Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ձգտում է իր աշխատատեղերը համալրել բանիմաց, գիտելիքների հարուստ պաշար ունեցող, միաժամանակ աշխատասեր և պատասխանատու աշխատակիցներով` ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ հեռանկարային մասնագետներով:
Փորձառու մասնագետները համալրում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թափուր աշխատատեղերը մասնակցելով հայտարարվող մրցույթներին:
Մրցույթներն ընթանում են հետևյալ փուլերով`
- Փաստաթղթային փուլ. Լրացված դիմումների հիման վրա ընտրվում են աշխատատեղի պահանջների առավել համապատասխանող Դիմորդները:
- Նախնական գնահատման փուլ. Դիմումների հիման վրա փաստաթղթային ընտրությունն անցնելուց հետո, 4 և ավելի դիմորդների առկայության դեպքում, դիմորդները հրավիրվում են նախնական հարցազրույցի: Հարցազրույցի բավարար արդյունքի դեպքում նրանք անցնում են գնահատման հաջորդ փուլ: Մինչ մրցույթի վերջնական գնահատման փուլը, դիմորդներն անցնում են անձնային թեստ` տվյալ աշխատատեղին անհրաժեշտ հմտությունների, գործարար որակների ստուգման, ինչպես նաև հետագայում դրանք զարգացնելու նպատակով:
- Վերջնական գնահատման փուլ.
Վերջնական գնահատման փուլն անց է կացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ատեստացիոն հանձնաժողովի կողմից, որը հենց նիստի ժամանակ որոշում է մրցույթի անցկացման ձևը.
- Գրավոր առաջադրանք. Դիմորդներին տրվում է երկու հարց (մրցութային հարցաշարը կցվում է հայտարարությանը) և 1 իրավիճակային խնդիր, 3 ժամ այդ հարցերի պատասխանները գրավոր շարադրելու համար: Աշխատանքը կատարվում է համակարգչով:
- Հարցազրույց. Դիմորդներին առաջարկվում է պատասխանել մի քանի հարցերի` գնահատելու համար գիտելիքների և գործարար որակների համապատասխանությունը տվյալ աշխատատեղին:
- Երկու փուլով` գրավոր առաջադրանք և հարցազրույց:
Մրցույթի արդյունքների մասին դիմորդները տեղեկացվում են:
Երիտասարդ մասնագետները (բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որիցից չի պահանջվում մասնագիտական փորձ) կարող են աշխատանքի ընդունվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` մասնակցելով «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի կողմից կազմակերպվող "ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց եռամսյա ուսումնական ծրագրին: Ծրագիրը բարձր միավորներով ավարտած ունկնդիրները հրավիրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կազմակերպվող հարցազրույցի, որն էլ հաջողությամբ անցնելու դեպքում ընդունվում են աշխատանքի: