1993 թ. նոյեմբերի 22-ին ժամը 00-ից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվեցին 1993 թ. նմուշի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց բանկային տոմսերը: Փոխանակման համար ընդունվել էր 1 դրամ = 200 ռուբլի հարաբերությունը:
Հայաստանի Հանրապետության տարածքում 1993 թ. նոյեմբերի 22-ից ՀՀ դրամի հետ ժամանակավոր շրջանառության մեջ մնացին նաև Խորհրդային Միության 1961-1992 թվականների նմուշների 1-ից մինչև 500 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները: Վերջիններս Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունից ամբողջությամբ դուրս բերվեցին 1994 թվականի մարտի 17-ին:
1994 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեցին առաջին շարքի ալյումինե մետաղադրամները` 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով:
1994 թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեցին 1994 թ. նմուշի 1000 դրամ, իսկ 1995 թ. սեպտեմբերի 6-ին` 1995 թ. նմուշի 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները:
1998 թ. սկսած թողարկվել են 50, 100, 500, 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքներով թղթադրամների երկրորդ շարքի թողարկումները, որոնք իրենց պաշտպանվածությամբ, երկարակեցությամբ, պատրաստման որակով և ձևավորմամբ բավարարում են ժամանակակից թղթադրամների տպագրության պահանջներին:
2001 թ. հունիսի 4-ին ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվել 50000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
2004-2005 թթ. շրջանառությունից դուրս են բերվել 1993-1995 թթ. նմուշի և 1998 թ. նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքներով թղթադրամները: Դրանք դադարել են օրինական վճարամիջոց լինելուց, թեև փոխանակվում են իրենց անվանական արժեքներով ՀՀ տարածքում գործող բանկերում և ՀՀ կենտրոնանան բանկում` առանց սահմանափակումների:
2003-2004 թթ. շրջանառության մեջ են դրվել երկրորդ շարքի մետաղադրամները` 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով:
2009 թ. օգոստոսի 24-ից շրջանառության մեջ է դրվել հիշատակային թղթադրամը` 100000 դրամ անվանական արժեքով: Թղթադրամի վրա պատկերված է Եդեսիայի թագավոր Աբգար Ե-ն: Համաձայն հայոց պատմիչների, նա եղել է ազգությամբ հայ առաջին թագավորը, որն ընդունել է քրիստոնեություն և Հայ Առաքելական եկեղեցու կողմից դասվել սրբերի կարգին:
1994 թ. սկսած ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է մի քանի տասնյակ հուշադրամներ` ոսկուց, արծաթից և պղինձ-նիկելի համաձուլվածքից: