում արտահանողները տուժում են, իսկ ներմուծողները` շահում: Արդյոք որևէ ձևով հնարավոր է հավասարակշել այդ անհամամասնությունները:
 Փոխարժեքի և արտահանման ու ներմուծման միջև կապը քննարկելիս սովորաբար դիտարկվում է երկրի իրական արդյունավետ փոխարժեքի վարքագիծը, որը հաշվի է առնում ոչ միայն անվանական փոխարժեքը, այլև գործընկեր երկրների գնաճն ու փոխարժեքը: Մրցունակության գնահատման առումով հարկ է նշել, որ իրական արդյունավետ փոխարժեքը ՀՀ-ում արժևորվել է միայն 2004թ., և այն էլ մոտ 4%-ով միայն: Դա արդյունք է այն փաստի, որ մեր հիմնական գործընկեր երկրներում նույնպես տեղի է ունեցել ազգային արժույթի արժևորում:
 Ներքին գների փոփոխությունները ներմուծողի վրա ազդում է ուղղակիորեն, քանի որ վերջինիս եկամուտները տեղական արժույթով են: Սակայն արտահանողի վրա ներքին գների ազդեցության չափը կարճաժամկետում կախված է որոշակի պայմաններից: Օրինակ, արդյոք ներքին գների աճին արագ կարձագանքեն աշխատավարձերը (ինչը կմեծացնի արտահանողի ծախսերը), արդյո±ք արտահանողն օգտագործում է ներքին, թե ներմուծված հումք, արդյո±ք արտահանողի իրացման շուկան միայն արտաքինն է, թե նաև ներքինը:
 Փոխարժեքի արժեքավորման դեպքում արտահանողները, ինչպես նաև ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը ստանում է արտարժութային եկամուտներ ունենում է կորուստներ այդ եկամուտները ազգային արժույթի փախարկելու հետևանքով: Մյուս կողմից շահում են այն տնտեսվարող սուբյեկտները որոնք ներմուծում են սպառման ապրանքներ և սպառում են ներմուծված ապրանքներ: Մասնավորապես, սպառողների համար էժանանում են ներմուծված ապրանքները, ձեռնարկությունների համար` ներմուծված հումքը և մեքենաներն ու սարքավորումները: Ավելացնենք նաև, որ շահավետ է դառնում ներդրումներ իրականացնել տվյալ երկրում, քանի որ ավելանում է այդ ներդրման կամ դրա դիմաց տրված շահաբաժնի արտարժութային արժեքը:
 Քանի որ հաճախ տնտեսավարող սուբյեկտները միայն ներմուծողներ կամ միայն արտահանողներ չեն` ներմուծողները նաև արտահանում են, և արտահանողները ներմուծում են հումք և սարքավորումներ, նույնիսկ կարճաժամկետ հատվածի համար դժվար է ասել թե երկրի տնտեսության ներսում փոխարժեքի արժեքավորման դեպքում կորուստներն ու եկամուտներն ինչպես վերաբաշխվեցին արտահանողների, ներմուծողների, տեղական արտադրողների և սպառողների միջև:: Հասարակության այս տարբեր խմբերի միջև անհամամասնությունների հարթեցման առումով կարևոր է հիշել որ դրամավարկային քաղաքականությունը չի հանդիսանում եկամուտների վերաբաշխման արդյունավետ գործիք: Այդ իսկ պատճառով սովորաբար քաղաքականություն մշակողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում քաղաքականության արդյունքում երկարաժամկետ կորուստներին կամ օգուտներին` ընդ որում ամբողջ տնտեսության մասշտաբով, այլ ոչ թէ հասարակության որևէ խմբի: Դա էր հենց պատճառը, որ բազմաթիվ անցումային երկրներում թեև վերջին մի քանի տարիներին դիտարկվում էր իրական փոխարժեքի քրոնիկ արժեքավորում, սակայն գերապատվությունը տրվում էր գների կայունությանը:
 Նման քաղաքականության հիմքում բազմաթիվ տնտեսագետների և քաղաքական գործիչների այն համոզմունքն է, որ անցումային և զարգացող երկրներում, որոնք ակտիվ կերպով ներգրավված են միջազգային տնտեսական ինտեգրացման գործընթացում (աճում են արտաքին առևտրի ծավալները կամ առկա է զգալի կապիտալ ներհոսք), ներքին տնտեսությունում պետք է ունենան արտադրողականության աճ: Այս պայմաններում իրական փոխարժեքի արժևորումը բնականոն երևույթ է, որին զուգընթաց էլ ավելի պետք է կարևորվի ներքին գների կայունությունըª հատկապես անցումային շրջանում եկամուտների բևեռացվածությամբ բնութագրվող հասարակության բարեկեցության բարձրացման նպատակով:
 
23.  Ինչով են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:
 Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի և դրանց փոփոխությունների ազդդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետևանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաև մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձևավորվող սպասումները: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տևական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ օրինակ ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) և կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:
Վերջին երկու տարիների ընթացքում արձանագրվել է արտարժույթի էական ներհոսք Հայաստան և այդ երևույթը դեռևս շարունակվում է: Սրա ներքո դրամի փոխարժեքը հիմնականում միտված է արժեքավորման: Սակայն դա բնավ չի բացառում կարճաժամկետ թույլ և համետաբար կտրուկ տատանումներն, որոնք որպես կանոն պայմանավորված են լինում սեզոնային գործոններով:
 
24.  Կարծիքներ կան, որ ԿԲ-ն արհեստականորեն ձևավորում է դրամի փոխարժեքը
Արժութային շուկային ԿԲ-ի միջամտությունն իրականացվում է արտարժույթի առք, վաճառք, արտարժույթի ներգրավման ու տրամադրման սվոփ գործառնությունների միջոցով: Նման միջամտության նպատակը փողի զանգվածի կառավարման միջոցով գների կայունության ապահովումն է (փոխարժեքի վրա նման միջամտության ազդեցության վերաբերյալ տես ՙՇուկայից արտարժույթ գնելով, արդյոք ԿԲ-ն չի ազդում փոխարժեքի ձևավորման վրա՚ հարցի պատասխանը): Արժութային շուկային ԿԲ-ի միջամտությունը որոշ դեպքերում կարող է կապված լինել նաև փոխարժեքի կտրուկ տատանումների հարթման անհրաժեշտության հետ: Փոխարժեքի կարճաժամկետ թռիչքաձև տատանումների հարթումը ֆինանսական կայունության անհրաժեշտ նախադրյալներից է և կարող է իրականացվել ԿԲ-ի հիմնական նպատակին չհակասելու պարագայում: Նշված կտրուկ տատանումները որպես կանոն կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի ավելացման կամ կրճատման արդյունք են, ինչպես նաև ֆինանսական շուկայում ձևավորված սպասումների փոփոխության հետևանք, ուստի դրանց հարթումը հնարավոր է դառնում արժութային շուկային համեմատաբար փոքրածավալ միջամտության միջոցով: Փոխարժեքի ՙարհեստական՚ ձևավորումը ենթադրում է ազատ շուկայական մեխանիզմների ներքո ստացված հավասարակշրռված փոխարժեքից տարբերվող փոխարժեքի ձևավորում, որը կպահանջեր միջամտության շատ ավելի մեծ ծավալներ և կանոնավոր բնույթ ու հնարավոր կլիներ միայն ԿԲ-ի հիմնական խնդրից հրաժարվելու պարագայում:
Ինչ վերաբերում է ԿԲ-ի կողմից սահմանվող փոխարժեքին, տես ՙԻնչ նպատակով և ինչպես է սահմանվում դրամի փոխարժեքը ՀՀ ԿԲ կողմից՚ հարցի պատասխանը:
 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Next