ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԲ-ի կառավարումը
Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա տեղակալից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը Կենտրոնական բանկի խորհրդի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը` հինգ տարի ժամկետով: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոն զբաղեցնել
Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը Կենտրոնական բանկի նախագահն է: Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ` վեց տարի ժամկետով և պատասխանատու է Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար: Կենտրոնական բանկի նախագահը կոորդինացնում է Կենտրոնական բանկի բնականոն աշխատանքը, ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:Նախագահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, իսկ տեղակալի բացակայության կամ նրա պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին նշանակում է ՀՀ նախագահը` վեց տարի ժամկետով: Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը, ինչպես նաև խորհրդի անդամները, չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կատարել այլ աշխատանք, բացառությամբ գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից: