ՀՀ կենտրոնական բանկի մասին
Պատմություն
Դրամաշրջանառությունը 1918-1924թթ.
1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, դուրս գալով Ռուսաստանի կայսրության կազմից, ստեղծում են անկախ միավորում` Անդրկովկասյան կոմիսարիատ: 1918 թ. փետրվարին Անդրկովկասյան կոմիսարիատը շրջանառության մեջ է դնում իր դրամանիշերը` բոները 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Առաջին անգամ թղթադրամներին հայտնվում են նաև հայերեն մակագրություններ: Հայ դրամագետները վերջիններս դիտարկում են որպես առաջին հայկական թղթադրամներ:
1918 թ. մայիսի 28-ին անկախ հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1919 թ. շրջանառության մեջ մտցրեց Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերը: 1920 թ. ամռանը շրջանառության մեջ մտան 1919 թ. թվագրված թղթադրամները` 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Դրանց ձևավորումը կատարել են Հ. Կոջոյանը և Ա. Ֆեթվաջյանը, իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում "Waterlow and Sons Ltd" ընկերության կողմից: Այս թողարկումն առանձնանում է յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների և զարդանախշերի գեղարվեստական օգտագործմամբ:
1921 թ. շրջանառության մեջ է դրվում Պետբանկի Երևանի բաժանմունքի 10000 ռուբլի անվանական արժեքով չեկը: Ավելի ուշ թողարկվում են 1921 թ. նմուշի 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները: Թղթադրամների շարքի թողարկումները շարունակվում են. շրջանառության մեջ են մտցվում 1922 թ. նմուշի 25000, 100000, 1 միլիոն և 5 միլիոն ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները, ինչպես նաև 5 միլիոն ռուբլի արժողությամբ պարտագիրը:
1922 թ. Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները միավորվում են §Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միության¦ (ԱՍԽՀՖՄ) մեջ և թողարկում հետևյալ անվանական արժեքներով դրամանիշերը` 1000, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1 մլն, 5 միլիոն և 10 միլիոն ռուբլի:
1922 թ. դեկտեմբերի 13-ին ԱՍԽՀՖՄ-ն վերակազմավորվում է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱՍՖՍՀ): 1923 թվականին թողարկվում են նաև հետևյալ թղթադրամները` 25, 50, 75, 100, 250 միլիոն և 1 ու 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքներով: 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամը շրջանառության մեջ չի մտցվում: 1923 թվականով թվագրված պատրաստվում է նաև 1 չերվոնեց անվանական արժեքով պարտագիրը, որը նույնպես շրջանառության մեջ չի մտցվել:
Կարճ ժամանակահատվածում վերոնշյալ դրամանիշերը փոխարինում են իրար: Սակայն դեռևս 1920 թ. դեկտեմբերի 20-ի դեկրետով Խորհրդային Հայաստանի իշխանությունները հայտարարել էին պարտադիր նաև ռուսական խորհրդային դրամանիշերի շրջանառությունը:
Խորհրդային Միության կազմավորմամբ և 1924 թ. ապրիլի 15-ի դրամական բարեփոխմամբ ու պետական հրամանագրով որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով փոխանակելու մասին: