ՀՀ Կենտրոնական բանկի մասին
Պատմություն
Դրամաշրջանառություն.Առաջին հիշատակումից մինչև XX դար.
Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք եզակի նմուշներով գտնված աքեմենյան, միլեթյան և աթենական արծաթե դրամներ են: Հայտնի է, որ դեռևս Ք.ա. IV դարում Հայաստանի Աքեմենյան սատրապներ Տիրիբազոսը և Օրոնթոսը իրենց դիմապատկերներով դրամներ էին հատում:
Մետաղադրամները Հայաստանում մեծ տարածում են գտել հելլենիստական դարաշրջանի (Ք.ա. IV դարի երկրորդ կես) սկզբից: Միջազգային առևտրի շնորհիվ Ալեքսանդր Մակեդոնացու (Ք.ա. 356- 323 թթ.) արծաթե դրամները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցում էին հայկական շուկաներ:
Հելլենիստական ժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին` դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը` հունարեն գրերով:
Ք.ա. III դարի երկրորդ կեսից Ծոփքի հայ արքաները` Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը և այլք պղնձե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական դրամներ:
Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից (Ք.ա. 189 թ. - Ք.հ. 1 թ.) մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ: Հայկական դրամները միջազգային շրջանառություն են ունեցել Տիգրան Մեծի գահակալության տարիներին (Ք.ա. 95-55 թթ.): Դրանք հատվել են ինչպես Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ), այնպես էլ Սիրիայում (Անտիոք, Դամասկոս):
Արշակունյաց հարստության (66-428 թթ.) դրամներ հայտնի չեն: Սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հարևան երկրների` հիմնականում Հռոմի կայսրության և Պարթևական թագավորության դրամներով: Ավելի ուշ շրջանառվել են նաև Սասանյան հարստության և Բյուզանդական կայսրության դրամները:
Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից հետո դրամաշրջանառությունը կատարվել է Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ` Աբբասյանների դրամներով: Արաբական խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվել են արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և սահմանափակ քանակով ոսկե դինարներ:
X դարի վերջից արծաթե դիրհեմներին փոխարինում են բյուզանդական ոսկե դրամները, որոնք տարածաշրջանում կատարում են համաշխարհային դրամի դեր: Զուգահեռ շրջանառության մեջ սկսում են թափանցել նաև սելջուկ տիրակալների մետաղադրամները:
Բագրատունյաց հարստության (885-1045 թթ.) ժամանակաշրջանում դրամներ չեն հատվել, թեև հայտնի է Լոռվա Բագրատունիների ճյուղից սերված Կորիկե Բ արքայի (1048-1100 թթ.) պղնձե դրամը: Սա հայկական գրերով առաջին հայտնի մետաղադրամն է:
XI դ. վերջին Փոքր Հայքի և Ծոփքի տարածքում հիմնադրվում է Կիլիկյան Հայոց պետությունը (1080-1375 թթ.), որը ներառում է երկու ժամանակաշրջան` Մեծ իշխանապետության և թագավորության: Իշխանապետության շրջանի
(1080- 1198 թթ.) մետաղադրամները հայտնի են առանձին նմուշներով: Թագավորության շրջանի (1198 -1375 թթ.) մետաղադրամները բազմազան են և հասել են մեզ համեմատաբար մեծ քանակով: Կիլիկյան պետության թողարկումներից հայտնի են արծաթե, բիլոնե (համաձուլվածք` արծաթի ցածր պարունակությամբ), պղնձե և շատ սահմանափակ քանակով ոսկե դրամներ: Ոսկե դրամները կոչվել են դահեկան, արծաթե դրամները` դրամ, թագվորին, իսկ պղնձե դրամները` դանգ, քարտեզ, փող: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայերեն մակագրություններով և խաչի պատկերով. Հեթում Ա թագավորը (1226-1269 թթ.) դրվագել է նաև, այսպես կոչված, երկլեզվյան դրամներ (հայատառ և արաբատառ մակագրություններով):
XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններ են թափանցում վրաց թագավորների` հիմնականում պղնձե և սակավաթիվ քանակով` արծաթե դրամները: XIII դարի 30-ական թվականներից սկսած Հայաստանի դրամաշրջանառության մեջ երևում են մոնղոլական տիրակալների դրամները` արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը:
Հետագայում դրամաշրջանառությունը Հայաստանում սպասարկվում է թուրքական ծագման մահմեդական տոհմերի դրամներով:
XVI դարից սկսած Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվում է հիմնականում Իրանական շահերի դրամներով:
XVII դարում նկատվում է արևմտաևրոպական թալերների զանգվածային թափանցում Հայաստանի դրամաշրջանառության ոլորտ:
Մինչև XIX դարի սկիզբը Հայաստանի արևելյան մասում դրամաշրջանառության սպասարկումը կատարվում է պարսկական, իսկ արևմտյան մասում` թուրքական տիրակալների դրամներով:
Ռուսաստանի կայսրության կազմում ընդգրկվելուց հետո Հայաստանում սկսվում է դրամաշրջանառության նոր շրջան: Շրջանառության մեջ են մտնում Ռուսաստանի կայսրության դրամական թողարկումները, առաջին անգամ` թղթադրամները: Փետրվարյան հեղաշրջումից հետո Հայաստանում սկսում են շրջանառել են նաև Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության թղթադրամները: